«Պետք է «հոգու մութ գիշերն» անցնել խոնարհությամբ»:
Փետրվարի 14-ին՝ Մեծ Պահքի սկզբին, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը «արատներ և առաքինություններ» թեմայի վերաբերյալ և ընդհանուր ունկնդրության ժամանակ խորհրդածեց վհատության մասին, որը շատ վտանգավոր արատ է և անհնար է շփոթել ծուլության հետ:
Նորին Սրբության խոսքերի համաձայն, վհատության զոհը ընկճված է ու համակված անէությամբ. նման հոգեվիճակում գտնվող մարդը զզվում է ամեն ինչից, նրա հարաբերությունները Աստծո հետ դառնում են ձանձրալի, և նույնիսկ ամենասուրբ արարքները, որոնք մինչ այդ ուրախացնում և ջերմացնում էին նրա սիրտը, անիմաստ ու անօգուտ են թվում: Մարդն ափսոսում է թռչող ժամանակի և անցած երիտասարդության համար, ընդգծեց Սրբազան Քահանայապետը:
Վհատությունը կամ «կեսօրյա դևը» մարդու վրա է հարձակվում օրվա կեսին, երբ մարդն արդեն իսկ հոգնած է և թվում է, թե ժամանակը կանգ է առել: Վանական Եվագրոս Պոնտացին այդ հոգեվիճակը նկարագրում է հետևյալ կերպ. մշտական հոգնածություն, շարժառիթի կորուստ և հոգևոր հարցերի անտեսում: Այս ամենը, ընդգծեց Նորին Սրբությունը, թե՛ հոգեբանական, թե՛ փիլիսոփայական տեսանկյունից հիշեցնում է դեպրեսիա. վհատությամբ համակված մարդու համար կյանքը կորցնում է իր իմաստը, աղոթքը դառնում է ձանձրալի և ամեն մի պայքար անիմաստ է թվում: Եթե երիտասարդության տարիներին ունեցել է ուժեղ հույզեր, ապա հիմա դրանք դիտում է որպես անտրամաբանական երազանքներ, որոնք այդպես էլ երջանկություն չբերեցին: Դրա համար էլ ցրվածությունն ու դատարկ միտքը թվում են միակ ելքը. մնալ թմրության մեջ և ընդարմացած, կյանքն ապրել մեռածի պես:
Ըստ Սրբազան Քահանայապետի՝ վհատության մեջ գտնվող մարդը ցանկանում է լինել այլ վայրում, փախչել իրականությունից, սակայն պետք է մնալու քաջություն ունենալ՝ Աստծո հետ այստեղ և հիմա հանդիպելու համար: Վհատության դևի նպատակն է ոչնչացնել մեր սիրո պատմության պարզ ուրախությունը Աստծո հետ, այդ իսկ պատճառով պետք է վճռական պայքար մղել այդ արատի դեմ, ասաց Նորին Սրբությունը և հիշեցրեց, որ հոգևոր ուսուցիչները պայքարի տարբեր միջոցներ են առաջարկում, սակայն առաջինը համբերությունն է հավատքի մեջ: Սրբերն իրենց օրինակով մեզ սովորեցնում են «հոգու մութ գիշերն» անցնել խոնարհությամբ, ունենալ ավելի իրատեսական նպատակներ՝ համառելով և ապավինելով Հիսուսին, Ով երբեք մենակ չի թողնում գայթակղության մեջ:
Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետն ասաց ուխտավորներին.
«Վհատությամբ փորձված հավատքը չի կորցնում իր արժեքը: Ընդհակառակը, այն ճշմարիտ հավատք է, հենց այն մարդկային հավատքն է, որն անտեսելով իրեն կուրացնող խավարը՝ խոնարհաբար ապրում է: Հենց այդ հավատքն է միշտ մնում մարդու սրտում՝ որպես ածուխի մոխիրներ, եթե որևէ մեկը գայթակղվի և վհատության մեջ ընկնի, ապա թո՛ղ դեպի ներս նայի և փորձի պահպանել հավատքի ածուխները»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը