• Մարդավաճառության նկատմամբ անտարբերությունը քեզ մեղսակից է դարձնում դրան

    «Բացել աչքերն ու ականջները, տեսնել անտեսանելին և լսել համրերին, ճանաչել և ընդունել ամեն մի մարդու արժանապատվությունը»:


    Փետրվարի 8-ին՝ Սբ. Ժոզեֆինա Բախիտայի ծիսական հիշատակի օրը, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հրապարակեց  ուղերձ՝ մարդավաճառության դեմ պայքարի Համաշխարհային X օրվա կապակցությամբ:

     

    Նորին Սրբությունը կոչ է անում բարի կամքի տեր բոլոր մարդկանց «հետևել» Սբ. Բախիտային, ով սուդանցի միանձնուհի էր և մանկության տարիներին վաճառվել էր ստրկության ու դարձել մարդավաճառության զոհ: Նա ունեցել է տառապանքներով ու անարդարությամբ լեցուն կյանք, սակայն անխոնջ ու անդադար քայլել է դեպի ազատոթյուն և վերածնվել նոր կյանքի համար: Սրբազան Քահանայապետի խոսքերի համաձայն, Սբ. Բախիտան կոչ է անում մարդկանց «բացել աչքերն ու ականջները, տեսնել անտեսանելին և լսել համրերին, ճանաչել և ընդունել ամեն մի մարդու արժանապատվությունն ու գործել ժամանակակից ստրկավաճառության և շահագործման բոլոր ձևերի դեմ»:

     

    Նորին Սրբությունն ընդգծում է, որ ԶԼՄ-երը՝ խիզախ լրագրողների շնորհիվ, բացահայտում են մեր ժամանակների ստրկությունը, սակայն հասարակությունն ապրում է «անտարբերության մշակույթի» մեջ: Իսկ այդ ամենը տեսնելու համար անհրաժեշտ է արձագանքել, բացել սրտերը մեր մեծաթիվ քույրերի և եղբայրների համար, ովքեր շահագործվում են՝ որպես ստրուկներ: Մարդավաճառության դեմ պայքարելու համար պետք է «լսել, երազել և գործել»:

     

    Շատ կարևոր է ուշադրությունը հակամարտության, պատերազմների, կլիմայի փոփոխության, սեռական և աշխատանքային շահագործման ենթարկվող զոհերի, բռնի տեղահանված գաղթյալների նկատմամբ: Պետք է լսենք նրանց օգնության աղաղակը, ներթափանցենք նրանց հետ պատահածի խորքերը և միասին «փորձենք երազել այնպիսի աշխարհի մասին, որտեղ մարդիկ ապրում են ազատ ու արժանապատիվ»:

     

    Սրբազան Քահանայապետը այդ երազանքն իրականություն դարձնելու կոչ է անում՝ մարդավաճառության դեմ պայքարելով և գործելով Հիսուս Քրիստոսի զորությամբ. «Աղոթե՛նք և անհատապես գործե՛նք ընտանիքներում, ծխական և վանական համայնքներում, եկեղեցական միություններում և շարժումներում, սոցիալական տարբեր ոլորտներում և քաղաքականության մեջ»:

     

    Նորին Սրբությունն ընդգծում է, որ մարդավաճառության դեմ պայքարը պետք է սկսել այդ արատավոր երևույթի հիմքերից, արմատախիլ անել դրա պատճառները, մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները՝ դրա դեմ պայքարելու և զոհերի արժանապատվությունը վերականգնելու համար. «Եթե մենք փակենք մեր աչքերն ու ականջները, եթե որևէ քայլ չանենք դրա դեմ պայքարելու համար, ապա կդառնանք մեղսակիցներ»։

     

    Ուղերձի ավարտին Սրբազան Քահանայապետը ջերմորեն շնորհակալություն է հայտնում և օրհնում նրանց, ովքեր պայքարում են ստրկավաճառության և շահագործման բոլոր ձևերի դեմ՝ եղբայրության և խաղաղության քաղաքակրթություն կառուցելու համար։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց