«Կա մեկ իսկական տխրություն, որը սուրբ չլինելն է»:
Փետրվարի 7-ին՝ Պողոս VI սրահում, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը «արատներ և առաքինություններ» թեմայի վերաբերյալ և ընդհանուր ունկնդրության ժամանակ խորհրդածեց տխրության մասին, որը մարդուն զրկում է ուրախությունից և հույսից:
Նորին Սրբության խոսքերի համաձայն, ճգնավոր հայրերը կարևոր տարբերակումներ են արել. քրիստոնեական կյանքի պատշաճ տխրությունը, որն Աստծո շնորհով վերածվում է ուրախության և մեզ տանում դեպի փրկություն: Այսինքն՝ այդ տխրությունը հառաչանք է սեփական մեղքերի և կորցրած մաքրության համար: Հենց այդպիսի տխրություն ապրեց անառակ որդին՝ Հիսուսի պատմած առակներից մեկում (տես՝ Ղկ. 15,11-32):
Իսկ տխրության մյուս տեսակը գցում է հուսահատության մեջ և չարից է: Խոսքը վերաբերում է հոգու հիվանդությանը, որը ծնվում է մարդու սրտում, երբ այնտեղ պակասում են հույսն ու իղձը, ինչպես Էմմավուսի ավետարանական աշակերտների մոտ, ովքեր հոգևոր ընկճվածության մեջ էին ընկել, դառել էին հոռետես և տառապում էին: Այս տխրությունը կապված է կորստի փորձառության հետ, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Մարդկային սրտում ծնվում են հույսեր, որոնք երբեմն մահանում են՝ պատճառելով տառապանք և տխրություն: Մարդ կա՝ ապավինում է հույսին, մարդ էլ կա՝ թույլ է տալիս, որ տխրությունը տիրի իր սրտին: Ըստ Նորին Սրբության՝ տխրությունը մարդու հոգին ու սիրտը քայքայող որդ է:
«Վիրավորանքի դառնությունը, երբ մարդու մտքում միշտ պահանջներ ու գանգատներ են, որոնք նրան ստիպում են զոհի կերպարանք ընդունել, չի հանգեցնում քրիստոնեական առողջ ապրելակերպի: Ամեն մարդու կյանքում եղել է մի բան, որը պիտի բժշկվի: Տխրությունը բնական հույզ է, սակայն կարող է վերածվել կործանարար հոգեվիճակի»։
Սրբազան Քահանայապետը կոչ արեց հավատացյալներին համառորեն դիմակայել տխրության արատին.
«Կյանքում կարող են լինել բազմաթիվ հակասություններ, չիրականացված երազանքներ ու իղձեր, չստացված ընկերական հարաբերություններ, սակայն Քրիստոսի հարության շնորհիվ մենք հավատում ենք, որ ամեն ինչ կփրկվի: <…> Հիսուս հարություն առավ, որպեսզի փրկագնի այն երջանկությունը, որն այդպես էլ չիրականացավ մեր կյանքում: Հավատքը դուրս է քշում վախը, իսկ Քրիստոսի հարությունը հեռացնում է տխրությունը: Քրիստոնյայի համար ամեն օրը հարության վարժություն է»։
Խորհրդածության ավարտին Նորին Սրբությունը մեջբերեց ֆրանսիացի գրող Լեոն Բլուայի գեղեցիկ արտահայտությունը. «Կա մեկ իսկական տխրություն, որը սուրբ չլինելն է»: Թո՛ղ մեզ օգնի հարուցյալ Հիսուսի հոգին, որպեսզի տխրությունը սրբությամբ հաղթահարենք:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը