• Փետրվար ամսին Նորին Սրբությունը կոչ է անում աղոթել մահացու հիվանդների համար

    «Բուժել, եթե հնարավոր է, սակայն միշտ հոգ տանել»:


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի աղոթքի համաշխարհային ցանցը հրապարակել է տեսաուղերձ, որում մեկնաբանում է իր աղոթական դիտավորությունը 2024թ. փետրվար ամսվա համար. աղոթել մահացու հիվանդների համար:

     

    «Նույնիսկ ապաքինվելու նվազագույն հնարավորության դեպքում, – ընդգծում է Նորին Սրբությունը, – հիվանդներն ունեն բժշկական, հոգեբանական, հոգևոր և մարդկային աջակցության իրավունք: Երբեմն նրանք չեն կարողանում խոսել, երբեմն թվում է, թե մեզ չեն ճանաչում, սակայն, երբ բռնում ենք նրանց ձեռքը, հասկանում ենք, որ նրանք մեզ հետ նույն տարերքի մեջ են: Անկախ հանգամանքներից՝ մենք միշտ կարող ենք փայփայել ու հոգ տանել նրանց մասին»:

     

    Սրբազան Քահանայապետը մեջբերում է Հովհաննես Պողոս II խոսքերը. «Անհրաժեշտ է բժշկել, եթե հնարավոր է, սակայն միշտ պետք է հոգ տանել նրանց մասին»:

     

    «Հենց այստեղ է, որ մեզ օգնության է գալիս պալիատիվ (ամոքիչ) բժշկությունը, – ընդգծում է Նորին Սրբությունը, – որը հիվանդին տրամադրում է ոչ միայն բժշկական օգնություն, այլ նաև մարդկային, ջերմ աջակցություն և ընկերակցություն: Այդ դժվարին պահերին ընտանիքներին չի կարելի մենակ թողնել, քանի որ նրանց դերը վճռորոշ է: Նրանք պետք է ունենան բավարար միջոցներ ֆիզիկական, հոգևոր և սոցիալական աջակցություն ցուցաբերելու համար», – ընդգծում է Սրբազան Քահանայապետը և տեսաուղերձի ավարտին կոչ է անում հավատացյալներին աղոթել, որպեսզի կյանքի վերջին փուլում գտնվող հիվանդները «միշտ ստանան իրենց անհրաժեշտ բժշկական և  մարդկային խնամքն ու աջակցությունը»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց