• Նորին Սրբության ուղերձը 2024թ. հունվարի 1-ի Խաղաղության համաշխարհային LVII օրվա կապակցությամբ

    «Բացարձակ ազատություն փնտրելով՝ մենք վտանգում ենք ընկնել «տեխնոլոգիայի բռնապետության» պարույրի մեջ»:


    Արհեստական բանականությունը և խաղաղությունը

     

    Ամանորին՝ ողորմածության այս ժամանակահատվածում, որը Տերը պարգևում է մեզանից յուրաքանչյուրին, ես ցանկանում եմ խաղաղության ամենաբարի և լավագույն մաղթանքներով դիմել Աստծո Ժողովրդին, ազգերին, պետությունների ու կառավարությունների ղեկավարներին, տարբեր կրոնների ներկայացուցիչներին ու քաղաքացիական հասարակություններին, ինչպես նաև մեր ժամանակի բոլոր մարդկանց:

     

    1. Գիտատեխնիկական առաջընթացը՝ որպես խաղաղության ճանապարհ

     

    Սուրբ Գրությունը վկայում է, որ Աստված մարդկանց օժտել ​​է Իր Հոգով, որպեսզի նրանք ունենան «իմաստություն, հանճար, գիտություն  և հմտություն» (Ելք 35,31): Բանականությունը արժանապատվության դրսևորումն է, որը մեզ պարգևել է Արարիչը, Ով մեզ ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ (տես՝ Ծնդ. 1,26) և թույլ տվեց գիտակցված ու ազատորեն արձագանքել Նրա սիրուն: Գիտությունն ու տեխնիկան առանձնահատուկ կերպով են արտահայտում մարդկային բանականության այդ միջանձնային որակը, որը նրա ստեղծագործական ներուժի արտասովոր պտուղներն են:

     

    Վատիկանի Բ Տիեզերական Ժողովը Gaudium et Spes հովվական սահմանադրությամբ վավերացրեց այդ ճշմարտությունը՝ հայտարարելով, որ «մարդն իր աշխատանքով ու տաղանդով միշտ փորձել է ընդլայնել իր սեփական կյանքի շրջանակն ու սահմանները»[1]։ Երբ մարդիկ «տեխնոլոգիական առաջընթացի օգնությամբ» ձգտում են երկիրը դարձնել «արժանի բնակավայր ողջ մարդկային ընտանիքի համար» [2], նրանք իրականացնում են Աստծո ծրագիրը և համագործակցում Նրա կամքի հետ՝ ստեղծագործությունն ավարտին հասցնելու և ազգերի միջև խաղաղություն հաստատելու համար: Գիտատեխնիկական առաջընթացը, որը նպաստում է մարդկային հասարակության բարգավաճմանը, ազատության և եղբայրական հաղորդակցության աճին, նաև հանգեցնում է մարդու կատարելագործմանն ու աշխարհի վերափոխմանը:

     

    Մենք իրավացիորեն ուրախանում ենք և երախտապարտ ենք գիտության ու տեխնիկայի տպավորիչ նվաճումների համար, որոնց շնորհիվ վերացվել են մարդկային կյանքին մեծ տառապանք պատճառած անթիվ չարիքներ։ Միևնույն ժամանակ, գիտական ​​և տեխնոլոգիական առաջընթացը, որը թույլ է տալիս մինչ այժմ աննախադեպ վերահսկողություն հաստատել իրականության վրա, մարդուն ընձեռնում է հսկայական հնարավորություններ, որոնցից մի քանիսը կարող են վտանգ ներկայացնել ու սպառնալ մեր գոյատևմանն ու մեր ընդհանուր տանը [3]։

    Տեղեկատվական նոր տեխնոլոգիաների զարմանալի ձեռքբերումները, հատկապես թվային ոլորտում, հետաքրքիր հնարավորություններ են ընձեռնում և լուրջ վտանգներ պարունակում՝ էապես ազդելով ժողովուրդների միջև արդարության և ներդաշնակության ձգտումների վրա։ Հետևաբար կան հրատապ հարցեր, որոնց պատասխանները շատ կարևոր են: Ինչպիսի՞ միջնաժամկետ և երկարաժամկետ հետևանքներ են ունենալու նոր թվային տեխնոլոգիաները: Ի՞նչ ազդեցություն կունենան դրանք անհատի և հասարակության կյանքի, միջազգային կայունության և խաղաղության վրա:

     

    1. Արհեստական բանականության ապագան. հեռանկար և վտանգ

     

    Առաջընթացն ինֆորմատիկայի ոլորտում և թվային տեխնոլոգիաների զարգացումը վերջին տասնամյակների ընթացքում արդեն իսկ հանգեցրել են համաշխարհային հասարակության ու դրա դինամիկայի խորը վերափոխումների: Նոր թվային գործիքները փոխում են հաղորդակցության, պետության կառավարման, կրթության, սպառողականության, փոխհարաբերությունների և առօրյա կյանքի անթիվ այլ գործոնների պատկերն ու ընթացքը:

     

    Բացի այդ, մեծաթիվ ալգորիթմներ կիրառող տեխնոլոգիաները կարող են տվյալներ կորզել համացանցում թվային հետքերի միջոցով, որոնք հնարավորություն են տալիս վերահսկել մարդկանց մտավոր և միջանձնային սովորությունները՝ առևտրային կամ քաղաքական նպատակներին ծառայեցնելու համար, հաճախ առանց նրանց իմացության, դրանով իսկ սահմանափակելով նրանց ազատ ընտրության իրավունքը:

     

    Պետք է հիշել, որ գիտական ​​հետազոտություններն ու տեխնոլոգիական նորամուծությունները կտրված և «չեզոք» չեն իրականությունից [4], այլ ենթակա են որոշակի մշակութային ազդեցության: Լինելով ամբողջովին մարդկային գործունեություն, դրանց զարգացման ուղղությունները արտացոլում են այս կամ այն դարաշրջանի անձնական, սոցիալական և մշակութային արժեքները: Նույնը վերաբերում է ձեռքբերումներին. լինելով շրջապատող աշխարհի նկատմամբ մարդկային ուրույն մոտեցման արդյունք՝ դրանք միշտ ունեն էթիկական հարթություն և սերտորեն կապված են նրանց որոշումների հետ, ովքեր նախագծում են փորձերը և հատուկ ուղղորդված արտադրություն կազմակերպում:

     

    Սա վերաբերում է նաև արհեստական բանականության տեսակներին: Մինչ օրս գիտության և տեխնիկայի աշխարհում տվյալ հասկացողությունը բնորոշող որևէ սահմանում չկա: Արդեն իսկ գործածության մեջ մտած տերմինը ներառում է գիտությունների, տեսությունների և մեթոդների մի ամբողջ ոլորտներ, որոնց նպատակն է, որ մեքենաներն իրենց աշխատանքում վերարտադրեն կամ ընդօրինակեն մարդու ճանաչողական (կոգնիտիվ) կարողությունները: «Բանականության տեսակները» հոգնակի թվով արտահայտելը առաջին հերթին օգնում է ընդգծել այս համակարգերի, որքան էլ որ դրանք զարմանալի ու հզոր լինեն, և մարդկային անհատականության միջև եղած անհաղթահարելի ճեղքվածքը: Ի վերջո, դրանք «հատվածական» են այն իմաստով, որ կարող են ընդօրինակել կամ վերարտադրել մարդկային բանականության միայն որոշ գործառույթներ: Հոգնակի թվով կիրառումը նաև ընդգծում է, որ այս բավականին տարբեր սարքավորումները պետք է դիտարկվեն որպես «սոցիոտեխնիկական համակարգեր»: Չէ որ արհեստական բանականության ցանկացած սարքավորման ազդեցությունը՝ անկախ նրանից, թե ինչպիսի տեխնոլոգիական հիմք ունի, կախված է ոչ միայն նախագծումից, այլ նաև իր սեփականատերերի և նախագծողների նպատակներից ու շահերից, ինչպես նաև այն իրավիճակից, թե որտեղ է օգտագործվելու:

     

    Այսպիսով, արհեստական բանականությունը պետք է ընկալել, որպես տարբեր իրողությունների գալակտիկաներ, և մենք չենք կարող ապրիորի ենթադրել, որ դրա զարգացումը բարենպաստ ազդեցություն կունենա մարդկության ապագայի համար և կնաստի ժողովուրդների միջև խաղաղության հաստատմանն ու պահպանմանը: Նման դրական արդյունք հնարավոր է միայն այն դեպքում, եթե մենք գործենք պատասխանատվությամբ և հարգենք մարդկային հիմնարար այնպիսի արժեքներ, ինչպիսիք են «ներառականությունը, թափանցիկությունը, անվտանգությունը, արդարությունը, գաղտնիությունը և հուսալիությունը» [5]:

     

    Սակայն, միևնույն ժամանակ, բավարար չէ այն ենթադրությունը, որ ալգորիթմների և թվային տեխնոլոգիաների նախագծողներն ու մշակողները կգործեն պատասխանտությամբ և էթիկայի նորմերին համապատասխան: Պետք է ամրապնդել կամ, անհրաժեշտության դեպքում, ստեղծել այնպիսի կառույցներ, որոնք կուսումնասիրեն ի հայտ եկած էթիկական խնդիրներն ու կպաշտպանեն նրանց իրավունքները, ովքեր օգտագործում են արհեստական բանականություն կամ էլ ենթարկվում են դրա ազդեցությանը [6]:

     

    Տեխնոլոգիաների տարածումն ու ընդլայնումը պետք է լինի պատշաճ կազմակերպված, քանզի հակառակ դեպքում վտանգվում են ազատությունն ու խաղաղ համակեցությունը, քանի որ մարդիկ ենթարկվում են եսասիրության, շահի, իշխանության տենչանքի գայթակղություններին: Դրա համար էլ պետք է ընդլայլել մտահորիզոնը և գիտական ​​ու տեխնոլոգիական հետազոտություններն ուղղորդել խաղաղության և համընդհանուր բարեկեցության հաստատմանը, որը բխում է մարդու և հասարակության ամբողջական զարգացման շահերից [7]։

     

    Տեխնոլոգիաների զարգացման հիմքում պետք է լինի մարդկային միասնական ընտանիքի արժանապատվությունը և բարօրությունը, որպեսզի թվային առաջընթացը նպաստի խաղաղության գործընթացին: Տեխնիկական նախագծերն ու մշակումները, որոնք չեն նպաստում և հանգում ողջ մարդկության կյանքի որակի բարելավմանը, այլ, ընդհակառակը, ավելացնում են անհավասարությունն ու հակամարտությունը, երբեք չեն կարող իրական առաջընթաց համարվել [8]:

     

    Արհեստական բանականությունը ավելի լայն տարածում և նշանակություն է ստանալու: Իր առջև դրված մարտահրավերներն ունեն ոչ միայն տեխնիկական, այլ նաև մարդաբանական, կրթական, սոցիալական և քաղաքական բնույթ: Օրինակ, այն խոստանում է ազատում սովորական աշխատանքից, առավել արդյունավետ արտադրություն, հեշտ փոխադրումներ և դինամիկ շուկաներ, ինչպես նաև հեղափոխություն տվյալների հավաքագրման, կազմակերպման և ստուգման գործընթացներում: Մենք պետք է գիտակցենք տեղի ունեցող փոփոխությունների սրընթաց տեմպերը և դրանք այնպես կառավարենք, որպեսզի ապահովենք մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը՝ հարգելով այն ինստիտուտներն ու օրենքները, որոնք նպաստում են մարդկության ամբողջական զարգացմանը: Արհեստական ​բանականությունը կոչված է ծառայելու մարդկության լավագույն ներուժին և մեր բարձրագույն ձգտումներին, այլ ոչ թե մրցակցի նրանց հետ:

     

    1. Ապագայի տեխնոլոգիա. ինքնակրթվող մեքենաներ

     

    Իր բազմաթիվ տեսակներով արհեստական բանականությունը, որը հիմնված է մեքենայական ուսուցման մեթոդների վրա (machine learning), թեև դեռ իր սկզբնական փուլում է, սակայն արդեն իսկ զգալի փոփոխություններ է կատարում հասարակության կառուցվածքում և իր խորը ազդեցությունն է թողնում մշակույթի, սոցիալական վարքագծի ու խաղաղության հաստատման գործընթացի վրա:

     

    Այնպիսի նախագծերն ու մշակումները, ինչպիսիք են մեքենայական ուսուցումը (machine learning) կամ խորը ուսուցումը (deep learning), բարձրացնում են հարցեր, որոնք դուրս են գալիս տեխնոլոգիայի և ճարտարագիտության սահմաններից, ու սերտորեն կապված են մարդկային կյանքի իմաստը հասկանալու, իմացության (ճանաչողության) հիմնական գործընթացների և ճշմարտությունն ընկալելու բանականության ունակության հետ:

     

    Օրինակ, որոշ սարքավորումների շարահյուսական և իմաստային առումով ճիշտ տեքստեր կազմելու ունակությունը, դեռ չի նշանակում, որ հուսալի են, որովհետև ենթադրվում է, որ դրանք կարող են «հալյուցինացիաներ առաջացնել», այսինքն՝ այնպիսի հայտարարություններ ստեղծել, որոնք առաջին հայացքից խելամիտ են թվում, սակայն իրականում անհիմն են կամ կողմնակալ: Արհեստական բանականության օգտագործումը լուրջ խնդիրներ է առաջացնում ապատեղեկատվական արշավներում, որոնք տարածում են կեղծ լուրեր և մեծացնում անվստահությունը ԶԼՄ-երի նկատմամբ: Գաղտնիությունը, տվյալների իմացությունը և մտավոր սեփականությունը հաջորդ ոլորտներն են, որտեղ տեխնոլոգիաները կարող են որոշակի վտանգներ առաջացնել: Այդ սարքավորումների սխալ օգտագործման բացասական հետևանքներից են նաև խտրականությունը, միջամտությունը ընտրական գործընթացներին, լրտեսությունն ու բնակչության վերահսկողությունը, թվային մեկուսացումը և հասարակությունից էլ ավելի կտրված անհատականության սրումը: Այս բոլոր գործոնները կարող են նպաստել հակամարտությունների աճին և խանգարել խաղաղության հաստատման գործընթացին:

     

    1. Չափավորության գիտակցումը տեխնոկրատական հարացույցում

     

    Մեր աշխարհը վիթխարի, բազմազան ու բարդ է՝ ամբողջությամբ ճանաչելու և դասակարգելու համար: Մարդկային բանականությունը երբեք չի կարողանա սպառել Երկիր մոլորակի ողջ հարստությունը, նույնիսկ ամենաառաջադեմ ալգորիթմների օգնությամբ: Դրանք, ըստ էության, ապագայի երաշխավորված կանխատեսումներ չեն տալիս, այլ միայն վիճակագրական պարզեցումներ։ Ամեն ինչ հնարավոր չէ կանխատեսել ու հաշվարկել, ի վերջո «իրականությունը վեր է գաղափարներից»[9], որքան էլ զարգացած լինեն մեր հաշվողական ունակությունները, միևնույն է միշտ մնում է մի անհասանելի մնացորդ, որն անհնար է որևէ քանակական գնահատականի ենթարկել:

     

    Բացի այդ, արհեստական բանականության վերլուծած տվյալների հսկայական ծավալը չի կարող ինքնին անաչառության երաշխիք լինել: Երբ ալգորիթմներն արտամիջարկում, արտարկում են տեղեկությունը միշտ վտանգ կա, որ դրանք կխեղաթյուրվեն, քանի որ կվերարտադրեն այն միջավայրի անարդարություններն ու նախապաշարմունքները, որտեղից նրանք ծագել են: Որքան դրանք արագանում ու բարդանում են, այնքան դժվար է դառնում հասկանալ, թե ինչու են այս կամ այն արդյունքը ցույց տալիս:

     

    «Խելացի» մեքենաները կարող են իրենց առջև դրված խնդիրներն ու առաջադրանքները կատարել մեծ առաջադիմությամբ ու արդյունավետությամբ, սակայն դրանց գործունեության նպատակն ու իմաստը էլի կշարունակեն որոշել ու ապահովել մարդիկ, ովքեր ունեն իրենց սեփական արժեհամակարգը: Որն էլ իր հերթին կհանգեցնի մի այլ վտանգի, քանի որ այս կամ այն որոշման հիմքում ընկած չափանիշներն այլևս պարզ ու հստակ չեն լինի, մենք չենք տեսնի նրանց, ովքեր պատասխանատու են այդ որոշումների կայացման համար, իսկ արտադրողներն էլ կխուսափեն հանուն հասարակության բարօրության աշխատելու պարտականությունից: Ինչ-որ առումով այս ամենին նպաստում է տեխնոկրատական համակարգը, որը տնտեսությունը միավորում է տեխնոլոգիաների հետ և նախընտրում է արդյունավետության չափանիշը՝ արհամարհելով ու անտեսելով այն ամենը, ինչը կապված չէ իր անմիջական շահերի հետ[10]։

     

    Սա պետք է ստիպի մտածել մի շատ կարևոր բանի մասին, որը հաճախ անտեսվում է ժամանակակից տեխնոկրատական ու արդյունավետության վրա հիմնված մտածելակերպի աշխարհում. «չափավորության գիտակցում», քանի որ այն կարևոր է անձնական և հասարակական զարգացման համար:

     

    Մարդը, ով մահկանացու է, մտադրված է տեխնոլոգիաների օգնությամբ հաղթահարել բոլոր սահմաններն ու արգելքները, վտանգում է կորցնել ինքնավերահսկողությունը՝ ամեն ինչ վերահսկելու մոլուցքով տարված: Բացարձակ ազատություն փնտրելով՝ մենք վտանգում ենք ընկնել «տեխնոլոգիայի բռնապետության» պարույրի մեջ։ Սեփական սահմանափակության ընդունումն ու ընկալումը կարևոր նախապայման է հաջողության և ինքնաիրացումը՝ որպես պարգև ընդունելու համար: Սակայն տեխնոկրատական ​​հարացույցի գաղափարախոսության համատեքստում, որը ոգեշնչված է ինքնաբավության պրոմեթևյան կանխավարկածից, անհավասարությունը կարող է հասնել գագաթնակետին, իսկ գիտելիքներն ու հարստությունը կուտակվել մի քանիսի ձեռքում, որը լուրջ վտանգ է ժողովրդավարական հասարակությունների և խաղաղ գոյակցության համար [11]:

     

    1. Էթիկայի հրատապ հարցեր

     

    Ապագայում այս կամ այն հավակնորդի հուսալիությունը՝ հիպոթեք տրամադրելու համար, տվյալ աշխատանքին մարդու համապատասխանությունը, դատապարտյալի կրկնահանցանքի հավանականությունը, քաղաքական ապաստան կամ սոցիալական աջակցություն ստանալու իրավունքը կորոշվեն արհեստական ​​բանականության համակարգերով: Այդ համակարգերի ներդրած միջնորդության տարբեր մակարդակների բացակայությունը հանգեցնում է կողմնակալության և խտրականության վտանգի, քանի որ համակարգային սխալները կարող են հեշտությամբ բազմապատկվել՝ ծնելով ոչ միայն ​​անարդարություն, այլ նաև սոցիալական անհավասարության իրական ձևեր:

     

    Բացի այդ, երբեմն արհեստական ​​բանականության ձևերը կարող են ազդել մարդկանց որոշումների վրա՝ նախապես որոշված ​​տարբերակների օգնությամբ, որոնք կապված են խթանների և զսպման գործոնների հետ, կամ էլ գործել անձնական ընտրությունը կարգավորող համակարգի միջոցով՝ հիմնված տեղեկատվության կազմակերպման վրա: Ձեռնածության կամ սոցիալական վերահսկողության այս ձևերը պահանջում են մեծ ուշադրություն և հսկողություն, ինչպես նաև ենթադրում են հստակ իրավաբանական պատասխանատվություն այն նախագծողների, պատվիրատուների և պետական ​​կառույցների կողմից:

     

    Որպես հիմք ընդունելով մարդկանց դասակարգման մեքենայական գործընթացները, օրինակ՝ համատարած հսկողության կամ սոցիալական վարկային համակարգերի միջոցով, նույնպես կարելի է լրջորեն ազդել սոցիալական կառուցվածքի վրա՝ սահմանելով վարկանիշներ քաղաքացիների միջև: Ավելին, արհեստական վարկանիշավորման գործընթացները կարող են հանգեցնել իշխանության բախումների, քանի որ դրանք վերաբերում են ոչ միայն վիրտուալ օգտատերերին, այլ նաև իրական մարդկանց: Մարդկային արժանապատվության հիմնարար հարգանքը պահանջում է, որ մենք մարդու եզակիությունը չնույնականացնենք այս կամ այն տվյալների հետ: Չի կարելի թույլ տար, որ ալգորիթմենրը սահմանեն ու բնորոշեն մարդու իրավունքների մասին մեր ըմբռնումը, մերժեն մարդկային այնպիսի կարևորագույն արժեքներ, ինչպիսիք են կարեկցանքը, ողորմածությունը և ներողամտությունը, կամ բացառեն այն, որ մարդը կարող է փոխվել և հետևում թողնել անցյալը:

     

    Այս համատեքստում պետք է ընդգծել նոր տեխնոլոգիաների ազդեցությունը աշխատանքային պայմանների վրա. աշխատատեղեր, որոնք նախկինում բացառապես մարդկային աշխատուժի վրա էին հիմնված, սակայն այսօր օգտագործվում է արհեստական ​​բանականության արդյունաբերական ուժը: Այդ դեպքում էլ քչերը կարող են անհամաչափ մեծ շահույթ ստանալ շատերի աղքատացման հաշվին: Աշխատավորների արժանապատվության հարգումը և զբաղվածության կարևորությունը անհատների, ընտանիքների և հասարակությունների տնտեսական բարեկեցության համար, զբաղվածության և արդար աշխատավարձերի երաշխավորումը պետք է առաջնահերթություն դառնան միջազգային հանրության համար՝ հաշվի առնելով, թե տեխնոլոգիաների այս կամ այն ձևերը որքան խորն են թափանցում աշխատավայր:

     

    1. Արդյո՞ք մենք սրերը խոփեր կդարձնենք։

     

    Այսօր զենքի արդյունաբերության հետ կապված լուրջ բարոյական հարցեր են առաջանում, երբ մենք նայում ենք մեզ շրջապատող աշխարհին: Հեռակառավարվող համակարգերի միջոցով ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությունը հանգեցրել է դրանց պատճառած ավերածությունների ընկալման և օգտագործման պատասխանատվության նվազմանը՝ նպաստելով պատերազմի վիթխարի ողբերգության նկատմամբ էլ ավելի սառը մոտեցմանն ու վերաբերմուքին: Լուրջ բարոյական մտահոգություններ կան նոր տեխնոլոգիաների հետազոտությունների վերաբերյալ, այսպես կոչված, «մահացու սպառազինության ինքնավար համակարգերի» ոլորտում, որը ներառում է նաև արհեստական բանականության ռազմական կիրառումը: Սպառազինության ինքնավար համակարգերը երբեք չեն կարողանա դառնալ բարոյապես պատասխանատու սուբյեկտներ, քանի որ բարոյական դատողություն անելու և էթիկական որոշումներ կայացնելու մարդկային եզակի կարողություններն ավելին են, քան ալգորիթմների բարդ շարքը, և այդ ունակությունը չի կարող իջնել մինչև մեքենայի ծրագրավորման մակարդակի, որովհետև որքան էլ այն «խելացի» լինի, միևնույն է, մնում է մեքենա: Այդ պատճառով էլ չափազանց կարևոր է սպառազինությունների համակարգերի նկատմամբ ապահովել մարդկային համարժեք, ամբողջական և հետևողական վերահսկողություն:

     

    Նաև չի կարելի անտեսել այն հավանականությունը, որ այդ բարդ զենքերը կարող են հայտնվել սխալ ձեռքերում՝ նպաստելով, օրինակ, ահաբեկչական հարձակումներին կամ ինտերվենցիային (բռնի միջամտություն), որոնց նպատակն է օրինական պետական ​​կառույցների ապակայունացումը: Այլ կերպ ասած, աշխարհին պետք չեն նոր տեխնոլոգիաներ, որոնք նպաստում են զենքի շուկայի և առևտրի անարդար զարգացմանը՝ խրախուսելով խելագար պատերազմը: Ի դեպ, պետք ընդգծել, որ ոչ միայն բանականությունը, այլ նաև մարդու սիրտն է «արհեստական» դառնում։ Ամենաառաջադեմ տեխնոլոգիական զարգացումները անհրաժեշտ է կիրառել ոչ թե հակամարտությունների բռնի լուծմանը նպաստելու, այլ խաղաղության ճանապարհ հարթելու համար:

     

    Ավելին արհեստական բանականության խելամիտ օգտագործումը մարդկության համափարպակ զարգացման համար կարող է հանգեցնել զգալի նորարարությունների գյուղատնտեսության, կրթության և մշակույթի ոլորտներում, նպաստել բազմաթիվ երկրների և ժողովուրդների կենսամակարդակի բարձրացմանը, մարդկային եղբայրության և սոցիալական բարեկամության աճին: Ի վերջո, այն հանգամանքը, թե մենք ինչպես և որքան ենք արհեստական բանականությունն օգտագործում մեր ամենաթույլ ու կարիքավոր եղբայրների և քույրերի բարօրության համար, ցույց է տալիս մեր մարդկայնության մակարդակը:

     

    Մարդասիրական աշխարհայացքը և ապագայում բարեկեցիկ աշխարհ ունենալու ցանկությունը հանգեցնում են միջկարգապահական երկխոսության անհրաժեշտությանը, որը նպաստում է ալգորէթիկայի, այսինքն՝ ալգորիթմների էթիակական զարգացմանը, որում հենց արժեքներն են որոշում և առաջնորդում նոր տեխնոլոգիաների ուղին [12]: Էթիկական նկատառումները պետք է հաշվի առնվեն հետազոտության հենց սկզբից, ինչպես նաև փորձարկման, նախագծման, արտադրության, բաշխման և շուկայավարման ժամանակ: Էթիկական նախագծման նպատակն է, որ կրթական հաստատություններն ու որոշում կայացնողները առանցքային դեր ունենան այդ ամենում:

     

    1. Կրթական մարտահրավերներ

     

    Մարդկային արժանապատվությունը հարգող և նրան ծառայող տեխնոլոգիաների զարգացումն ակնհայտ ազդեցություն ու հետևանքներ են ունենում կրթական հաստատությունների և մշակութային աշխարհի այս կամ այն գործնըթացների վրա: Շատացնելով հաղորդակցության հնարավորությունները՝ թվային տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս միմյանց նորովի հանդիպել: Սակայն պետք է կրկին մտածել, թե ինչպիսի հարաբերությունների են դրանք հանգեցնում։ Երիտասարդությունը մեծանում է տեխնոլոգիաների մշակույթային միջավայրում, իսկ դա չի կարող իր ազդեցությունը չունենալ դասավանդման, դաստիարակության և ուսուցման վրա:

     

    Արհեստական ​​բանականության ձևերի կիրառման ոլորտում կրթությունը պետք է առաջին հերթին նպաստի քննադատական ​​մտածողության զարգացմանը։ Բոլոր տարիքի օգտատերերը, հատկապես երիտասարդները, պետք է զարգացնեն վերլուծելու կարողություն՝ համացանցից վերցված կամ արհեստական ​​բանականության համակարգերի կողմից ստեղծված տվյալներից օգտվելիս: Դպրոցները, համալսարանները և գիտական ​​համայնքները պետք է օգնեն ուսանողներին և մասնագետներին, որպեսզի նրանք հասկանան ու ընկալեն տեխնոլոգիաների զարգացման և օգտագործման սոցիալական ու էթիկական հետևանքները:

     

    Հաղորդակցության նոր միջոցների կիրառման նախապատրաստումը պետք է հաշվի առնի ոչ միայն ապատեղեկատվությունն ու կեղծ լուրերը, այլ նաև «նախնյաց վախերի տագնապալի վերածնունդը, որոնք այդպես էլ չկարողացավ հաղթահարել տեխնոլոգիական առաջընթացը» [13]: Ցավոք, այսօր կրկին մենք պայքարում ենք «պատեր կառուցելու մշակույթի գայթակղության դեմ, որոնք խանգարում և խոչընդոտում են տարբեր մշակույթների ու մարդկանց հանդիպմանը» [14] և խաղաղ ու եղբայրական համակեցության զարգացմանը:

     

    1. Միջազգային իրավունքի զարգացման մարտահրավերներ

     

    Արհեստական բանականության համաշխարհային մասշտաբներն ակնհայտ են դարձնում, որ ինքնիշխան պետությունները պատասխանատու են երկրի ներսում դրա օգտագործման համար, իսկ միջազգային կազմակերպությունները կարող են վճռորոշ դեր խաղալ բազմակողմ համաձայնագրերի ձեռքբերման և դրանց կիրառման ու իրականացման համակարգման գործընթացում [15]: Այդ իսկ պատճառով, ես Ազգերի համագործակցությանը կոչ եմ անում միասին աշխատել՝ պարտադիր կատարման ենթակա միջազգային պայմանագիր ընդունելու համար, որը կկարգավորի արհեստական բանականության նախագծումը, մշակումը և օգտագործումը: Նման համակարգման նպատակը, իհարկե, պետք է լինի ոչ միայն անհաջող գործնական կիրառման կանխարգելումը, այլ նաև արդյունավետ գործնական կիրառման, նոր, ստեղծագործ մոտեցումների և անհատական ​​ու միասնական նախաձեռնությունների խրախուսումը [16]:

     

    Թվային տեխնոլոգիաներ մշակողները պետք է առաջնորդվեն այնպիսի էթիկական նորմատիվներով, որոնց հիմքում ընկած են մարդկային արժեքները հարգող օրենքներն ու կանոնները, իսկ դրա համար անհրաժեշտ է մարդկային գոյության իմաստի, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության և արդարության ու խաղաղության ձգտման հարցերի առավել խորքային քննարկում:

     

    Էթիկական և իրավական խորազննության այս գործընթացը շատ կարևոր է, քանի որ մեզ ստիպում է մտածել, թե ինչ դեր պետք է խաղան տեխնոլոգիաները մեր անհատական և հասարակական կյանքում, թե այդ տեխնոլոգիաների օգտագործումը ինչպես կարող է նպաստել ավելի արդար և մարդասիրական աշխարհի ստեղծմանը: Իսկ դրա համար անհրաժեշտ է լսել և հաշվի առնել շահագրգիռ բոլոր կողմերի կարծիքները, հատկապես՝ աղքատների, անապահով խավերի, ովքեր հաճախ են անտեսվում որոշումների կայացման համաշխարհային գործընթացներում:

    * * * * *

     

    Ես հույս ունեմ, որ այս խորհրդածությունը կնպաստի նրան, որ արհեստական բանականության ձևերի զարգացումը ի վերջո կծառայի մարդկային եղբայրության և խաղաղության գործին, որի համար պատասխանատու է ողջ մարդկային ընտանիքը: Խաղաղությունն, ըստ էության, այնպիսի հարաբերությունների պտուղ է, որն ընդունում և ողջունում է մարդու արժանապատվությունը: Այն համագործակցության և բոլոր մարդկանց ու ժողովուրդների ամբողջական զարգացման ցանկության պտուղն է:

     

    Ես աղոթում եմ, որ արհեստական բանականանության ձևերի սրընթաց զարգացումը չհանգեցնի գոյություն ունեցող անհավասարության և անարդարության շատացմանը, այլ օգնի վերջ դնել պատերազմներին և հակամարտություններին, մեղմի բազմաթիվ տառապանքներ, որոնք ընկճում ու տանջում են մարդկային ընտանիքին: Թո՛ղ քրիստոնյաները, տարբեր կրոնների հավատացյալները և բարի կամքի տեր մարդիկ միասին ու ներդաշնակ օգտվեն հնարավորություններից և հաղթահարեն թվային հեղափոխության մարտահրավերները՝ ապագա սերունդներին ավելի միասնական, արդար և խաղաղ աշխարհ փոխանցելու համար:

     

    Վատիկան, 8 դեկտեմբերի 2023թ.

     

    [1] N. 33։

     

    [2] Նույն տեղում, n. 57:

     

    [3] Տես՝ Laudato si’ 104 շրջաբերականը  (24 մայիսի 2015թ.)։

     

    [4] Նույն տեղում, 114։

     

    [5] Ունկնդրոթյուն Minerva Dialogues սիմպոզիումի մասնակիցներին (27 մարտի 2023թ.)։

     

    [6] Տե՛ս նույն տեղում։

    [7] Տես՝ Ուղերձը World Economic Forum գործադիր նախագահին Դավոսում (12 հունվարի 2018 թ.)։

     

    [8] Տես՝ Laudato si’ 194 շրջաբերականը (24 մայիսի 2015թ.)։ Ուղերձը՝ «Համընդհանուր բարեկեցություն թվային դարաշրջանում» սեմինարի մասնակիցներին (27 սեպտեմբերի 2019 թ.):

     

    [9] Առաքելական ուղերձ Evangelii gaudium 233 (24 նոյեմբերի 2013 թ.):

     

    [10] Տե՛ս Encyclical Laudato si’ 54 շրջաբերականը (24 մայիսի 2015 թ.):

     

    [11] Տե՛ս Կյանքի պաշտպանության Պապական ​​ակադեմիայի լիագումար նիստի ուղերձը (28 փետրվարի 2020թ.):

     

    [12] Տե՛ս նույն տեղում։

     

    [13] Fratelli tutti 27 շրջաբերականը (3 հոկտեմբերի 2020թ.):

     

    [14] Տե՛ս նույն տեղում։

     

    [15] Տե՛ս նույն տեղում, 170-175.

     

    [16] Տես՝ Laudato si’ 177 շրջաբերականը (24 մայիսի 2015թ.):

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց