«Արդյո՞ք մենք կանչում ենք Հիսուսին, թո՞ւյլ տալիս, որ Նա գործի մեր մեջ և բժշկի մեզ»:
Հունվարի 28-ին «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց Մարկոսի Ավետարանից վերցված օրվա ավետարանական ընթերցման հատվածի շուրջ (1,21-28):
Մեկնաբանելով դրվագը, որտեղ Հիսուս Կափառնայումի ժողովարանում ազատում է պիղծ ոգով բռնված մի մարդու, Նորին Սրբությունն ընդգծում է, որ ցանկանալով տիրանալ մարդուն՝ սատանան փորձում է «շղթայել մեր հոգիները», մենք պետք է զգուշանանք «շղթաներից», որոնք խեղդում են մեր ազատությունը:
Այդպիսի շղթաները, պարազաբանում է Սրբազան Քահանայապետը տարբեր տեսակի կախվածություններն են, որոնք ստրկացնում են և մղում անհագ սպառողականության և հաճույքների: Կան գայթակղություններ, որոնք խաթարում են սեփական ինքնագնահատականը, զրկում հանգստությունից և կյանքն ընտրելու ու սիրելու ունակությունից: Կան վախի շղթաներ, որոնք ստիպում են մարդուն հոռետեսությամբ նայել ապագային: Գոյություն ունեն նաև իշխանական կռապաշտության շղթաներ, որոնք առաջացնում են հակամարտություններ, հանգեցնում մահաբեր զենքի օգտագործման կամ տնտեսական անարդարության:
«Հիսուս եկավ մեզ ազատելու այս բոլոր կապանքներից», – շարունակում է Նորին Սրբությունը. «Քրիստոս մեզ ազատում է չարի իշխանությունից և երբեք երկխոսության մեջ չի՛ մտնում սատանայի հետ: Իսկ մենք, ընդհակառակը, հաճախ ենք թույլ տալիս, որ չարի շղթաները մեզ կապկպված ու կաշկանդված պահեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք մեզ մեծ ու լուրջ վնաս չեն պատճառել, սակայն այդ ժամանակ ավելի դժվար է լինում դրանցից ազատվելը: Տերը հիշեցնում է, որ չի՛ կարելի բանակցել սատանայի հետ: Եթե մենք պատասխանում ենք սատանային, ապա հաղթում է սատանան»:
«Ի՞նչ անել, եթե մենք մեզ գայթակղված և ընկճված ենք զգում», հարց է տալիս Սրբազան Քահանայապետը և պատասխանում. «Պետք է դիմել Հիսուսին. աղերսել Նրան, երբ զգում ենք, որ չարի ու վախի շղթաներն էլի ավելի ձիգ են կապկպում մեզ»: Տերն Իր Հոգու զորությամբ այսօր էլ ասում է չարին. «Գնա՛, հանգիստ թո՛ղ այդ սիրտը, մի՛ բաժանիր աշխարհը, ընտանիքները, մեր համայնքները, թո՛ղ նրանք ապրեն խաղաղության մեջ, որպեսզի աճեն ու ծաղկեն իմ Հոգու պտուղները, այլ ոչ թե քո»: Թո՛ղ այնտեղ իշխի սերը, ուրախությունը, հնազանդությունը, լինի՛ ազատություն և խաղաղություն, այլևս չլսվեն բռնության ու ատելության ճիչեր, ընդգծում է Նորին Սրբությունը:
Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետը հարց է տալիս հավատացյալներին. մենք իսկապե՞ս ուզում ենք ազատվել մեր սրտերը կապկպող ու կաշկանդող շղթաներից: Արդյո՞ք մենք ունակ ենք ոչ ասել չարի գայթակղություններին, քանի դեռ դրանք չեն սողոսկել մեր հոգու մեջ: Արդյո՞ք մենք կանչում ենք Հիսուսին, թո՞ւյլ տալիս, որ Նա գործի մեր մեջ և բժշկի մեզ:
«Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը պահի ու պահպանի մեզ չարից»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը