«Մարդկայնությունը չկորցնելու համար՝ եկե՛ք իմաստություն փնտրենք, որն ամեն ինչից առաջ է»:
Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հրապարակեց իր ուղերձը Հասարակական հաղորդակցման միջոցների համաշխարհային 58-րդ օրվա առիթով, որի թեման էր «Արհեստական բանականությունը և սրտի իմաստությունը՝ մարդկային լիարժեք հաղորդակցության համար»:
Արհեստական բանականության էվոլյուցիան և դրա ազդեցությունը տեղեկատվության, հաղորդակցության և քաղաքացիական համակեցության վրա հիմնարար հարցեր են առաջացնում, թե ինչ է նշանակում լինել մարդ և ինչպիսին է լինելու մեր ապագան: Նորին Սրբության խոսքերի համաձայն, անհրաժեշտ են մշակույթային լավ ու դրական փոփոխություններ, իսկ այն պետք է սկսել սրտի կերպարանափոխությունից: Սրտի իմաստությունը թույլ է տալիս ընդունել կենսական կարևոր որոշումներ, միավորել անցյալն ու ապագան, գտնել ինքդ քեզ: Այն թույլ է տալիս աշխարհին նայել Աստծո աչքերով, ճիշտ ընկալել կապերը և բացահայտել իրերի ու ողջ կյանքի իմաստը: Առանց այդ իմաստության գոյությունը դառնում է «անհամ»։ Մեր դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները գերիշխում են մարդկությանը, անհրաժեշտ է հիշել սրտի կարևորության և իմաստության մասին՝ մարդկանց միջև բովանդակալից ու լիարժեք հաղորդակցությունը վերականգնելու համար:
Ըստ Սրբազան Քահանայապետի՝ արհեստական բանականությունը կարող է օգտագործվել և՛ որպես հոգատար ծառայության, և՛ թշնամական իշխանության գործիք։ Մեքենաները մարդկանցից լավ կարող են պահպանել ու մշակել մեծ ծավալներով տվյալները, սակայն միայն մարդիկ կարող են վերծանել դրանց նշանակությունը: Նորին Սրբությունն ընդգծում է, որ պետք չէ մեքենաները նմանեցնել մարդկանց, այլ անհրաժեշտ է արթնանալ «ինքնավարության պատրանքից» և գիտակցել մեր կախվածությունը ուրիշներից՝ վերականգնելով սոցիալական ու հասարակական կապերը: Նոր տեխնոլոգիաները կարող են օգտագործվել նաև ապատեղեկատվություն շահարկելու և տարածելու համար, հետևաբար միջազգային հանրությունը պետք է համագործակցի և մշակի պայմանագրեր, որոնք կարգավորում են արհեստական բանականանության օգտագործումն ու զարգացումը:
Մարդկությունը կանգնած է բարդ, բազմակարծ հասարակության զարգացման գործընթացում նոր քայլ անելու ճանապարհին, ընդգծում է Սրբազան Քահանայապետը: Թվային հեղափոխության հսկայական հնարավորություններին սպառնում է ամեն ինչը վերացական տվյալների վերածելու և յուրաքանչյուր մարդու յուրահատկությունը կորցնելու վտանգը: Արհեստական բանականության օգտագործումը չպետք է հանգեցնի անանուն մտածողության և չստուգված տեղեկությունների հավաքագրման՝ հանուն շուկայի կամ իշխանության շահերի, այլ կոչված է բարելավելու հաղորդակցությունը, ամենքին վերադարձնելու իր անհատականություն լինելու իրավունքը, թույլ չտալու կարծիքների, պատմությունների և մշակույթների ոչնչացում կամ ճնշում: Տեղեկությունը չի կարող տարանջատված լինել գոյութենապաշտական հարաբերություններից և պահանջում է տվյալների ու փորձի հարաբերակցություն, կարեկցող հայացք և մասնակցություն: Միայն զգալով ու տեսնելով այն տառապանքները, որոնք ներկայացնում են անձնազոհ ռազմական լրագրողները, կարելի է հասկանալ պատերազմի անհեթեթությունը:
Նորին Սրբությունն ընդգծում է, որ թվային հարթակների զարգացումն ու արհեստական բանականությունը հսկայական ազդեցություն ունեն տեղեկատվական գործընթացների և հասարակության վրա։ Անհրաժեշտ է ապահովագրել ու պաշտպանել հաղորդակցության և տեղեկատվության ոլորտում աշխատողների արժանապատվությունը, հմտությունն ու փորձառությունը, ինչպես նաև ամբողջ աշխարհի օգտատերերի շահերը: Կարևոր է ապահովել թվային հարթակների համատեղելիությունը, իսկ դրանք ստեղծող ընկերությունները պետք է պատասխանատվություն կրեն բովանդակության տարածման համար: Սրբազան Քահանայապետը շոշափում է նաև մի քանի կարևոր հարցեր, որոնք վերաբերում են տեղեկատվական գործընթացների թափանցիկությանը, կատարված աշխատանքների հեղինակային իրավունքներին և աղբյուրների հետագծելիությանը, ինչպես նաև ներկայացված պատկերներներում իրականության ճիշտ ընկալմանը: Բացի այդ, թվային գործիքները պետք է հասանելի լինեն հատկապես զարգացող երկրներին:
Այս մարտահրավերների պատասխանը պետք է լինի իմաստության և իսկական ազատության ձգտումը, իր ուղերձի ավարտին ընդգծում է Նորին Սրբությունը.
«Մարդկայնությունը չկորցնելու համար՝ եկե՛ք իմաստություն փնտրենք, որն ամեն ինչից առաջ է (տես՝ Սիրաք 1,4), քանզի անցնելով մաքուր սրտերի միջով՝ այն պատրաստում է Աստծո բարեկամներ ու մարգարեներ (տես՝ Իմաստ. 7,27), որն էլ մեզ կօգնի նույնիսկ արհեստական բանականության համակարգերը հասցնել մարդկային լիարժեք հաղորդակցության»։
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը