• Ավետարան հռչակելը երջանկություն է

    «Արդյո՞ք մենք ցանկանում ենք մեր վկայությամբ և ուրախությամբ թույլ տալ մյուսներին զգալ, թե որքան գեղեցիկ ու հրաշալի է Հիսուսին սիրելը»:


    Հունվարի 21-ին «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց Մարկոսի Ավետարանից վերցված մի հատվածի շուրջ, որը պատմում է առաջին աշակերտների կոչման մասին (տես՝ Մկ. 1,14-20):

     

    Իր առաքելության առաջին իսկ օրերից Տերը կոչ է անում ուրիշներին միանալ Իրեն, Նա մոտենում է ձկնորսներին և ասում նրանց, որ հետևեն Իրեն՝ «մարդկանց որսորդներ» դառնալու համար (տես՝ Մկ. 1,17), հիշեցրեց Նորին Սրբությունը: Տիրոջը հաճելի է մեզ ներգրավել Իր փրկության ծրագրի մեջ, Նա ցանկանում է, որ մենք գործենք Իր հետ միասին և պատասխանատու լինենք: Անտարբեր ու պասիվ մարդը, ով չի ցանկանում ավետարանել ու հռչակել, չի կարող քրիստոնյա անվանվել, ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    Աստված կոչ է անում մեզ, որպեսզի մենք լինենք երջանիկ՝ անտեսելով մեր թերություններն ու սահմանափակումները, պարզաբանեց Նորին Սրբությունը.

     

    «Որքա՜ն համբերատար է Տերն իր աշակերտների նկատմամբ։ Նրանք հաճախ չէին հասկանում Նրա խոսքերը, երբեմն չէին շփվում միմյանց հետ և երկար ժամանակ չէին կարողանում ընկալել Նրա քարոզչության կարևոր ու էական կողմերը, ինչպիսին ծառայությունն է: Այնուամենայնիվ, Հիսուս շարունակում է հավատալ և ընտրում է նրանց: Սա շատ կարևոր է, քանզի Տերն ընտրում է մեզ, որպեսզի մենք լինենք քրիստոնյաներ: Մենք անդադար մեղք են գործում, սակայն Տերը շարունակում է հավատալ մեզ, և դա զարմանալի է: <…> Իրականում, Աստծո փրկության մասին բոլորին հռչակելը Հիսուսի ամենամեծ երջանկությունն էր, Նրա առաքելությունը, սնունդը (տես՝ Հվհ. 4,34), Նրա գոյության իմաստը մեր մեջ (տես՝ Հվհ. 6,38): Սեր նվիրելու հրաշալի արկածախնդրության մեջ, յուրաքանչյուր խոսքի ու արարքի մեջ, որով մենք միանում ենք Նրան, լույսն ու ուրախությունը շատանում են՝ ոչ միայն մեր շուրջը, այլ նաև մեր ներսում»:

     

    Ավետարանի հռչակումը ժամանակի զուր վատնում չէ, շարունակեց Սրբազան Քահանայապետը, քանզի ավետարանելով մենք երջանկանում ենք և օգնում մյուսներին երջանիկ լինել, ուրիշներին  ազատություն տալով՝ մենք ինքներս մեզ ենք ազատագրում, ուրիշներին օգնելով լավը լինել՝ մենք ինքներս ենք լավը դառնում:

     

    Նորին Սրբությունը կոչ արեց խորհել հետևյալ հարցերի շուրջ. արդյո՞ք հիշում ենք այն ուրախությունը, որը մենք զգացինք, երբ ընդունեցինք Հիսուսի մասին վկայելու կոչը: Արդյո՞ք աղոթելիս մենք շնորհակալություն հայտնում ենք Տիրոջը, որ Նա մեզ հորդորեց երջանկացնել ուրիշներին: Արդյո՞ք մենք ցանկանում ենք մեր վկայությամբ և ուրախությամբ թույլ տալ մյուսներին զգալ, թե որքան գեղեցիկ ու հրաշալի է Հիսուսին սիրելը:

     

    «Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ ճաշակել Ավետարանի բերկրանքը», խորհրդածության ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց