• Սիրել նշանակում է հարգել դիմացինին, այլ ոչ թե տիրանալ նրան

    «Որովհետև առանց սիրո կյանքը վերածվում է տխուր մենության»:


    Հունվարի 17-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը «արատներ և առաքինություններ» թեմայի վերաբերյալ և ընդհանուր ունկնդրության ժամանակ խորհրդածեց բղջախոհության մասին, որն ընչաքաղց վերաբերմունք է այլ մարդու նկատմամբ, «թունավոր հարաբերություններ մարդկանց միջև, հատկապես սեռականության ոլորտում»:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ քրիստոնեությունը չի դատապարտում սեռականությունը, իսկ աստվածաշնչյան «Երգ Երգոց» գիրքը հոյակապ պոեմ է երկու սիրահարների մասին։ Սակայն մարդկության այս գեղեցիկ չափանիշը զերծ չէ վտանգներից, և այդ մասին խոսել է նաև Սբ. Պողոսը՝ Կորնթացիներին ուղղված առաջին նամակում, որտեղ նա հանդիմանել է որոշ քրիստոնյաների, ովքեր անառողջ վերաբերմունք են դրսևորել սեռականության հանդեպ:

     

    Սրբազան Քահանայապետի խոսքերի համաձայն, «գոյության ամենահիասքանչ իրողություններից մեկը» սիրահարվածությունն է, որը հզոր ազդեցություն է ունենում մարդկանց կյանքի վրա և դառնում ամենամաքուր զգացմունքներից մեկը, եթե չի պղծվում արատով: Սիրահարված մարդը մեծահոգի է, հաճույքով նվերներ է տալիս, գրում նամակներ և բանաստեղծություններ, դադարում մտածել իր մասին և իր ողջ էությամբ ու մտքերով այլ մարդու հետ է: Նրա սերն անպատճառ է, անվերապահ և մի քիչ պարզ ու միամիտ, հակված իդեալականացման։ Սակայն այդ «փթթող ու գեղեցիկ այգին» պաշտպանված չէ չարից: Նրան պղծում է բղջախոհության դևը, և այս արատը ատելի է առնվազն երկու պատճառով, ընդգծեց Նորին Սրբությունը: Նախ՝ այն ոչնչացնում է գեղեցիկ հարաբերությունները մարդկանց միջև և այն վերածում թույնի, երբ մարդիկ տիրանում են միմյանց՝ առանց հարգանքի ու ողջախոհության: Սիրել նշանակում է խորապես հարգել դիմացինին, ով մեզ չի պատկանում, ձգտել նրա երջանկությանը, աջակցել ու կարեկցել նրան: Բղջախոհությունն, ընդհակառակը, ծաղրում և կողոպտում է, հապճեպորեն սպառում է, չի սիրահետում և անձնատուր է լինում միայն իր ցանկություններին: Կարճ ճանապարհներ փնտրելով՝ անառակ մարդը չի հասկանում, որ հենց համբերությունն է երջանկացնում սիրահարների հարաբերությունները։

     

    Երկրորդ պատճառը բնութագրում է, թե ինչու է բղջախոհությունը վտանգավոր արատ համարվում: Սեռականությունն ունի հզոր ձայն, որն ապրում է, ինչպես մարմնում, այնպես էլ հոգեկան աշխարհում, եթե չսանձահարենք, ապա այն «կվերածվի ազատությունից զրկող շղթայի»։ Վավաշոտությունն ավելի սուր ու խորն է դարձնում պոռնոգրաֆիան. առանց հարաբերությունների նման բավարարվածությունը կարող է առաջացնել որոշակի կախվածություն:

     

    Բղջախոհության դեմ պայքարն ու հաղթանակը կարող է մի ամբողջ կյանք տևել, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Սակայն այս ճակատամարտում ամենակարևոր պարգևն «այն գեղեցկության պահպանումն է, որն Աստված է դրել Իր ստեղծագործության մեջ, երբ պատկերացրել է սերը տղամարդու և կնոջ միջև»: Այդ գեղեցկությունը մեզ խրախուսում է հավատալ, որ միասին պատմություն կառուցելն ու ծառայելն ավելի լավ է, քան բղջախոհության դևին խոնարհվելն ու նվաճելը: «Որովհետև առանց սիրո կյանքը վերածվում է տխուր մենության», խորհրդածության ավարտին ասաց Նորին Սրբությունը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց