• ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը չի վախենում իրերը կոչել իրենց անուններով

    ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը չի վախենում իրերը կոչել իրենց անուններով


    26 ապրիլի, 2015թ.

     

     

    2015թ. ապրիլի 12-ին Սբ. Պետրոսի տաճարում տեղի ունեցած պատմական իրադարձութեան մասին հայաստանեան լրատւութեան մէջ եւ պաշտոնեաների ելոյթներում այդպէս էլ պատշաճ գնահատական չտրուեց այդ իրադարձութեան կայացման համար Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ նուիրապետութեան եւ յատկապէ՛ս Ամենապատիւ Տ. Ներսէս Պետրոս ԺԹ-ի կատարած հսկայական աշխատանքին: Լրատուամիջոցների հրապարակումներում կամ իսպառ բացակայում է այդ փաստի մասին որեւէ բառ, կամ Ամենապատիւ Հոգեւոր Տիրոջ աշխատանքը ստորադասւում է աշխարհական պաշտոնեաների դիւանագիտական «յաղթանակներին» ու «յեղինակութեանը»: Չիմացութեան յետեւա՞նք է սա, թէ՞ Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ դերը միտումնաւոր ստուերելու կազմակերպուած քաղաքականութեան եւ լրատուամիջոցների ցածր մասնագիտական որակների յետեւանք: Թերեւս, երկու՛սն էլ, ըստ այս կամ այն լրատուամիջոցի կամ պաշտոնեայի պարագայի: Ամէն դէպքում, իմաստ էլ չունի այդ հարցերի հստակ պատասսխանը պարզելու համար ինչ-ինչ պրպտումներ անել: Այստեղ միայն ուզում եմ, որպէս մի բացառիկ օրինակ, բերել ՀՀ Սփիւռքի նախարարի շնորհակալական նամակը՝ ուղղուած Հոգեւոր Տիրոջը: Հրանուշ Յակոբեանն, առայժմ, միակ պաշտոնեան է, գոնէ ինձ յայտնի, որ հրապարակաւ եւ յաւոր պատշաճի չի վախենում իրերը կոչել իրենց անուններով.

     

     

     

    «Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ

    Կաթողիկոս Պատրիարք

    Տէր Ներսէս Պետրոս ԺԹ.

     

    Ամենապատի’ւ եւ Գերերջանի’կ Տէր,

    Աստծոյ ողորմած կամքով եւ Ձեր նպատակուղղուած ջանքերի շնորհիւ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Ֆրանչիսկոս Պապի քահանայապետութեամբ կատարուեց աննախանդէպ մի իրողութիւն, որը ոչ միայն ապացուցում է Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ արդարութեան վերականգման մեր պահանջի ճշմարտացիութիւնը, այլեւ, հետայսու նպաստելու է մինչեւ այժմ անտարբերութեան թմբիրում ապրող մի շարք պետութիւնների եւ քաղաքական գործիչների քնից արթնանալուն: Դա աշխարհի 1 մլրդ 200 միլիոն կաթոլիկների հոգեւոր առաջնորդի խօսքն էր՝ ուղղուած հաւատացեալ ժաղովրդին: Առաջնորդուելով համամարդկային վեհ արժեքներով՝ իր իմաստուն խօսքն ասաց Հռոմի Պապը. «Քողարկել կամ ժխտել չարիքը, նշանակում է արնաքամ անել վերքը առանց վիրակապելու»:

    Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Ֆրանչիսկոս Պապի կողմից Հայոց Ցեղասպանութեան անմեղ նահատակների յիշատակին մատուցուած Պատարագին համակ ուշադրութեամբ հետեւում էր ազգերի ճակատագրով մտահոգ համայն աշխարհը, այդ թվում՝ դարի մեծագոյն ոճրագործութիւնը հեղինակած ցեղասպան ապուպապերի արարքների մասին քար լռութիւն պահպանող հետնորդները:

    Հոգեւոր Տէ’ր, մեծ հպարտութեան զգացում էր պատել ինձ, բոլոր ներկաներին եւ վստահ եմ՝ համայն հայութեան, ինչպէս նաեւ աշխարհի առաջադեմ մարդկութեանը Ձեր ոգեկոչ եւ կարեւոր ելույթի ժամանակ՝ ուղղուած Հռոմի Պապին եւ աշխարհի տարբեր երկրների հավատաւոր ժողովրդին:

    Կրկնակի հպարտութիւն էր Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Ֆրանչիսկոս Պապի կողմից Հայ Եկեղեցու հայրերից Գրիգոր Նարեկացուն Կաթոլիկ եկեղեցու սահմանմամբ «Տիեզերական Վարդապետ» հռչակելը, որը նոյնպես վկայում է հայ ազգի՝ իր հաւատքին հաւատարիմ մնալու, հաւատքի ուժի ու վերածնման անասելի կամքի մասին:

    Հոգեւոր Տէ’ր, աշխարհի տարբեր երկրների հայ հաւատաւոր ժողովրդի համար դա եւս վկայութիւնն է այն բանի, որ անկախ բազում զրկանքներից ու դժուարութիւններից, հայ ժողովուրդը կերտելու է իր լուսաւոր ապագան, արդարութեան ու հաւատքի, ապրելու պահանջով:

    Հայ Կաթողիկէ եկեղեցու գործունեութիւնն անցնող ամիսներին Ձեր գլխաւորութեամբ ակնածանքի, շնորհակալութեան է արժանի: Դուք Ձեր աշխատանքով, Հռոմի հետ ունեցած սերտ կապով եւ, որպէս Եկեղեցի, Ձեր նուիրական եւ հոգեւոր գործունէութեամբ շահել եք Հռոմի Սրբազնագոյն Քահանայապետի սերն ու հարգանգը, ինչն իր արտացոլումը գտաւ Սուրբ Պատարագի ժամանակ: Հատկապես բարձր գնահատանքի է արժանի Ձեր կողմից իրականացուած կազմակերպչական աշխատանքները՝ Հայ Կաթողիկէ Պատրիարքարանի «Կռունկ» եւ Գյումրիի «Տիրամայր Հայաստանի» երգչախմբերի եւ դուդուկի աննախադեպ ու ոգեշունչ կատարումները, հայկական երգն ու աղօթքը:

    Անչափ շնորհակալ ենք նաեւ Պատարագից հետոյ կազմակերպուած ճաշկերոյթի համար, Ձեր ուշադիր եւ մարդկային վերաբերմունքի համար, որ այդ պատմական պահին նոյնիսկ չմոռացաք յիշել իմ ծննդեան օրուայ մասին:

    Կրկին շնորհակալութիւնս եւ երախտագիտութիւնս եմ յայտնում Ձեզ՝ Հոգեւոր Տէր եւ Ձեր եկեղեցու բոլոր սպասաւորներին:

    Թո’ղ Աստուած Ձեզ երկար կեանք պարգեւի եւ բազմապատկի Ձեր ջանքերը՝ Հայրենիքի եւ Սփիւռքի անխախտ կապերի ամրապնդման եւ Հայ դատի արդար պահանջի լուծման ճանապարհին:

     

    Խորին Հարգանքով՝

    Հրանուշ Յակոբեան

    Երեւան,

    15/04/2015»

Օրացույց

Օրացույց