«Արդյո՞ք մենք Տիրոջը սիրող աշակերտներ ենք, փնտրո՞ւմ ենք Նրան, թե՞ մեր հավատքը սովորություն է դարձել»:
Հունվարի 14-ին, «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց Հովհաննեսի Ավետարանից վերցված մի հատվածի շուրջ, որը ներկայացնում է Հիսուսի հանդիպումը առաջին աշակերտների հետ (Հվ.1,35-42):
Այդ տեսարանը խրախուսում է մեզ հիշել, թե երբ և ինչպես ենք առաջին անգամ հանդիպել Հիսուսին, վերապրել Նրան հետևելու ուրախությունն ու հարցնել ինքներս մեզ. ի՞նչ է նշանակում լինել Տիրոջ աշակերտը, ասաց Նորին Սրբությունը՝ պարզաբանելով, որ այսօրվա ընթերցման ավետարանական հատվածը կօգնի մեզ պատասխանել այդ հարցին: Հիմնաբառերն են. փնտրել Հիսուսին, ապրել Հիսուսի հետ, հռչակել Հիսուսին:
Ամենից առաջ փնտրել. «Ի՞նչ եք ուզում», – հարցնում է Հիսուս Հովհաննես Մկրտչի երկու աշակերտներին, ովքեր հետևել էին Նրան: Ահա այսպիսի խոսքերով է Տերն առաջին անգամ դիմում նրանց, ընդգծեց Սրբազան Քահանայապետը. «Նա հատուկ է այդ հարցը տալիս, որպեսզի նրանք գիտակցեն իրենց ցանկությունն ու նպատակը, քանի որ Տիրոջը պետք չեն մակերեսային հետևորդներ, այլ խոհեմ մարդիկ, ովքեր հասկանում և ընկալում են Իր խոսքը: Հետևաբար, Հիսուսի աշակերտը դառնալու համար՝ պետք է ամենից առաջ փնտրել Նրան»:
Իմանալու համար, թե ինչ էին փնտրում առաջին աշակերտները, մեզ օգնում է երկրորդ բայը, որն է ապրել, բնակվել, շարունակեց Նորին Սրբությունը. «Նրանց պետք չէին նորություններ կամ տեղեկություններ Աստծո մասին, նշաններ կամ հրաշքներ, նրանք ցանկանում էին հանդիպել Փրկչին, խոսել և լինել Նրա հետ, լսել Նրան: Այդ իսկ պատճառով նրանք անմիջապես հարցնում են Հիսուսին. «Ո՞ւր է քո օթևանը»: Իսկ Քրիստոս պատասխանում է. «Եկե՛ք և տեսե՛ք»: Տիրոջ աշակերտի համար ամենակարևորը Հիսուսի հետ լինելն ու մնալն է: Հավատքն ամենևին էլ տեսություն չէ, այլ հանդիպում, որը քաջալերում է գնալ և տեսնել, թե որտեղ է բնակվում Տերն ու ապրել Նրա հետ»:
Փնտրել, ապրել և, վերջապես, հռչակել Տիրոջը, շարունակեց Սրբազան Քահանայապետը: Աշակերտները փնտրեցին Քրիստոսին, այնուհետև գնացին Նրա հետևից ու Նրա հետ մնացին ամբողջ գիշեր. «Առաջին հանդիպումը Հիսուսի հետ այնպիսի հզոր փորձառություն էր, որ այդ երկու աշակերտներն ընմիշտ կհիշեն ճշգրիտ ժամանակը. «Մոտ ժամը չորսն էր»: Սա մի զորեղ հանդիպում է եղել, որովհետև նրանց սրտերն այնքան լի էին ուրախությամբ, որ նրանք անմիջապես ցանկանում են հաղորդել իրենց ստացած պարգևի մասին: Ավելին, նրանցից մեկը՝ Անդրեասը, շտապում է այն կիսել իր եղբոր հետ»:
Խորհրդածության ավարտին Նորին Սրբությունը կրկին կոչ արեց յուրաքանչյուրին հիշել իրենց առաջին հանդիպումը Տիրոջ հետ: Ե՞րբ է դա տեղի ունեցել: Արդյո՞ք մենք Տիրոջը սիրող աշակերտներ ենք, փնտրո՞ւմ ենք Նրան, թե՞ մեր հավատքը սովորություն է դարձել: Արդյո՞ք աղոթելիս մենք Նրա ներկայության մեջ ենք և կարողունո՞ւմ ենք լռել Նրա հետ միասին: Արդյո՞ք մենք ցանկանում ենք ուրիշներին հաղորդել ու կիսվել Տիրոջ հետ հանդիպման գեղեցկությամբ:
«Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը՝ Հիսուսի առաջին աշակերտուհին, մեր մեջ սերմանի Տիրոջը փնտրելու, Նրա հետ ապրելու և Նրան հռչակելու փափագը»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը