«Հիվանդները, թույլերն ու աղքատները Եկեղեցու սրտում են»:
««Լավ չէ, որ մարդը միայնակ լինի»: Բուժել հիվանդին՝ հոգ տանելով հարաբերությունների մասին». սա էր Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ուղերձի թեման՝ Հիվանդների համաշխարհային 32-րդ օրվա կապակցությամբ, որը կնշվի փետրվարի 11-ին՝ Լուրդի Աստվածամոր տոնին:
Ի սկզբանե Աստված մարդուն ստեղծել է հաղորդացության և շփման համար, գրում է Նորին Սրբությունը: Մենք մեզ բավականին լավ ենք զգում, երբ կան ընկերական և փոխադարձ սիրո հարաբերություններ, դրա համար էլ միայնակ մնալու փորձառությունը մեզ վախեցնում է, թվում ցավալի և նույնիսկ անմարդկային, հատկապես նրանց համար, ովքեր գտնվում են խոցելի վիճակում՝ ծանր հիվանդության պատճառով: Սրբազան Քահանայապետը որպես օրինակ է բերում միայնության և մեկուսացման դժվարին փորձառությունը COVID-19 համաճարակի ժամանակ, ինչպես նաև պատերազմի պատճառած ցավն ու ողբերգությունը, քանզի պատերազմը «ծանր սոցիալական հիվանդություն է, որի համար ամենաբարձր գինը վճարում են ամենաթույլերը»:
Սակայն նույնիսկ խաղաղ և բարգավաճ երկրներում ծերերն ու հիվանդները հաճախ են միայնակ մնում, որի պատճառը անհատապաշտության մշակույթն է, որը բարձրացնում է արտադրողականությունը և անողոք է նրանց նկատմամբ, ովքեր ուժ չունեն բոլորի հետ համընթաց քայլելու համար: Հենց սա էլ ծնում է «թափոնների մշակույթը», երբ աղքատներն ու հիվանդները, ինչպես նաև մարդիկ, ովքեր «դեռ պետք չեն»՝ այսինքն նոր ծնվող երեխաները, կամ էլ «արդեն պետք չեն»՝ այսինքն ծերերը, դադարում են գերակա արժեք լինել: Հաճախ այս ամենին նպաստում է քաղաքականությունը, որն ունակ չէ մարդկային արժանապատվությունն ու կարիքները առաջնային և կարևոր համարել, պարզաբանում է Նորին Սրբությունը:
Հոգ տանել հիվանդի մասին, գրում է Սրբազան Քահանայապետը, նշանակում է հոգ տանել նրա բոլոր հարաբերությունների մասին՝ Աստծո, այլ մարդկանց՝ ընտանիքի, ընկերների, բուժաշխատողների, ինքներս մեզ հետ։ Սա է այն հիմնական թերապիան, որը մենք բոլորս պետք է կատարենք մեր հասարակության հիվանդությունները բուժելու համար:
Դիմելով հիվանդներին՝ Նորին Սրբությունը խնդրում է նրանց «չամաչել մոտիկության և քնքշության իրենց ցանկությունից», չթաքցնել այն և չմտածել, որ իրենք բեռ են ուրիշների համար.
«Հիվանդների վիճակը մեզ դրդում է դանդաղեցնել այն շտապողականությունը, որի մեջ ընկղմված ենք և նորից վերագտնել ինքներս մեզ»:
Մենք բոլորս կոչված ենք «բուժելու միայնության և մեկուսացման վերքերը»՝ ընդօրինակելով Հիսուսին, դրանով իսկ օգնելով պայքարել անհատապաշտության, անտարբերության և «թափոնների մշակույթի» դեմ։
«Հիվանդները, թույլերն ու աղքատները Եկեղեցու սրտում են և պետք է լինեն մեր մարդկային ուշադրության ու հովվական հոգածության կիզակետում», – ուղերձի ավարտին գրում է Սրբազան Քահանայպետը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը