«Ասա ինձ, թե ինչպես ես ուտում, և ես կասեմ, թե ով ես դու»:
Հունվարի 10-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակելով քրիստոնեական ուսուցումների շարքը «արատներ և առաքինություններ» թեմայի վերաբերյալ, ընդհանուր ունկնդրության ժամանակ խորհրդածեց «որկրամոլություն» արատի շուրջ:
Դիմելով Պողոս VI սրահում հավաքված ուխտավորներին՝ Նորին Սրբությունը հիշեցրեց մարդկային ուրախությունների հանդեպ Տիրոջ ողորմած կարեկցանքի մասին. Քրիստոս լրացնում է լավ գինու պակասը Կանայում, պաշտպանում է սոված աշակերտներին, ովքեր շաբաթ օրով ցորենի հասկեր էին պոկել: Հիսուսի վարքագիծը խայտառակություն է, քանի որ Նա ոչ միայն հաց է ուտում մեղավորների հետ, այլ նաև պատրաստ է շփվել լքյալների հետ: Գեղեցիկ առակով Տերը նոր սկզբունք է հաստատում. հարսանիքի հյուրերը չեն կարող ծոմ պահել, քանի դեռ փեսան իրենց հետ է, նրանք ծոմ կպահեն, երբ փեսան վերցվի նրանցից: Բացի այդ, Հիսուս չեղարկում է սննդի դասակարգումը մաքուրի և անմաքուրի, սակայն հիմա նրա հանդեպ վերաբերմունքը պետք է վերանայել, հատկապես «հարուստ հասարակության» մեջ, որտեղ շատ անհավասարակշռություն և ախտաբանություն կա: Մարդիկ շատ կամ քիչ են ուտում, հաճախ միայնակ են սնվում, սննդառության խանգարումներ են ունենում. անորեքսիա, բուլիմիա, Ճարպակալում, ընդգծեց Սրբազան Քահանայապետը.
«Այս հիվանդությունները հիմնականում կապված են հոգեկան տառապանքի հետ։ Տերը մեզ ասում է, որ արատավոր է ոչ թե բուն սնունդը, այլ մեր վերաբերմունքը նրա նկատմամբ: Սնուցումը ներքին ինչ-որ բանի դրսևորում է. հավասարակշռություն կամ անժուժկալություն, երախտապարտ լինելու ունակություն կամ ինքնուրույնության ամբարտավան պահանջ, կարեկցանք նրանց հանդեպ, ովքեր ուտելիքով կիսվում են կարիքավորների հետ, կամ նրանց եսասիրությունը, ովքեր ամեն ինչ կուտակում են միայն իրենց համար: «Ասա ինձ, թե ինչպես ես ուտում, և ես կասեմ, թե ով ես դու»»:
Նորին Սրբությունը հիշեցրեց, որ հնում սուրբ հայրերը շատակերության արատը անվանել են «gastrimargia», որը նշանակում է որկրամոլություն: Այս արատը կարևոր խնդիր է ոչ միայն առանձին մարդկանց համար, այլ սպառնում է ողջ մարդկության և շրջակա միջավայրի ապագային, ընդգծեց Նորին Սրբությունը:
«Մենք հարձակվեցինք ամեն ինչի վրա, որպեսզի դառնանք այդ ամենի տերը, մինչդեռ հենց սկզբից դա տրված էր մեր խնամքին։ Կատաղի ընչաքաղցության մեծ մեղքն այն է, որ մենք հրաժարվեցինք «մարդ», անունից, որպեսզի ինչ-որ մեկի թեթև ձեռքով կոչվեինք «սպառողներ»: Մենք ստեղծված ենք, որպեսզի լինենք Հաղորդության մարդիկ, երախտապարտ, հոգատար երկրի հանդեպ, սակայն փոխարենը մենք դառնում ենք գիշատիչներ: Մենք հիմա հասկանում ենք, որ որկրամոլությունը հսկայական վնաս է հասցրել ինչպես մեզ, այնպես էլ շրջակա միջավայրին: Թո՛ղ Տերը մեզ օգնի մեր սթափության ճանապարհին, որպեսզի ոչ մի որկրամոլություն չտիրի մեր կյանքին», քրիստոնյաներին կոչ արեց Սրբազան Քահանայապետը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը