«Մենք հիշու՞մ ենք մեր Մկրտության ամսաթիվը»:
Հունվարի 7-ին՝ Տիրոջ Մկրտության տոնին, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, մեկնաբանեց օրվա ավետարանական ընթերցումը (Մկ. 1,7-11):
Մարկոս Ավետարանիչը պատմում է Հովհաննես Մկրտչի մասին, Ով Հորդանան գետում մկրտում էր մարդկանց հոծ բազմության, հիշեցրեց Նորին Սրբությունը: «Մարդիկ անկեղծությամբ ու խոնարհությամբ գնում են մկրտվելու», նրանց միանում է Տեր Հիսուսը՝ սկսելով Իր ծառայությունը. «Իր այդ քայլով Նա ցույց է տալիս, որ ցանկանում է լինել մեղավորների կողքին, որ Նա եկել է հանուն նրանց, հանուն մեզ, հանուն բոլոր մեղավորների»: Այդ օրը անսովոր բաներ են տեղի ունենում, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, քանի որ Հովհաննես Մկրտիչը մյուսներից արտաքնապես չտարբերվող Հիսուսին ճանաչում և ընդունոմ է՝ որպես մեկին, Ով «հզոր» է իրենից (տես՝ Մկ. 1,7), Ով «կմկրտի Սուրբ Հոգով» (տես՝ Մկ. 1,8): Այնուհետև երկինքը պատռվում է և Սուրբ Հոգին՝ որպես աղավնի, իջնում է Հիսուսի վրա (տես՝ Մկ. 1,10), Երկնային Հոր ձայնը հռչակում է. «Դու՛ ես իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճությունը» (Մկ. 1,11):
Այս ամենը բացահայտում է, որ Հիսուս՝ Աստծո Որդին է, իսկ մենք Աստծո զավակներն ենք դարձել Մկրտության միջոցով, պարզաբանում է Նորին Սրբությունը: Մկրտության ժամանակ Աստված գալիս է մեզ մոտ, մաքրում և բժշկում մեր սրտերը մեղքից՝ մեզ հավերժ դարձնելով Իր զավակները, Իր ժողովուրդն ու ընտանիքը, Դրախտի ժառանգորդները, ընդգծեց Սրբազան Քահանայապետը.
«Աստված մեզ մոտ է դառնում և այլևս չի լքում: Ահա, թե ինչու է շատ կարևոր հիշել Մկրտության օրը: Ես խնդրում եմ ձեզ բոլորիդ խորհել հետևյալի մասին. «արդյո՞ք մենք հիշում ենք մեր Մկրտության ամսաթիվը: Եթե որևէ մեկը չի հիշում, ապա երբ վերադառնա տուն, թող հարցնի այդ մասին, որպեսզի այլևս չմոռանա, չէ որ դա նոր ծննդյան օր է, քանզի Մկրտության պահին մենք ծնվում ենք շնորհով ապրելու համար: Եկե՛ք շնորհակալություն հայտնենք Տիրոջը Մկրտության և ծնողների համար, ովքեր առաջնորդեցին մեզ դեպի կնքավազանը, շնորհակալ լինենք նրանց, ովքեր կատարեցին Մկրտության Խորհուրդը: Մկրտության տոնակատարությունը նոր ծննդյան օր է»:
Նորին Սրբությունը կոչ արեց հավատացյալներին խորհել հետևյալի շուրջ. Արդյո՞ք մենք գիտակցում ենք, թե ինչ հսկայական պարգև ենք կրում մեր մեջ Մկրտության միջոցով: Արդյո՞ք մենք ճանաչում ենք Աստծո ներկայության լույսը, Ով յուրաքանչյուրի մեջ տեսնում է Իր սիրելի որդուն և աղջկան:
«Սուրբ Կույս Մարիամ, Սուրբ Հոգու տաճար, օգնի՛ր մեզ փառավորելու և ընդունելու այն հրաշքները, որոնք Տերը գործում է մեր մեջ», խորհրդածության ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը