• Մոգերը մարմնավորում են Աստծուն փնտրողների կերպարը

    «Եկե՛ք մեր աչքերը բարձրացնենք դեպի երկինք, գնանք Տիրոջը փնտրելու և մեր սրտերը խոնարհենք երկրպագության մեջ»:


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հունվարի 6-ին՝ Վատիկանի բազիլիկայում, գլխավորեց Աստվածահայտնության Սուրբ Պատարագը և իր քարոզում կոչ արեց քրիստոնյաներին հետևել մոգերի օրինակին, ովքեր գնացին Բեթղեհեմյան աստղի հետևից, որը նրանց առաջնորդեց Բեթղեհեմ՝ նոր ծնված Թագավորին որոնելու համար:

     

    Նորին Սրբության խոսքերի համաձայն, մոգերը ներկայացնում են տարբեր ժողովուրդներին, ովքեր փնտրում են Աստծուն, ուխտավորներին, ովքեր լսել են փրկության լուրը, մոլորվածներին, ովքեր ականջ են դրել բարեկամական ձայնի կանչին: Այդ իմաստուն ուխտավորները սովորեցնում են, որ Աստծուն գտնելու համար մենք պետք է նայենք դեպի վեր, փնտրենք Նրան մեր առօրյա իրականության մեջ և Նա միշտ պետք է ներկա լինի մեր կյանքում:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ մոգերը չեն սահմանափակվում միայն երկրային հոգսերով, այլ բարձրացնում են իրենց հայացքը և փրկություն ակնկալում երկնքից, երկնային լույսից, որը ցույց է տալիս նրանց կյանքի իմաստը: Դա բանալի է, որը բացահայտում է մեր գոյության իրական իմաստը, քանզի այն հանգչում է, երբ մենք պարփակվում ենք երկրային իրերի նեղ շրջանակում,  դառնում մեր սեփական անհաջողությունների և ափսոսանքների պատանդը, երբ մենք փափագում ենք աշխարհիկ բարեկեցություն ու մխիթարություն, և չենք փնտրում լույս ու սեր:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ Աստծո հետ հանդիպումը մեծ հույս է տալիս, որը դրդում է փոխել կենսակերպը և փոխակերպել աշխարհը: Մենք պետք է ընդօրինակենք մոգերին, ովքեր Աստծուն փնտրում են մարդկանց և աղքատ մսուրում պառկած Մանուկի մեջ: Անսահման մեծ Աստվածն Ինքն Իրեն բացահայտում է անսահման փոքրության մեջ, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Դրա համար էլ շատ կարևոր է Աստծուն փնտրել մարդկանց՝ հատկապես ամենաղքատների մեջ, ովքեր ամեն օր անցնում են մեր կողքով:

     

    Բացի այդ, նայելով երկնային աստղին՝ մոգերը կեղծ բարեպաշտություն չեն ցուցադրում, նրանք ճանապարհ են ընկնում, սակայն չեն նմանվում աննպատակ զբոսաշրջիկներին, այլ Մանուկին նվիրում են թակարժեք նվերներ և խոնարհվում Նրա առաջ, հիշեցրեց Նորին Սրբությունը: Դրա համար էլ Սուրբ Ծննդյան Խորհրդին ընդառաջ, քրիստոնյաները պետք է իրենց սրտերն ու ծնկները խոնարհեն Աստծո առաջ, Ով գալիս է փոքրության մեջ, ապրում է մեր առօրյա կյանքում և մահանում հանուն մեր սիրո: Խոստովանենք ու ընդունենք Հիսուսին՝ որպես մեր Աստված և Տեր, կոչ արեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Եկե՛ք մեր աչքերը բարձրացնենք դեպի երկինք, գնանք Տիրոջը փնտրելու և մեր սրտերը խոնարհենք երկրպագության մեջ: Աղոթենք, որպեսզի երբեք չկորցնենք Աստծուն փնտրելու, հույսի մարդ և անվախ երազող լինելու քաջությունը, ովքեր հետազտում են երկինքը և քայլում աշխարհի ճանապարհներով»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց