• Եկե՛ք լինենք Հիսուսի լույսը արտացոլող մարդիկ

    «Լույսը Հիսուսն է»:


    Գալստյան շրջանի երրորդ կիրակի օրը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց Հովհաննես Մկրտչի առաքելության մասին, ով «Աստծուց ուղարկված մարգարե է, որպեսզի վկայի լույսի մասին» (Հվհ.1,6-8,19-28):

     

    Հովհաննես Մկրտիչը վկայում է անմիջական ու անկեղծ լեզվով, ազնիվ վարքով ու ճգնավոր կյանքով, ընդգծեց Նորին Սրբությունը: Հովհաննեսի նման մարդիկ, ովքեր ազնիվ, ազատ ու խիզախ են, խրախուսում են մեզ կյանքում ինչ-որ կարևոր բան անել և առաքինության օրինակ դառնալ ուրիշների համար: Տերն այդպիսի մարդկանց ուղարկում է ամեն դարաշրջանում, ընդգծեց Սրբազան Քահանայապետն ու կոչ արեց սովորել ճանաչել նրանց և հետևել նրանց օրինակին։

     

    Հովհաննես Մկրտիչը շողում էր, քանի որ վկայում էր լույսի մասին: Նա հստակ ասում է ամբոխին, որ այդ Լույսը ինքը չէ, որ ինքը Մեսիան չէ (տես՝ Հվհ. 1,19-20): Լույսը Հիսուսն է, Աստծո Գառը, Աստված, Ով փրկում է: Միայն Հիսուսն է փրկում, ազատում, բուժում և լուսավորում: Ահա, թե ինչու Հովհաննեսը պարզապես «ձայն» է, ով եղբայրներին տանում է դեպի Խոսքը, նա ծառայում է առանց պատիվ և համբավ փնտրելու, նա ճրագ է, իսկ լույսը Քրիստոսն է (տես՝ Հվհ. 1,26-27, 5,35):

     

    Հովհաննես Մկրտչի օրինակը մեզ սովորեցնում է, որ մենք չենք կարող միայնակ փրկվել և միայն Աստծո մեջ է մարդը գտնում կյանքի լույսը, ասաց Նորին Սրբությունը: Մեզանից յուրաքանչյուրն իր ծառայությամբ, հավատարմությամբ, հեզությամբ ու կյանքի վկայությամբ, իհարկե միշտ Աստծո ողորմածության շնորհիվ, կարող է լինել ճրագ, որը լուսավորում է և օգնում ուրիշներին գտնել Հիսուսին հանդիպելու ճանապարհը:

     

    Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետը կոչ արեց հավատացյալներին մտածել հետևյալ հարցի շուրջ. ինչպե՞ս կարող ենք վկայել Քրիստոսի մասին այնտեղ, որտեղ ապրում ու աշխատում ենք և հիմա՝ այս Սուրբ Ծննդին, այլ ոչ թե հեռավոր ապագայում:

     

    «Սուրբ Կույս Մարիամ, սրբության հայելի, օգնի՛ր մեզ լինել այնպիսի մարդիկ, ովքեր արտացոլում են Հիսուսի լույսը, որ գալիս է»:

     

    Այնուհետև Նորին Սրբությունը ողջունեց երեխաներին, ովքեր իրենց ձեռքերում պահում էին մանուկ Հիսուսի արձանիկները և սպասում, որ Սրբազան Քահանայապետն այն օրհնի.

     

    «Օրհնելով Աստվածամանուկ Հիսուսի արձանիկները՝ ես խնդրում եմ ձեզ աղոթել Սուրբ Ծննդյան մսուրի առաջ այն երեխաների համար, ովքեր Սուրբ Ծնունդը տոնելու են այնտեղ, որտեղ պատերազմ է, փախստականների ճամբարներում, վշտերի և տառապանքների մեջ: Շնորհակալություն ձեզ այդ աղոթքի համար, ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում եմ ուրախ Սուրբ Ծնունդ»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց