• Նորին Սրբությունը կոչ արեց չափավորության ցուցաբերել ԶԼՄ-ներից և սոցիալական ցանցերից օգտվելիս

    «Եկե՛ք արժևորենք լռությունը, չափավորությունը և լսելու ունակությունը, նույնիսկ եթե պիտի քայլենք հոսանքին հակառակ»:  


    Դեկտեմբերի 10-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, Գալստյան շրջանի երկրորդ կիրակի օրը, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը մեկնաբանեց օրվա ավետարանական դրվագը Հիսուսի նախակարապետի՝ Հովհաննես Մկրտչի մասին, ում Մարկոս Ավետարանիչը նկարագրում է՝ որպես «անապատում կանչողի ձայն» (Մկ. 1,1-8):

     

    «Այս երկու իրար հակասող պատկերները՝ ամայի անապատը, որտեղ անհնար է շփվել որևէ մեկի հետ, և ձայնը, այսինքն՝ հաղորդակցվելու և շփվելու միջոցը, կարծես միավորվում են Հովհաննես Մկրտչի մեջ»: Հովհաննեսը քարոզում է Հորդանան գետի մոտ, որտեղ իր ժողովուրդը դարեր առաջ ոտք է դրել Ավետյաց երկիր, հիշեցրեց Նորին Սրբությունը: Հովհաննես Մկրտիչը կարծես ասում է. Աստծուն լսելու համար հարկավոր է վերադառնալ անապատ, որտեղ քառասուն տարի Նա ուղեկցեց, պաշտպանեց և խրատեց Իր ժողովրդին: Անապատը պահանջում է լռություն և կենտրոնացում այն ամենի վրա, ինչը անհրաժեշտ է կյանքի համար:

     

    Սա միշտ արդիական հիշեցում է, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, քանզի ճշմարիտ կյանքով ապրելու համար անհրաժեշտ է ձերբազատվել «ավելորդից»՝ հասկանալով, թե ինչն է իսկապես կարևոր Աստծո առաջ: Ունայն խոսքերից և ավելորդ շաղակրատությունից ազատում է միայն լռությունն ու աղոթքը, երբ մենք Հիսուսին, Ով Աստծո Խոսքն է, հրավիրում ենք մեր կյանք: Լռությունն ու չափավորության պահպանումը խոսելիս, իրերից, ԶԼՄ-ներից և սոցիալական ցանցերից օգտվելիս՝ քրիստոնեական կյանքի ամենակարևոր տարրերն են, ընդգծեց Նորին Սրբությունը:

     

    Ձայնը շատ կարևոր է, քանզի այն օգնում է արտահայտել այն ամենը, ինչ մտածում և կրում ենք մեր սրտերում, ընդգծեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Ձայնը սերտորեն կապված է լռության հետ, քանզի արտահայտում է այն, ինչը հասունանում է ներքնապես և լսելի դարձնում Սուրբ Հոգու խորհուրդները մեզ: Եթե մարդ լռել չգիտի, ապա նա դժվարությամբ է որևէ լավ խոսք ասում, սակայն որքան գիտակցված է լռությունը, այնքան ազդեցիկ է խոսքը: Հովհաննես Մկրտչի ձայնի մարգարեական զորությունը պայմանավորված է նրա փորձառության իսկությամբ և սրտի պարզությամբ»:

     

    Խորհրդածության ավարտին Նորին Սրբությունը կոչ արեց մտածել, թե մեր կյանքում ի՞նչ տեղ է զբաղեցնում լռությունը և ինչպիսի՞ն է այն. ունա՞յն, ընկճո՞ղ, թե՞ տարածություն ուշադրության, աղոթքի և սրտի մաքրման համար: Արդյո՞ք մենք ժուժկալ ենք, թե՞ մեր կյանքը լի է ավելորդություններով: «Եկե՛ք արժևորենք լռությունը, չափավորությունը և լսելու ունակությունը, նույնիսկ եթե պիտի քայլենք հոսանքին հակառակ: Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ, որպեսզի սիրենք անապատը և դառնանք վստահելի ձայներ, ովքեր հռչակում են Իր Որդու գալուստը»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց