• Եկե՛ք նախապատրաստենք մեր սրտերը Տիրոջ հետ հանդիպմանը

    «Արթուն կացե՛ք»:


    Դեկտմբերի 3-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը գլխավորեց «Հրեշտակ Տեառն» աղոթքը Սանտա Մարթա մատուռից: Նորին Սրբության առողջական վիճակը բարելավվում է, և նա շարունակում է համապատասխան թերապիան։ Աղոթքն ուղիղ եթեր է հեռարձակվել է հեռուստատեսությամբ և Սուրբ Պետրոսի հրապարակի էկրաններով:

     

    Սրբազան Քահանայապետի խորհրդածությունը կարդաց պետքարտուղարության աշխատակիցը։ «Հիսնակաց շրջանի այս առաջին կիրակի օրը, որը մեզ է առաջարկում օրվա ավետարանական ընթերցումը (Մկ. 13.33-37), Հիսուս երեք անգամ դիմում է մեզ՝ պարզ ու անմիջական հորդորով. «Արթուն կացե՛ք»», – հիշեցնում է Նորին Սրբությունն՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է զգոնությանը: «Երբեմն այս առաքինությունն ընկալվում է որպես մոտալուտ պատժի վախից առաջացած վարքագիծ, կարծես ուր որ է երկնքից երկնաքար կընկնի վար և կոչնչացնի մեզ, եթե մենք ժամանակին խույս չտանք դրանից: Սակայն քրիստոնեական զգոնության իմաստը լրիվ այլ է», ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    Տեր Հիսուսը դա պարզաբանում է առակով, երբ տան տերը գնում է հեռու երկիր, իսկ ծառաները սպասում են նրա վերադարձին: Այդ ծառաները մտերմիկ և ընկերական հարաբերություններ ունեն իրենց տիրոջ հետ և չեն վախենում, այլ անհամբերությամբ և սիրով սպասում են նրա վերադարձին: Նրանք ջանասիրաբար պատրաստվում են, որպեսզի նրան դիմավորեն ջերմորեն և ուրախությամբ, ինչպես երջանիկ ընտանիքում, որին վերամիավորում է սպասում:

     

    Նորին Սրբությունը կոչ է անում հենց նման սիրով լի ակնկալիքով դիմավորել Հիսուսին. Սուրբ Ծննդին, որը մենք շուտով կտոնենք, ժամանակների վերջում, երբ Նա փառքով կվերադառնա, ամեն օր, երբ Նա մեզ հետ հանդիպման է գալիս Հաղորդության մեջ, Աստծո Խոսքի, եղբայրների և քույրերի, հատկապես՝ ամենակարիքավորների մեջ»։

     

    Հետևաբար, շարունակում է Սրբազան Քահանայապետը, Սուրբ Ծննդյան տոնին նախորդող այս շաբաթների ընթացքում «եկե՛ք հոգատարությամբ նախապատրաստենք մեր սրտի տունը, որպեսզի այն լինի կոկիկ և հյուրընկալ», քանզի արթուն լինել նշանակում է սրտի պատրաստակամություն.

     

    «Եկե՛ք Տիրոջը դիմավորենք և ընդունենք աղոթքով ու սիրով, հայցելով Նրա ներումը, հնազանդվելով Նրա Խոսքին, մոտենալով Նրա Խորանին, ժամանակ գտնելով աղոթքի համար, Նրան տեսնելով կարիքավորների մեջ: Եկե՛ք պահպանենք Տիրոջ սպասումի այս մթնոլորտը և արթուն պահենք մեր սրտերը, որոնք փափագում են Տիրոջը, զգոնությամբ ու պատրաստակամությամբ սպասում Նրա հետ հանդիպմանը»:

     

    Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամն օգնի քրիստոնյաներին ընդունել Տիրոջը, որ գալիս է:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց