• Գիւմրիի կաթողիկէ երիտասարդները երթով ու մոմավառութեամբ յիշեցին Մեծ Եղեռնի նահատակներին

    Գիւմրիի կաթողիկէ երիտասարդները երթով ու մոմաւառութեամբ յիշեցին Մեծ Եղեռնի նահատակներին


    2015թ. ապրիլի 22-ի երեկոյեան Գիւմրիի հայ կաթողիկէ ժողովրդապետութեան երիտասարդները եւ Տիրամայր Հայաստանի կենտրոնի պատանիները միասնական երթով ու մոմաւառութեամբ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին: Նրանք Գիւմրիի եւ Աշոցքի հայ կաթողիկէների ժողովրդապետ Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայեանի գլխաւորութեամբ Սրբոց Մարտիրոսաց կաթողիկէ եկեղեցու մօտից երթով քայլեցին մինչեւ Բագրատունեաց պուրակ, որտեղ նոր տեղադրուած խաչքարի մօտ Հայր Պետրոսը Փանիկի ժողովրդապետ Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Յովսէփեանի եւ Բավրայի ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավ. Քհնյ. Մկրտչեանի  հետ միասին կատարեց Եղեռնի զոհերի հոգեհանգստեան կարգ, որի աւարտին Հ. Պետրոսը երիտասարդներին ուղղուած իր խօսքում կոչ արեց միշտ մտապահել, որ Ցեղասպանութեան ժամանակ սպանուած հայորդիները նահատակուեցին հաւատքի համար՝ նմանուելով մեծ նահատակ սրբերին, ինչպէս Սբ. Իգնատիոս Անտիոքացին, ով ասում էր, որ երազում է որպէս հաց աղացուել Հռոմի գազանների երախներում եւ այդպիսով նմանուել Յիսուսին: Ի դէպ,  երիտասարդները իրենց ձեռքերում բռնած ունէին նոյն սրբի անուանակից եւ բախտակից հայ կաթողիկէ եպիսկոպոս Իգնատիոս Մալոյեանի լուսանկարը, ով 1915թ. հունիսին նահատակուեց Արեւմտեան Հայաստանի Մարտին քաղաքում, իր 400-ից հոգեւոր զաւակների հետ միասին, եւ Հռոմի Սրբազան Քահանայապետի կողմից Երանելիների շարքը դասուեց 2001թ.: Հայր Պետրոսն աղօթեց, որ Աստուած հաւատքի համար նահատակուած հայերին ընդունի իր գիրկը եւ որպէսզի նրանց օրինակով քրիստոնէական հաւատքն ապրի հայ ազգի մէջ: Այս միջոցառման նպատակը երիտասարդ սերնդի մէջ հաւատքը զորացնելն էր՝ նախնիների օրինակով:

     Երիտասարդները մոմեր վառեցին ու դրանցով շարեցին 1915 թիւը: Միջոցառմանը ներկայ էր այդ պահին տարածքի կառուցապատման աշխատանքները վերահսկող Գիւմրիի փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարեանը, ով եւս իր գնահատանքի խօսքն ասաց հայ կաթողիկէ երիտասարդների նախաձեռնութեան մասին:

     

     

    11149487_768538069920092_6083154397049678712_n 11150848_874966409209316_7718555638723126378_n 11165189_874966935875930_3683154252297222086_n 11179975_874966609209296_3184999932700916926_n 11182126_768538843253348_7821248307928546829_n 11188196_874966529209304_8075812148788273640_n

Օրացույց

Օրացույց