• Դեկտեմբեր ամսին Նորին Սրբությունը կոչ է անում Եկեղեցուն աղոթել հաշմանդամություն ունեցող անձանց համար

    «Ամենից առաջ պետք են մեծ սրտեր, որոնք պատրաստ են ուղեկցել հաշմանդամություն ունեցող մարդկանց»:


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի աղոթքի համաշխարհային ցանցը հրապարակել է տեսաուղերձ, որում մեկնաբանում է իր աղոթական դիտավորությունը 2023թ. դեկտեմբեր ամսվա համար. աղոթել «շարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար»:

     

    Նորին Սրբությունն ընդգծում է, որ շարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդիկ ամենից խոցելիներն են. «Նրանցից շատերը անտեսվում և մերժվում են տգիտության կամ նախապաշարմունքների պատճառով»: Հետևաբար, քաղաքացիական ինստիտուտները պետք է աջակցեն նրանց ու կրթություն ստանալու, աշխատելու և ստեղծագործելու հնարավորություն ընձեռեն:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծում է, որ անհրաժեշտ են ներառական ծրագրեր և նախաձեռնություններ, սակայն «ամենից առաջ պետք են մեծ սրտեր», որոնք պատրաստ են ուղեկցել հաշմանդամություն ունեցող մարդկանց։

     

    «Անհրաժեշտ է փոխել մեր մտածելակերպը, որպեսզի ընդունենք և գնահատենք զանազան կարողություններ ունեցող այս մարդկանց ներդրումն ու նվիրաբերումը ինչպես հասարակության, այնպես էլ Եկեղեցու կյանքում: Ուստի ամբողջությամբ հասանելի ժողովրդապետության ստեղծումը ոչ միայն ֆիզիկական խոչընդոտների վերացում է նշանակում, այլ նաև գիտակցում, որ մենք պետք է դադարենք խոսել «նրանց» մասին և սկսենք խոսել «մեր» մասին: Աղոթենք, որ հաշմանդամություն ունեցող անձինք միշտ լինեն հասարակության ուշադրության կենտրոնում, իսկ պետական հիմնարկությունները խթանեն ու զարգացնեն ներառական ծրագրեր, որոնք խրախուսում են նրանց ակտիվ մասնակցությունը»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց