• Աստծուն վստահելով՝ մենք դառնում ենք ազատ

    «Արդյո՞ք հավատում ենք, որ Աստված մեր Հայրն է և մեզ պարգևներ է տալիս, որովհետև վստահում է մեզ»:


    Նոյեմբերի 19-ին «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը կոչ արեց հավատացյալներին հաղթահարել վախն ու վստահել Աստծուն, Ով մեզ պարգևել է եզակի տաղանդներ, որոնք մենք կարող ենք կիրառել՝ ի բարօրություն բոլոր մարդկանց:

     

    Խորհրդածելով օրվա ավետարանական ընթերցման շուրջ՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ այս առակում կարելի է տեսնել Աստծու հետ հարաբերությունների տրամագծորեն հակադիր երկու ձևեր։

     

    Առաջին ձևը բնորոշվում է վախով, Աստծո ողորմածության հանդեպ հավատքի կամ վստահության բացակայությամբ, ընդգծեց Սրբազան Քահանայապետը՝ բնութագրելով առակի այն մարդուն, ով իր տիրոջից ստացած քանքարը թաքցնում է հողում. «նա ունակ չէ տեսնելու այն հարստությունը, որը նրան Տերն է տվել, քանի որ նա չի վստահում ո՛չ իր տիրոջը, ո՛չ ինքն իրեն»: Աստծո մասին նման կեղծ պատկերացումը խանգարում է նրան կատարել իր առաքելությունը:

     

    Քանքարների առակի մյուս երկու հերոսները ցույց են տալիս Աստծո հետ հարաբերությունների լրիվ ուրիշ տարբերակ. նրանք վստահությամբ են փոխհատուցում իրենց տիրոջը՝ նրա տված պարգևների համար, ասաց Նորին Սրբությունը: Այդ վստահությունը նրանց ստիպում է վտանգել այն ամենը, ինչը ստացել էին. «Նրանք իրենց ամբողջ քանքարը ներդրում են անում՝ ի սկզբանե չիմանալով, թե ինչպիսին կլինի արդյունքը: Նրանք ուսումնասիրում են, տեսնում հնարավորություններ և խելամտորեն փնտրում լավագույնը: Նրանք ունեն բավականին քաջություն, որպեսզի գործեն ազատ ու ստեղծագործաբար, որն էլ նրանց նոր հարստություն ստեղծելու հնարավորություն է տալիս» (տես՝ Մտթ. 25,20-23):

     

    Մենք կանգնած ենք խաչմերուկում, ընդգծեց Սրբազան Քահանայապետը. «Կամ մենք վախենում ենք Աստծուց, կամ էլ ապավինում ենք Նրան: Ինչպես առակի հերոսներին, այնպես էլ մեզ տրվել են տաղանդներ, որոնք շատ ավելի արժեքավոր են, քան փողը: Սակայն թե ինչպես ենք մենք օգտագործում մեզ տրված տաղանդները՝ կախված է Տիրոջ հանդեպ մեր վստահությունից, ով ազատում է մեր սրտերը և մեզ դարձնում գործունյա ու ստեղծագործ՝ բարիք գործելու համար: Միշտ հիշե՛ք, որ վստահությունը ազատում է, իսկ վախը՝ թուլացնում ու պառակտում: Սա ճիշտ է նաև երեխաների դաստիարակության հարցում։ Եկե՛ք հարցնենք ինքներս մեզ, թե արդյո՞ք հավատում ենք, որ Աստված մեր Հայրն է և մեզ պարգևներ է տալիս, որովհետև վստահում է մեզ: Ամեն օր աղոթելիս արդյո՞ք մենք ասում ենք հետևյալը. «Տեր, ես ապավինում եմ Քեզ, ինձ առաջ գնալու ուժ տուր: Ես քեզ եմ վստահում իմ այն գործերը, որոնք դու ես ինձ տվել՝ հավատալով իմ ուժերին: Տեր ինձ ասա, թե ինչպես դրանք ճիշտ կատարեմ: Եվ վերջապես, որպես Եկեղեցի, արդյո՞ք մենք փորձում ենք մեր միջավայրում ստեղծել վստահության, փոխադարձ հարգանքի մթնոլորտ, որը կօգնի մեզ միասին առաջ շարժվել, կբացահայտի մարդկանց և կխթանի սիրո ստեղծագործությունը բոլորի մեջ: Եկե՛ք մտածենք այդ մասին», խորհրդածության ավարտին կոչ արեց Նորին Սրբությունը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց