«Քրիստոս միշտ երիտասարդ է ու նորության անսպառ աղբյուր»:
Նոյեմբերի 15-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց առաքելական եռանդի մասին քրիստոնեական ուսուցումների շարքը՝ հիշեցնելով, որ նախորդ ունկնդրություններին նա խոսել է Ավետարանի ականավոր վկաների մասին:
Նորին Սրբությունը քրիստոնեական ուսուցումների այս շարքն ամփոփում է չորս կետերով՝ ներշնչված իր Evangelii gaudium առաքելական հորդորով, որն այս ամիս դառնում է տաս տարեկան:
Ըստ Սրբազան Քահանայապետի, առաջին կետը ուրախությունն է, որովհետև քրիստոնեական պատգամն ինքնին սկսվում է «մեծ ուրախության» ավետմամբ (Ղկ. 2,10), որի աղբյուրը Հիսուսն է: Այսպիսով, հարցն այստեղ Ավետարանի քարոզել-չքարոզելը չէ, այլ այն, թե ինչպես պետք է քարոզել Ավետարանը: Հենց այդ պատճառով էլ այն քրիստոնյան, ով տխուր է ու դժգոհ, վիրավորված է ու հավակնոտ, արժանի չէ վստահության:
Հանդիպումը Էմմավուս գնացող աշակերտների հետ ցույց է տալիս, որ Հիսուսի ընկերակցությունը հուսահատությունը վերափոխում է զատկական ուրախության: Այս ճամփորդությունը ցույց է տալիս, որ այնտեղ, որտեղ ամեն ինչ թվում է ավարտված, ուրախությունը վերածնվում է Հիսուսի հետ միասին: Այս դրվագը նաև խոսում է այն մասին, որ ավետարանացման առաջին հասցեատերերը աշակերտներն են, որովհետև, որպես արդյունք, նրանք նորից են բացահայտում Քրիստոսին՝ որպես կենդանի անձնավորություն, ընդգծեց Նորին Սրբությունը:
Հետևաբար, առաջինը հենց մենք՝ քրիստոնյաներս, ունենք ավետման կարիք: Ընկղմված լինելով ներկայիս արագ փոփոխվող և խառնաշփոթ աշխարհի հատակում՝ մենք նույնպես վտանգում ենք մեր հոգևոր կյանքը՝ մտածելով, որ այլևս ոչ ոք Ավետարան չի լսում և անիմաստ է այն հռչակելու համար ջանքեր գործադրել: Մենք կարող ենք գայթակղվել և թույլ տալ, որ «մյուսները» գնան իրենց ճանապարհով:
Մինչդեռ Ավետարանին պետք է վերադառնալ հենց այդ ժամանակ և գիտակցել, որ Քրիստոս «միշտ երիտասարդ է ու նորության անսպառ աղբյուր»: Այսպիսով, մենք վերադառնում ենք մեր առօրյա կյանք՝ մեծ գանձ գտած մարդու էներգիայով, և բացահայտում, որ մարդկությունը հույսի խիստ կարիք ունի:
Բարի և ուրախ լուրի սպասում են նաև այսօր, որովհետև դրա կարիքն ունեն «ծրագրավորված անհավատության և ինստիտուցիոնալացված աշխարհիկության» քաղաքակրթությունը և հասարակությունը, որը ամայի է թողնում կրոնական զգացումների տարածությունը: Սակայն հենց այդ պահն է բարենպաստ Ավետարանը հռչակելու համար, ընդգծեց Սրբազան Քահանայապետը:
«Ավետարանի ուրախությունը լցնում է բոլոր նրանց սրտերն ու կյանքը, ովքեր հանդիպում են Հիսուսին: Նրանք, ովքեր ընդունում են Հիսուս Քրիստոսի փրկությունը, ազատվում են մեղքից, տխրությունից, ներքին դատարկությունից և մեկուսացումից: Ուրախությունը միշտ ծնվում և վերածնվում է Հիսուս Քրիստոսի հետ»:
Նորին Սրբությունը կոչ արեց «ամեն մի քրիստոնյայի, անկախ իր գտնվելու վայրից և կենցաղային պայմաններից, հենց այսօր անձնապես հանդիպել Հիսուսին», որովհետև Նա է ուրախության աղբյուրը։
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը