• Հավատքը մշտական շարժում է պահանջում

    «Հիսուսի ճանապարհին Նրա հետ լինելու համար, անհրաժեշտ է միշտ առաջ շարժվել, նույնիսկ եթե մեր ծուլությունը խնդրում է մեզ մնալ»։


    Նոյեմբերի 8-ին՝ շարունակելով առաքելական եռանդի վերաբերյալ քրիստոնեկան ուսուցեւմների շարքը, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խոսեց Աստծո ծառա Մադլեն Դելբրելի մասին, ով ֆրանսիացի էր:

     

    Ավետարանի այս նշանավոր վկան ծնվել է 1904թ. և ապրել 60 տարի, ասաց Նորին Սրբությունը: Նա եղել է սոցիալական աշխատող, գրող և միստիկ, ով ավելի քան երեսուն տարի ապրել է Փարիզի աղքատ, բանվորական արվարձանում: Լինելով ագնոստիկ՝ Մադլենը քսան տարեկան հասակաում է հանդիպում Տիրոջը՝ քրիստոնյա ընկերների վկայության շնորհիվ: Այդ ժամանակ նա հասկանում է, որ «իր տառապանքների մեջ աղաղակող դատարկությունը» Աստված էր, Ով անդադար փնտրում էր իրեն:

     

    Հավատքի ուրախությունը Մադլենին առաջնորդում է դեպի հասուն ընտրության՝ապրել ամբողջությամբ Աստծուն նվիրված կյանք, Եկեղեցու և աշխարհի սրտի մեջ: «Հիսուսի ճանապարհին Նրա հետ լինելու համար, – գրում էր նա, – անհրաժեշտ է միշտ առաջ շարժվել, նույնիսկ եթե մեր ծուլությունը խնդրում է մեզ մնալ»։ Նրա խոսքերի համաձայն, Տերն ընտրել է մեզ, որպեսզի մենք գտնվենք «տարօրինակ հավասարակշռության» մեջ, այդ հավասարակշռությունը կարող է պահպանվել միայն շարժման մեջ. «չընկնելու համար անհրաժեշտ է՝ ողորմած սիրո ավյունով, անդադար շարժվել առաջ»:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ ականջ դնելով աշխարհի ցնցումներին և աղքատների աղաղակին, Աստծո Ծառան զգում է միսիոներական կոչում՝ «ամբողջությամբ Հիսուսի սիրով ապրելու և Նրա սիրո դիմաց սեր պարգևելու»: Մադլենը հասկանում էր, որ կենդանի Աստծո կրակը այրելու է մեզ ներսից՝ մինչև մենք Նրա անունը չասենք նրանց, ովքեր դեռ չեն գտել Փրկչին:

     

    Մադլեն Դելբրելը նաև սովորեցնում է, որ ավետելով մենք ինքներս դառնում ենք ավետարանացման թիրախ, որովհետև մեզ փոխակերպում է հենց այն Խոսքը, որը մենք հռչակում ենք, ընդգծեց Նորին Սրբությունը: Դրա համար էլ՝ հիմք ընդունելով Պողոս առաքյալի խոսքերը, Աստծո Ծառան բացականչում էր. «Վա՜յ ինձ, եթե ավետարանելն անձամբ ինձ չի ավետարանացնում»:

     

    Մադլեն Դելբրելի օրինակով, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, մենք համոզվում ենք, որ ամեն իրավիճակում Տերը ներկա է, Ով ուղարկում է միսիոներներ՝ կյանքը ուրիշների հետ կիսելու և «աշխարհի ուրախություններին ու վշտերին խառնվելու համար»: Նույնիսկ աշխարհիկ միջավայրը կարող է նպաստել դարձի գալուն, քանի որ ագնոստիկների հետ շփումը հավատացյալին հրահրում է «անընդհատ վերանայել իր հոգևոր կյանքն ու նորից բացահայտել հավատքն իր էության մեջ», ընդգծեց Նորին Սրբությունը.

     

    «Թո՛ղ Մադլեն Դելբրելը սովորեցնի մեզ ապրել շարժական, պտղաբեր հավատքով, երբ հավատքի ամեն մի գործողություն դառնում է գթության արարք Ավետարանի հռչակման ճանապարհին»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց