«Լինենք պաշտող ու ծառայության Եկեղեցի, որը լվանում է վիրավոր մարդկության ոտքերը»:
Հոկտեմբերի 29-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Սուրբ Պետրոսի բազիլիկայում գլխավորեց հոկտեմբերի 4-ին սկսված ու երեկ իր աշխատանքային նիստերն ավարտած Եպիսկոպոսների 16-րդ Սինհոդոսի առաջին փուլի եզրափակիչ Սուրբ Պատարագի արարողությունը, որին մասնակցեցին բոլոր ժողովական հայրերն ու աշխարհական անդամները։
Սուրբ Զոհի առիթով Նորին Սրբությունը մեկնաբանեց Մատթեոսի Ավետարանից վերցված օրվա ավետարանական հատվածը, որտեղ պատմվում է, թե ինչպես մի օրենսգետ Հիսուսին փորձելու համար Նրան հարցնում է. «Ո՞րն է ամենամեծ պատվիրանը» (Մտթ. 22,36): Հիսուս հստակ պատասխան է տալիս. «Պիտի սիրես Քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով։ Այս է մեծ և առաջին պատվիրանը։ Երկրորդ պատվիրանն էլ է կարևոր է. «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մտթ. 22,37-39):
Սիրել Աստծուն ամբողջ կյանքով և սիրել մերձավորին մեր անձի պես
Եղբայր կարդինալներ, եղբայրակից եպիսկոպոսներ, քահանաներ, կրոնավոր կրոնավորուհիներ, եղբայրներ և քոյրեր, մեր այս ճանապարհորդության ավարտին կարևոր է նայել «սկզբունքին ու հիմքին», որից սկիզբ առավ ամեն բան և որտեղից էլ այն նորից կսկսվի. «Սիրել Աստծուն ամբողջ կյանքով և սիրել մերձավորին մեր անձի պես», ասաց Սրբազան Քահանայապետը հաստատելով, որ հենց սա է ամեն բանի կիզակետը՝ «սիրել Աստծուն ու մերձավորին», ապա պարզաբանեց, որ այդ սերը պետք է բնութագրել պաշտել ու ծառայել բայերով։
Պաշտել
«Սիրելը պաշտել է», ասաց Նորին Սրբությունը, պաշտամունքը առաջին պատասխանն է, որ կարող ենք նվիրել Աստծուն մեզ վերապահած ձրի և զարմանալի սիրո դիմաց։ «Երկրպագել, ըստ էության, նշանակում է հավատքով ընդունել, որ միայն Աստված է Տերը, և որ մեր կյանքը, Եկեղեցու ուղին ու պատմության ճակատագիրը կախված են Նրա սիրո քնքշությունից», հարեց Սրբազան Քահանայապետը՝ հաստատելով, որ Աստված է կյանքի իմաստը։
Մերժել կուռքերը
«Աստծուն պաշտող մարդը մերժում է կուռքերը, որովհետև Աստված ազատագրում է, իսկ կուռքերը մեզ ստրուկ են դարձնում», շարունակեց Նորին Սրբությունն ու ընդգծեց, որ դրանք մարդկային ձեռքերի գործեր են, սակայն Աստված մշտապես Կենդանի է և «իմ մտածացի նման չէ, կախում չունի այն բաներից, որոնք ես ակնկալում եմ Իրենից, հետևաբար, Նա կարող է խաթարել իմ սպասումները, ճիշտ այն պատճառով, որ Նա կենդանի Աստված է։ Մենք հաճախ ուղիղ գաղափար չունենք Աստծո մասին և կարծում ենք, որ Տերը գործում է մեր ակնկալիքներին համեմատ… մինչդեռ Նրա վարվելակերպն անսպասելի է և պահանջում է զարմանք ու պաշտամունք», ասաց Ֆրանցիսկոս Պապը՝ հանձնարարելով միշտ էլ պայքարել աշխարհիկ կուռքերի դեմ։
Հովիվների համար պաշտամունքը պետք է լինի շատ կարևոր
«Հսկենք, որպեսզի այնպես չպատահի, որ մենք որպես կենտրոն ընտրենք մեզ, այլ ոչ թե Աստծուն», ասաց Սրբազան Քահանայապետը և հորդորեց, որ երկրպագությունը, պաշտամունքը հովիվների համար լինեն կարևոր. «ժամանակ հատկացնենք ամեն օր Հիսուսի՝ Բարի Հովվի հետ մտերմության համար տապանակի առջև։ Թող, որ Եկեղեցին պաշտի բոլոր թեմերն ու ժողովրդապետությունները և ամեն մի հասարակության մեջ պաշտամունք մատուցի Տիրոջը, որովհետև միայն այդ կերպ մենք կդիմենք Հիսուսին, այլ ոչ թե ինքներս մեզ… որովհետև միայն Նրա առաջ մենք պիտի բյուրեղանանք, պիտի փոխվինք ու նորոգվինք Նրա Հոգու կրակով»։
Ծառայել
«Եղբայրներ և քույրեր, պաշտենք Տեր Հիսուսին», ասաց Նորին Սրբությունը: Սիրել նշանակում է ծառայել։ Քրիստոս մեծ պատվիրանի մեջ Աստծուն ու մերձավորին իրար է կապում, որպեսզի նրանք երբեք իրարից զատված չլինեն։ Չկա սեր Աստծո հանդեպ, եթե այդ սիրո մեջ բացակայում է հոգատարությունը մերձավորի նկատմամբ: Եկեղեցու ամենամեծ բարեփոխումը՝ Աստծուն պաշտելն ու եղբայրներին Նրա սիրով սիրելն է:
Լինենք պաշտող ու ծառայության Եկեղեցի, որը լվանում է վիրավոր մարդկության ոտքերը, ընկերանում է դյուրաբեկների, տկարների, լուսանցքայինների ուղևորությանը, քնքշությամբ հանդիպում է աղքատներին։
Սերը, որով Տերն իսրայելացիներին ազատագրեց ստրկությունից, այն նույն սերն է, որը Նա պահանջում է մեզանից:
Աշխարհին հուզող մարտահրավերներն ու Ավետարանի թթխմորը
Այնուհետև Սրբազան Քահանայապետը սկսեց խորհել պատերազմի, զոհերի, գաղթականների տառապանքների, միայնակների ու աղքատության մեջ գտնվողների ցավի, խորտակված կյանքերի մասին։ Մտածում եմ, թե քանի անգամ են՝ գեղեցիկ բառերի ու համոզիչ խոստումների ներքո, խթանվել չարաշահումները և ոչ մի բան չենք արել դրանք կանխարգելելու համար։
Ծանր մեղք է տկարների չարաշահումը, ծանր մեղք, որը քայքայում է եղբայրությունն ու կործանում ընկերությունը։ Մենք՝ Հիսուսի աշակերտներս, ցանկանում ենք աշխարհին տալ այլ թթխմոր՝ Ավետարանի թթխմորը, որտեղ Աստված առաջին տեղում է ու Նրա հետ միասին բոլոր աղքատներն ու տկարները։
«Ահա սա է այն Եկեղեցին, որի մասին մենք երազում ենք». բոլորին ծառա, ընկալող, սիրող ու ծառայող Եկեղեցի, բաց դռներով ու ողորմության նաւահանգիստ Եկեղեցի, ասաց Նորին Սրբությունը:
Եղբայրության գեղեցկությունը
Սիրելիներ ավարտվում է Սինհոդոսական հավաքը։ Սուրբ Հոգու մեջ երկխոսության միջոցով մենք կարողացանք փորձարկել Տիրոջ քնքուշ ներկայությունն ու վերագտնել եղբայրության գեղեցկությունը։
Մենք իրար ունկնդրեցինք փոխադարձաբար ու մասնավորապես մեր պատմությունների հարուստ տարբերությունների մեջ ականջալուր լինենք Սուրբ Հոգուն։ Մենք այսօր չենք տեսնում այս բարդ գործընթացի պտուղները, բայց կարող ենք հեռատեսությամբ նայել հորիզոնին, որը բացվում է մեր առաջ, որովհետև Տերը մեզ պիտի առաջնորդի ու օգնի, որպեսզի դառնանք ավելի սինհոդոսական ու միսիոներական Եկեղեցի, որ պաշտում է Աստծուն և ծառայում է ներկայիս մարդկանց՝ բոլորին տանելով Ավետարանին մխիթարիչ ուրախությունը», ասաց Սրբազան Քահանայապետը, ապա շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին միասին քայլած ճանապարհի, ունկնդրության ու երկխոսության համար։
«Թո՛ղ մենք աճենք Աստծո երկրպագության և մերձավորներին ծառայության մեջ: Թո՛ղ Տերը մեզ ընկերանա։ Առաջ` ուրախությամբ», ավարտին ասաց Նորին Սրբությունը:
Վատիկան Նյուզ, Հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը