«Արդյո՞ք մենք երախտապարտ ենք Տիրոջը, որ Նա առաջինը մեզ սիրեց»:
Հոկտեմբերի 29-ին «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը մեկնաբանեց «ամենամեծ պատվիրանը» (տես՝ Մտթ. 22,34-40), որը մեզ է թողել Հիսուսը. «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով <…> սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես քո անձը» (տես՝ Մտթ. 22,37.39):
Աստծո հանդեպ սերն առաջին տեղում է, ընդգծեց Նորին Սրբությունը, քանի որ Տերը միշտ նախորդում է մեզ, Իր անսահման քնքշությամբ, մոտիկությամբ ու ողորմածությամբ մարգարեանում (տես՝ Հվհ. 4,19), Նա միշտ մեր կողքին է: Աստծո գրկում մենք մեզ պետք է զգանք այնպես, ինչպես մանուկն իր ծնողների ձեռքերի մեջ. «Հենց այդ ժամանակ էլ մենք ընկալում ենք Տիրոջ քնքշությունը, հասկանում սերը, որը մեզ մղում է առատաձեռնության: Սբ. Պողոսը հիշեցնում է այդ մասին, երբ ասում է, որ Քրիստոսի ողորմածությունը սեր արթնացնելու զորություն ունի: Ամեն ինչ սկզբնավորվում է Նրա մեջ: Անհնար է իսկապես սիրել ուրիշներին, եթե դու քո մեջ չունես այդ արմատը՝ սեր Աստծո և Հիսուսի հանդեպ»:
Աստծո հանդեպ սերը կապված է մերձավորի հանդեպ սիրո հետ. «Արտացոլել Աստծո սերը, հենց սա է ամբողջ իմաստը. սիրել Նրան, Ում չենք տեսնում՝ եղբոր և քրոջ միջոցով, ում տեսնում ենք» (տես՝ 1 Հվհ. 4,20): Սրբազան Քահանայապետը մեջբերեց Սբ. Մայր Թերեզա Կալկաթացու խոսքերը. «Ես երբեք չեմ մտածել, որ կարող եմ փոխել աշխարհը։ Ես պարզապես ցանկացել եմ լինել մաքուր ջրի կաթիլ, որի միջոցով կփայլեր Աստծո սերը»:
«Ահա, թե ինչպես է նա մեծաթիվ բարիքներ գործել՝ իր այդքան փոքրիկ մարմնով, որպես ջրի կաթիլ՝ նա արտացոլել է Աստծո սերը, ընդգծեց Նորին Սրբությունը: Եվ եթե երբեմն, նայելով նրան և մյուս սրբերին, կարող ենք մտածել, որ այդ հերոսներին անհնար է ընդօրինակել, ապա եկեք հիշենք փոքրիկ կաթիլը, որովհետև սիրո մի կաթիլը կարող է շատ բան փոխել»: Բավական է անել առաջին քայլը, թեև երբեմն դա այնքան էլ հեշտ չէ, քանի որ շատ դժվար է մոռանալ վիրավորանքն ու ներել, սակայն հենց դա էլ կլինի մեր «առաջին կաթիլը»:
Սրբազան Քահանայապետը կոչ արեց հավատացյալներին մտածել հետևյալ հարցերի շուրջ. արդյո՞ք մենք երախտապարտ ենք Տիրոջը, որ Նա առաջինը մեզ սիրեց: Արդյո՞ք մենք զգում ենք Աստծո սերն ու փորձում այն արտացոլել: Արդյո՞ք մենք ձգտում ենք սիրել մեր եղբայրներին ու քույրերին և գիտե՞նք ինչպես անել առաջին քայլը:
«Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ առօրյա կյանքում կատարել սիրո մեծ պատվիրանը. սիրել Աստծուն, ընդունել Նրա սերը մեր հանդեպ և սիրել մեր եղբայրներին ու քույրերին»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը