«Ո՜վ Մայր, բարեխոսի՛ր վտանգի ու խռովության մեջ գտնվող մեր այս աշխարհի համար»:
Հոկտեմբերի 27-ը Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հռչակել էր աղոթքի, ծոմապահության և ապաշխարության օր: Հենց այդ առիթով էլ Սուրբ Պետրոսի Բազիլիկայում նախագահեց խաղաղությանը նվիրված Սուրբ Վարդարանի և Սուրբ Հաղորդության Երկրպագության արարողությունը, որին միացան հավատացյալներ աշխարհի տարբեր ծայրերից և որի ընթացքում Նորին Սրբությունն աղոթքով դիմեց Տիրամորն ու խաղաղություն հայցեց։
«Մարիա՜մ, նայի՛ր մեզ։ Քո առջև ենք գտնվում: Դու Մայր ես և գիտես մեր հոգնություններն ու վերքերը։ Խաղաղության Թագուհի, մեզ հետ ու մեզ համար ես տառապում՝տեսնելով քո զավակներից շատերին, ովքեր բեռնավորված են՝ հակամարտությունների պատճառով, անձկության մեջ են՝ աշխարհը հոշոտող պատերազմների պատճառով», ասաց Սրբազան Քահանայապետը:
«Այս խավար պահին, քանզի սա խավար պահ է, ո՜վ Մայր, մենք մխրճվում ենք քո լուսավոր աչքերիդ մեջ ու հանձնվում քո սրտիդ, որ զգայուն է մեր հարցերին», հավելեց Նորին Սրբությունն՝ ակնարկելով Սուրբ Կույս Մարիամի ապրած դժվարությունների մասին, երբ տեղ չգտան Հիսուսի համար ու այդ վախի պատճառով Եգիպտոս փախան, ապա Նրա ապրած անձկության մասին, երբ կորցրեց Հիսուսին ու Նրան Ժողովարանում գտավ:
«Դու՛ փորձանքների ժամանակ եղար հանդուգն ու քաջ, Աստծուն վստահեցիր ու մտահոգությանը համապատասխանեցիր հոգատարությամբ, վախին՝ սիրով, անձկությանը՝ նվիրումով», հարեց Սրբազան Քահանայապետն ու մատնանշեց Սուրբ Կույս Մարիամի այցելությունը Եղիսաբեթին, Կանայի հարսանիքի ժամանակ Հիսուսից խնդրած հրաշքի մասին, ու վերնատան մեջ աշակերտներին իրար հետ միասնական պահելն ու Գողգոթայում Իր զավակի մահը, Որտեղ Նա «ցավի այդ գիշերվա մեջ հյուսեց զատկական հույսը»։
«Այժմ, ո՜վ Մայր, մի անգամ ևս մեզ առաջնորդի՛ր. հակամարտություններից հոշոտված ու զենքերով ավերված այս ժամանակներում», ասաց Նորին Սրբությունը՝ խնդրելով, որ Տիրամայրն Իր «գթասիրտ հայացքն ուղղի դեպի մարդկային ընտանիքը, որը կորցրել է խաղաղության ուղին և նախընտրում է Կայենին, այլ ոչ թե Աբելին, ու կորցնելով եղբայրության զգացումը՝ չի կարողանում դարձյալ վերագտնել տան մթնոլորտը»։
«Բարեխոսի՛ր վտանգի ու խռովության մեջ գտնվող մեր այս աշխարհի համար: Սովորեցու՛ մեզ ողջունել և հոգ տանել ամեն մի մարդկային կյանքի մասին ու մերժել պատերազմի խելագարությունը, որը մահ է սերմանում և ջնջում ապագան», ասաց Սրբազան Քահանայապետն ու շարունակեց.
«Մարիա՜մ, դու՛ բազմիցս եկար մեզ ընդառաջ՝ խնդրելով աղոթք և ապաշխարություն։ Սակայն մենք մեր կարիքներով տարված ու աշխարհիկ բազմաթիվ հետաքրքրություններով շեղված, խուլ եղանք այդ հրավերների նկատմամբ։ Իսկ դու՛, որ մեզ սիրում ես, մեզանից չես հոգնում։ Բռնի՛ր մեր ձեռքերից ու առաջնորդի՛ր մեզ դեպի դարձի ճամփան, այնպես արա, որ Աստծուն դնենք առաջին տեղում։ Օգնի՛ր մեզ Եկեղեցում պահպանել միասնություն և աշխարհում լինել հաղորդության արհեստավորներ»։
Հիշեցրու՛ մեզ մեր դերի կարևորության մասին, որպեսզի պատասխանատվություն զգանք ու կրենք խաղաղության համար, աղոթենք ու երկրպագենք՝ բարեխոսելով համայն մարդկային ցեղի համար:
Մա՛յր, մենք առանց Քո Զավակիդ ոչ մի բան անել չենք կարող։ Սակայն դու մեզ վերադարձնում ես Հիսուսին, Ով մեր խաղաղությունն է։ Դրա համար էլ Մայր Աստծո ու մեր մայր, մենք դեպի քեզ ենք գալիս և ապաստան փնտրում Քո անարատ սրտի մեջ։
Մենք ողորմություն ենք խնդրում, ո՜վ Մայր ողորմության, և խաղաղություն, ո՜վ խաղաղության Թագուհի: Ցնցի՛ր ատելության թակարդում հայտնվածներների հոգիները, դարձի բե՛ր նրանց, ովքեր հրահրում և սնուցում են հակամարտությունները: Սրբի՛ր մանուկների արցունքները, որովհետև այս պահին նրանք լացում են, աջակցի՛ր միայնակներին ու տարեցներին, թիկունք կանգնի՛ր վիրավորներին ու հիվանդներին, պաշտպանի՛ր նրանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց հայրենիքն ու իրենց սիրելիներին, մխիթարի՛ր հուսահատներին, արթնացրու՛ հույսը։
Մենք քեզ ենք վստահում ու նվիրում մեր կյանքը, մեր էության յուրաքանչյուր մանրաթելը, այն ամենը, ինչ ունենք և կանք, հավիտյան: Մենք Եկեղեցին նվիրում ենք քեզ, որպեսզի աշխարհին վկայելով Հիսուսի սերը, այն լինի ներդաշնակության նշան ու խաղաղության գործիք: Մենք քեզ ենք նվիրում մեր աշխարհը, հատկապես քեզ ենք նվիրում պատերազմի մեջ գտնվող երկրներն ու տարածաշրջանները:
Հավատացյալ ժողովուրդը քեզ կոչում է փրկության արշալոյս, բացի՛ր լույսի շողեր հակամարտությունների գիշերվա մեջ: Դու՛, որ Սուրբ Հոգու բնակարանն ես, խաղաղության ուղիներ ներշնչի՛ր ազգերի առաջնորդներին: Դու՛, որ բոլոր ժողովուրդների Տիրուհին ես, հաշտեցրու՛ քո զավակներիդ, ովքեր խաբված են չարից, կուրացած իշխանության ուժից և ատելությունից։ Դու՛, որ յուրաքանչյուրին մոտ ես, կրճատի՛ր մեր տարածքները։ Դու՛, որ կարեկցում ես բոլորին, սովորեցրու՛ մեզ հոգ տանել ուրիշների մասին։ Դու՛, որ բացահայտում ես Տիրոջ քնքշությունը, մեզ Նրա մխիթարության վկան դարձրու՛: Մա՛յր, որ Խաղաղության Թագուհին ես, մեր սրտերում զեղի՛ր Աստծո ներդաշնակությունը։ Ամեն:
Վատիկան Նյուզ, Հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը