«Եթե ցանկանում ես իմանալ, թե ինչպես է հավատում Եկեղեցին, ապա գնա հավատարիմ ժողովրդի մոտ»:
Հոկտեմբերի 25-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը ելույթ ունեցավ եկեղեցու սինհոդասականությանը նվիրված ժողովում և խոսեց Աստծո ժողովրդի մասին։ Պատգամում Նորին Սրբությունն ասաց, որ «սիրում է մտածել Եկեղեցու մասին՝ որպես Աստծո հավատարիմ ժողովուրդ, սուրբ և մեղավոր ժողովուրդ, որը կանչված ու հավաքված է Մատթեոսի երանությունների զորությամբ»։
«Սիրում եմ մտածել պարզ և խոնարհ Եկեղեցու մասին, որը քայլում է Տիրոջ ներկայությամբ։ Սա է Եկեղեցին», ասաց Սրբազան Քահանայաապետն՝ ընդգծելով, որ հավատարիմ ժողովրդի հատկություններից մեկը՝ անսխալականությունն է հավատքի մեջ: «Երբ ուզում ես իմանալ, թե ինչին է հավատում Սուրբ Մայր Եկեղեցին, ապա կարդա նրա Վարդապետությունը, սակայն եթե ցանկանում ես իմանալ, թե ինչպես է հավատում Եկեղեցին, ապա գնա հավատարիմ ժողովրդի մոտ», ասաց Նորին Սրբությունը:
Աստծո հավատարիմ ժողովրդի կանայք Եկեղեցու արտացոլումն են
Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ նվիրապետության անդամներն այդ հավատարիմ ժողովրդի միջից են դուրս եկել, որտեղ հավատքը ժողովրդի մայրերից ու տատիկներից են ստացել, ինչպես ասում է Սբ. Պողոսը Տիմոթեոսին ուղղած նամակում, ասաց Նորին Սրբությունը՝ հավելելով, որ հավատքն իգական բարբառով է փոխանցվում։ «Սիրում եմ ընդգծել, որ Աստծո հավատարիմ ժողովրդի մեջ հավատքը տարածվում է բարբառով։ Աստծո հավատարիմ ժողովրդի կանայք Եկեղեցու արտացոլումն են։ Եկեղեցին իգական է, մայր և հարս»։
Սրբազան Քահանայպետն ընդգծեց, որ կղերական դասի անդամները, ովքեր գերազանց են իրենց ծառայության մեջ, սակայն վատ են վերաբերվում Աստծո ժողովրդին, նրանք կերպարանափոխում են Եկեղեցու դիմագիծը՝ իրենց սեռապաշտ ու բռնատիրական կեցվածքներով։ «Ցավալի է, որ ժողովրդապետությունների գրասենյակներում գտնում ենք Սուրբ Խորհուրդների մատակարարման գնացուցակը, ինչպես հանրախանութներում է լինում», ասաց Նորին Սրբությունը և հավելեց, որ Եկեղեցին կա՛մ կլինի Աստծո հավատարիմ, սուրբ և մեղավոր ժողովրդինը, կա՛մ էլ իր վերջը կգտնի տարբեր ծառայություններ մատուցող ընկերությունների մեջ, ու այդ ժամանակ Եկեղեցին կդառնա փրկության հանրախանութ, իսկ քահանաներն՝ ընկերությունների հասարակ պաշտոնյաներ։
«Սա այն մեծ ձախողումն է, որը մեզ կտանի դեպի կղերապաշտության։ Կղերապաշտությունը մտրակ է, փորձանք ու աշխարհիկություն, որ վնասում ու պղծում է Տիրոջ հարսի դիմագիծը, ստրկացնում է Աստծո հավատարիմ սուրբ ժողովրդին»:
Վատիկան Նյուզ, Հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը