«Պետք է հարգել ու պաշտպանել վանքերն ու աղոթատեղիները՝ որպես մշակույթի մաս, տեղական մշակույթի մաս, հավատքի արտահայտություն և եղբայրության նշան»։
Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ, ով այս օրերին մասնակցում է Վատիկանի Պողոս Զ անվան սրահում տեղի ունեցող սինհոդոսականությանը նվիրված սինոդին, աշխատանքային ընդհանուր նիստի ավարտին առանձնազրույց ունեցավ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հետ՝ նրան հատուկ շնորհակալություն հայտնելու անցյալ կիրակի օրը Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ու նաև կրոնական մշակութային ժառանգությանն ի նպաստ ուղղված կոչի համար, նրան փոխանցելով նաև տեղահանվածների ապրած դժվարությունների մասին ու հայոց աշխարհը հուզող այլ հարցերի շուրջ հավելյալ տեղեկություններ:
Արդարև, անցյալ կիրակի օրը Մարեմեան աղոթքի ավարտին Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ի շարս այլ կոչերի կոչ էր ուղղել նաև Լեռնային Ղարաբաղում տիրող մտահոգիչ կացության համար։
Նորին Սրբությունն ասել էր. «Տեղահանվածների մարդասիրական իրավիճակն արդեն իսկ խիստ ծանր է, ցանկանում եմ հատուկ կոչ ուղղել տարածաշրջանում վանքերի և աղոթատեղիների պաշտպանությանն ի սպաս»։
Սրբազան Քահանայապետը սույն կոչը ուղղել էր «իշխանություններին ու բոլոր բնակիչներին» ընդգծելով, որ պետք է հարգել ու պաշտպանել վանքերն ու աղոթատեղիները՝ «որպես մշակույթի մաս, տեղական մշակույթի մաս, հավատքի արտահայտություն և եղբայրության նշան, որը հնարավոր է դարձնում տարբերությունների մեջ միասին ապրելը»։
Ահա այս կոչի համար է, որ Ռաֆայել Պետրոս ԻԱ ցանկացավ իր անձնական շնորհակալությունը փոխանցել Ֆրանցիսկոս Պապին նրա հետ ունենալով նաև տարբեր հարցերի շուրջ մտքերի փոխանակում։
Վատիկան Նյուզ, Հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը