• Շառլ դը Ֆուկո: Մեր ժամանակի մարգարեն

    «Արդյո՞ք մենք հավատում ենք Հաղորդության զորությանը»:


    Հոկտեմբերի 18-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց Ավետարանի նշանավոր վկաների՝ սրբերի, օրինակով ներկայացնել քրիստոնեական ուսուցումների շարքը՝ առաքելական եռանդի վերաբերյալ և այս անգամ խոսեց Շառլ դը Ֆուկոյի կյանքի մասին (1858-1916):

     

    Դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված ուխտավորներին՝ Նորին Սրբությունը հիշեցրեց, որ երիտասարդ տարիքում Շառլ դը Ֆուկոն՝ ապագա ճգնավոր-վանականը, Աստծուն չի ճանաչել և տարբեր հաճույքներ վայելելով է ապրել: Սակայն դարձի գալուց հետո նա երկար ճանապարհ է անցնում. «Հիսուսով խանդավառված՝ նա Աստծո ներումն է գտնում Խոստովանանքի խորհրդի մեջ, ապա ընդօրինակում Հիսուսին»։ Իր խոստովանահոր խորհրդով Շառլը մեկնում է Սուրբ Երկիր: Նազարեթում նա հասկանում է, որ պետք է լիարժեք կրթություն ստանա Քրիստոսի դպրոցում: Նա խորը հոգևոր կապ է ապրում Հիսուսի հետ, ժամերով կարդում է Ավետարանը և իրեն զգում Հիսուսի փոքր եղբայրը: Երբ նա սկսում է ճանաչել Փրկչին, նրա մոտ մի ցանկություն է առաջանում որպեսզի մյուսներն էլ ճանաչեն Հիսուսին:

     

    Սբ. Շառլը ցանկանում էր, որ իր ամբողջ կյանքը հռչակեր Բարի լուրը: Նա որոշում է բնակություն հաստատել հեռավոր վայրերում՝ լուռ «փառաբանելով Ավետարանը», ապրելով Նազարեթի ոգով: Նա ուղևորվում է Սահարա անապատ և ոչ քրիստոնյաներին ընդունում՝ որպես ընկեր ու եղբայր՝ իր հետ տանելով Հիսուս-Հաղորդություն քնքշությունը, ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    Շառլը թույլ է տալիս Հիսուսին գործել լուռ, քանզի սուրբը համոզված էր, որ Հաղորդությունը կատարում է ավետարանացման գործը: Նա հավատում էր, որ հենց Քրիստոսն է առաջին ավետարանիչը, դրա համար էլ օրական մոտ տասը ժամ աղոթում էր Ուսուցչի ոտքերի մոտ: Շառլ դը Ֆուկոն վստահ էր, որ հենց այդտեղ է ավետարանացման զորությունը և զգում էր, որ հենց Քրիստոսն է նրան մոտեցնում հեռավոր վայրերում ապրող մեծաթիվ եղբայրներին ու քույրերին:

     

    Սբ. Շառլի կյանքը մի հարց է առաջադրում մեզ, ընդգծեց Նորին Սրբությունը. արդյո՞ք մենք հավատում ենք Հաղորդության զորությանը: Արդյո՞ք մեր ծառայությունն ու ճանապարհը դեպի  ուրիշները սկզբնավորվում և իրականացվում են Հաղորդության երկրպագության մեջ: Սբ. Շառլ դը Ֆուկոն մարգարեական կերպար է մեր ժամանակների համար, որովհետև նա վկայություններ է թողել, թե ինչպես պետք է Ավետարանն ուրիշներին հաղորդել ու փոխանցել «առաքելական հնազանդությամբ», ուրախությամբ, եղբայրությամբ և ուրիշների մշակույթի հանդեպ ունեցած հարգանքի միջոցով, – խորհրդածության ավարտին ասաց Նորին Սրբությունը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց