• «Աղոթատեղիներ ոչնչացնել նշանակում է համայն մի ազգ բնաջնջել». Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանը Քահանայապետի կոչի վերաբերյալ

    «Պետք է երաշխավորել յուրաքանչյուր անհատի ազատ ապրելու իրավունքն ու նրա անձեռնմխելի մարդկային իրավունքները»:


    Անցյալ կիրակի օրը Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի Լեռնային Ղարաբաղում վանքերի և աղոթատեղիների հարգանքի ու դրանց պաշտպանության կապակցությամբ ուղղված կոչի առիթով, Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ամենապատիվ և Գերերջ. ՏՏ Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը, Իտալիայի Եպիսկոպոսական համահավաք դասին պատկան «ՍԻՐ» լրատու գործակալության հետ ունեցած հարցազրույցի ժամանակ՝ արձագանքելով կոչին գնահատեց ու շնորհակալություն հայտնեց Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետին, հաստատելով, որ «այդ տարածաշրջանում եկեղեցիների ու վանքերի կործանումը նշանակում է ջնջել պատմությունը, այսինքն՝ բնաջնջել նաև ամբողջ մի ժողովուրդ»։

     

    «Ֆրանցիսկոս Պապի այդ կոչը անակնկալ չէ։ Նա տեղյակ է այն վտանգի մասին, որի թիրախ են անպաշտպան ու դատարկ մնացած վանքերն ու աղոթատեղիները», ասաց Ամենապատիվ Հոգևոր Տերը՝ հույս հայտներով, որ Սրբազան Պապի այդ խոսքերը «կարթնացնեն ՄԱԿ-ին և Միջազգային հասարակությանը, որպեսզի նրանք գործեն ի պաշտպանություն բոլոր ազգերի պատմության ու մշակոյթի»։ Ամենապատիվ Հոգևոր Տերը նշեց նաև, որ հայ ազգն անցյալում ևս ապրել է նման փորձառություն՝ ակնարկելով Ադրբեջանի կողմից Ջուղայի հայկական գերեզմանոցի հնադարյան հազարավոր խաչքարերի կործանման մասին, ապա հաստատեց, որ «այսօր էլ նման վտանգը կա» և դա «նշանակում է կործանել ժողովրդի մշակույթը, նրա ամենախոր արմատները», հարեց Պատրիարքը։

     

    Այնուհետև մատնանշեց, որ Լեռնային Ղարաբաղն այսօր դատարկված է և դա անարդարություն է հայ ժողովրդի նկատմամբ։

     

    «Եթե աշխարհում տակավին կա մի քիչ խղճմտանք, ապա պետք է դատապարտել այս անարդարությունը, որ գործադրվեց զենքի ուժով անզեն ու անպաշտպան բնակչության դեմ՝ առանց մոռնալու նաև այն ոճիրները, որոնց թիրախը դարձան մանուկներ, կանայք, տարեցներն ու երիտասարդները», ասաց Ռաֆայել Պետրոս ԻԱ՝ հավելելով. «ՄԱԿ-ը և միջազգային հասարակությունը գտնվում են խաչմերուկի դիմաց. կա՛մ պետք է ընդունեն այս բոլոր ջարդերը, այս բարոյական, ընկերային և ֆիզիկական ցեղասպանությունները և, հետևաբար, ընդունեն նաև իրենց թուլությունը, կա՛մ պարտավոր են ստանձնել մարդկության և այս երկրագնդի յուրաքանչյուր մարդու նկատմամբ իրենց պարտավորությունը՝ երաշխավորելով յուրաքանչյուր անհատի ազատ ապրելու իրավունքն ու նրա անձեռնմխելի մարդկային իրավունքները»:

     

    Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքը խոսեց նաև Արցախից տեղահանված խաղաղ բնակչության ապրած դժվարությունների մասին՝ հայտնելով, որ ամեն ջանք գործադրվում է նրանց կարիքներն հոգալու համար, «թեև դա այնքան էլ հեշտ չէ», հարեց նա, ընդգծելով, որ նրանք իրենց մայրենի երկիր վերադառնալու իրավունք պետք է ունենան:

     

    Այն հարցին, թե ո՞րն է իր հույսը, Կաթողիկէ Հայոց Հայրապետը պատասխանեց. «Ես հույս ունեմ, որ կգտնվի մի լույս՝ հաշտության, մարդու իրավունքների հարգանքի և ունկնդրության բոլոր նրանց համար, ովքեր կորցրեցին ամեն բան, նույնիսկ ապագան։ Կան բազմաթիվ մանուկներ ու պատանիներ, որոնք մնացին առանց դպրոցի։ Կան ընտանիքներ ու տարեցներ, որոնք արմատախիլ եղան իրենց հողերից։ Այս պայմաններում դյուրին չէ նոր կյանք վերածրագրելը։ Հույսս է, որ միջազգային հանրությունը հանձ կառնի իր միջամտելու պարտավորությունը», հաստատեց Ամենապատիվ Հոգևոր Տերը։

     

    Վատիկան Նյուզ, Հայկական բաժին
    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց