«Ցանկանում եմ հատուկ կոչ ուղղել տարածաշրջանում վանքերի ու աղոթատեղիների պաշտպանության համար»:
2023թ. հոկտեմբերի 15-ին իր գրասենյակի պատուհանից արտասանած «Հրեշտակ Տեառն» Մարեմեան աղոթքի ավարտին՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խոսքն ուղղելով Սուրբ Պետրոսի հրապարակ ժամանած 22 հազար ուխտավորներին, նախ իր խոր մտահոգությունն արտահայտեց Իսրայելում և մասնավորապես Գազայում պատահածի համար, ապա մտահոգություն հայտնեց նաև Լեռնային Ղարաբաղում տիրող կացության համար։
«Պակաս չեմ մտահոգվում Լեռնային Ղարաբաղում տիրող տագնապի համար։ Արդեն իսկ խիստ ծանր է տեղահանվածների մարդասիրական իրավիճակը: «Ցանկանում եմ հատուկ կոչ ուղղել տարածաշրջանում վանքերի ու աղոթատեղիների պաշտպանության համար», ասաց Սրբազան Քահանայապետը և հավելեց, որ «վանքերն ու աղոթատեղիները պետք հարգվեն և պաշտպանվեն՝ որպես մշակույթի մաս, տեղական մշակույթի մաս, հավատքի արտահայտություն և եղբայրության նշան, որ հնարավոր է դարձնում տարբերությունների մեջ միասին ապրելը»:
Այնուհետև Նորին Սրբությունն ակնարկեց «C’est la confiance» վերտառությամբ այսօր հրատարակված առաքելական հորդորագրի մասին, որը նվիրված Մանուկ Հիսուսի և Սուրբ Դեմքի Սրբուհի Թերեզային։
«Արդարև այնպես, ինչպես վկայեց այս մեծ Սրբուհին և Եկեղեցու Վարդապետը. Աստծո ողորմած սիրո հանդեպ վստահությունն է այն ճանապարհը, որ մեզ տանում է դեպի Տիրոջ սիրտն ու Նրա Ավետարանը», ասաց Սրբազան Քահանայապետը, ապա ողջունեց հրապարակ ժամանած ուխտավորներին՝ խնդրելով, որ չմոռանան Ուկրաինայի մասին:
Վատիկան Նյուզ, Հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը