«Մարդիկ հույսով սպասում են, որ կապրեն արժանապատվությամբ՝ եղբայրության մեջ և մշտապես չեն վախենա ու մտահոգվի»:
2023թ. հոկտեմբերի 12-ին Պողոս Զ անվան սրահում տեղի ունեցող Եկեղեցու Սինհոդոսականությանը նվիրված Եպիսկոպոսների ԺԶ Սինոդի մասնակիցներն իրենց առավոտյան աղոթքն արեցին՝ խաղաղություն խնդրելով աշխարհի համար:
Աղոթքը վարեցին Քաղդեացիների Պատրիարք՝ Կարդինալ Լուիս Ռաֆայել Սարգիսը և Focolare շարժման նախագահ Մարգարետ Կարրամը:
Աղոթքի սկզբում Կարդինալ Սարգիսը նշեց, որ իր փափագն է այսօր աղոթել աշխարհում խաղաղության համար ու հատկապես Սուրբ Երկրում և Ուկրինայում:
«Բռնություններ են Իրաքում, Իրանում, Լիբանանում, մարդիկ հույսով սպասում են, որ կապրեն արժանապատվությամբ՝ եղբայրության մեջ և մշտապես չեն վախենա ու մտահոգվի», ասաց Կարդինալ Սարգիսը՝ հավելելով, որ սինհոդոսականություն նշանակում է նաև զորակցություն բոլոր նրանց, ովքեր վախի մեջ են ու տառապում են»։
Այնուհետև Մարգարետ Կարրամը կարդաց հետևյալ աղոթքը.
«Տե՛ր, քեզ ենք աղոթում Սուրբ Երկրի, Իսրայելի ու Պաղեստինի ժողովուրդներների համար, որոնք գտնվում են աննախադեպ բռնության ճիրանների մեջ, զոհերի ու հատկապես մանուկներների համար, վիրավոր անձանց, պատանդների, անհետ կորածների ու նրանց ընտանիքների համար։ Տագնապի և անձկության այս ժամերին միանանք Քահանայապետին և ամբողջ աշխարհում խաղաղություն հայցող անձանց միասնական խմբային աղոթքին։
Հիշենք Միջին Արևելքի մյուս երկրներն ու պատերազմի մեջ գտնվող բոլոր այն երկրները, որոնք ապրում են սարսափ ու կործանում։ Օգնի՛ր մեզ Տե՜ր, որպեսզի հանձնառու լինենք կառուցելու ավելի եղբայրական աշխարհ, որպեսզի այս ժողովուրդներն ու բոլոր նրանք, ովքեր ապրում են հակամարտության, անկայունության ու բռնության պայմաններում, կարողանան գտնել մարդկային իրավունքների հարգանքի ճանապարհը, որտեղ արդարությունը, երկխոսությունն ու հաշտությունն անհրաժեշտ գործիքներ են խաղաղություն կառուցելու համար: Քեզ ենք աղոթում ո՜վ Տե՛ր»։
Այս աղոթքին հետևեց Կարդինալ Սարգսի եզրափակիչ օրհնաբանությունը. «Ո՜վ Աստված, Դու՛, որ հոգ ես տանում բոլորին, այնպես արա, որ համայն մարդկությունը, ով քեզնից է ընդունել միակ ծագումը, կազմի մի ընտանիք՝ առանց բռնությունների, առանց անհեթեթ պատերազմի ու եղբայրական հոգով ապրի՝ խաղաղության ու հաշտության մեջ ի Տեր Հիսուս Քրիստոս՝ Քո Միածին Որդուդ, որ կենդանի Աստված է ու թագավորում է Քո հետ Սուրբ Հոգու միության մեջ հավիտյանս հավիտենից։ Ամէն»։
Վատիկան Նյուզ, Հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը