«Արդյո՞ք մենք գիտակցում ենք, որ կյանքն ու հավատքը, մենք ինքներս և այն ամենը, ինչ ունենք, բխում է Տիրոջ ողորմածությունից»:
«Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց օրվա ավետարանական ընթերցման շուրջ, որը վերցված էր Մատթեոսի Ավետարանից: Նորին Սրբությունը մեկնաբանեց «տխուր ավարտով աղբերգական առակը» (Մտթ. 21,33-43):
Տանուտերը այգի է տնկում և վարձու տալիս մշակներին, հիշեցրեց Սրբազան Քահանայապետը: Երբ մոտենում է պտղի ժամանակը, տանուտերն իր ծառաներին ուղարկում է մշակների մոտ՝ բերքից իր բաժինն առնելու համար: Սակայն մշակները ծառաներին դաժանորեն սպանում են: Այդ ժամանակ տանուտերն ուղարկում է իր որդուն, սակայն նրանք սպանում են նաև ժառանգին: «Ինչու՞ այդպես պատահեց», – խորհելու կոչ է անում Նորին Սրբությունը: Տանուտերն ամեն ինչ սիրով ու լավ է անում. ինքն է աշխատում, այգին տնկում, ցանկապատում՝ այն պաշտպանելու համար, հնձան փորում և աշտարակ շինում (տես՝ Մտթ. 21,33)։ Այնուհետև նա իր ունեցվածքը վստահում է մշակներին և նրանց հետ արդարացիորեն վարվում, որպեսզի այգին լավ մշակվի և պտուղ տա։ Թվում էր, թե բերքի արդար բաժանումը բերքահավաքը պետք է տոն և ուրախություն դարձներ բոլորի համար։ Սակայն մշակներին համակում է ապերախտությունն ու ագահությունը. «Մենք ոչինչ պարտք չենք տանուտերին։ Մեր աշխատանքի պտուղները միայն մեզ են պատկանում», – կարծում էին նրանք։ Սակայն դա սխալ է, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը. նրանք պետք է երախտապարտ լինեն այն ամենի համար, ինչ ստացել են և այն վերաբերմունքի համար, որին արժանացել են: Սակայն դրա փոխարեն ապերախտությունը նրանց մեջ ծնում է ագահություն և ի վերջո նրանց սպանության հասցնում:
«Այս առակով Հիսուս հիշեցնում է մեզ այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ մարդն ընկնում է ինքնաբավության պատրանքի մեջ և մոռանում երախտագիտության, կյանքի հիմնարար իրողությունների մասին, այն մասին, որ առանց Աստծո ողորմածության և Նրա անշահախնդիր պարգևի չկա բարություն», – ընդգծեց Նորին Սրբությունը: Երբ մարդը մոռանում է այս մասին, ապա իր մահկանացու լինելն ու սահմանափակությունը նա այլևս ընկալում է ոչ թե փրկված և սիրված լինելու զգացումով, այլ՝ տխուր պատրանքով, որ նա սիրո և փրկության կարիք չունի: Մարդը դառնում է սեփական ագահության, մյուսներից ավելին ունենալու պահանջմունքի և ուրիշներից տարբերվելու ցանկության գերին։
Ամփոփելով խորհրդածությունը՝ Սրբազան Քահանայապետը հավատացյալներին կոչ արեց մտածել հետևյալ հարցերի շուրջ. արդյո՞ք մենք գիտակցում ենք, որ կյանքն ու հավատքը, մենք ինքներս և այն ամենը, ինչ ունենք, բխում է Տիրոջ ողորմածությունից: Արդյո՞ք, ի պատասխան այդ ողորմածության, մենք ունակ ենք ասել «շնորհակալություն»: «Սա պարզապես բառ չէ, այլ մի շատ կարևոր խոսք, որը մեզանից սպասում են Աստված և մեր եղբայրներն ու քույրերը: Եկե՛ք հարցնենք ինքներս մեզ, թե արդյո՞ք երախտագիտության այս խոսքը հնչում է մեր կյանքում»:
«Սուրբ Կույս Մարիամը, ում հոգին փառաբանում է Տիրոջը, թո՛ղ օգնի մեզ երախտագիտությունը դարձնել այն լույսը, որն ամեն օր բխում է մեր սրտերից»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը