«Մարդ էակը, ով Աստծուն փոխարինելու հավակնություն ունի, դառնում է իր անձի ամենավատ թշնամին»:
Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն այսօր հրապարակել է «Laudate Deum – Գովաբանեցեք Աստծուն» վերտառությամբ կլիմայական ճգնաժամի վերաբերյա առաքելական հորդորագիրը՝ ուղղված «Բոլոր բարի կամքի տեր մարդկանց», այն ամբողջացնում է «Laudato si’ – Գովյալ լինես» շրջաբերականը։ Բավականաչափ չենք արձագանքում, մինչդեռ աշխարհը քանդվում է և գուցե արդեն մոտեցել է բեկման կետին։
Հորդորագրի անվանումն է «Գովաբանեցեք Աստծուն», որովհետև մարդ էակը, ով Աստծուն փոխարինելու հավակնություն ունի, դառնում է իր անձի «ամենավատ թշնամին»: Այս խոսքերով է Նորին Սրբությունն ավարտում 2023թ. հոկտեմբերի 4-ին հրապարակած առաքելական հորդորագիրը, որը շարունակությունն է և ամբողջացնում է 2015թ. «Laudato si’ – Գովյալ լինես» շրջաբերականը, այն կազմված է 6 գլուխներից և 73 ենթագլուխներից, որտեղ Սրբազան Քահանայապետը՝ Դուբայում կայանալիք կլիմայական փոփոխությանը նվիրված COP28 առաջիկա խորհրդաժողովին ընդառաջ, համապատասխանատվության կոչ է ուղղում ի դեմս կլիմայական փոփոխության հրատապության:
Կլիմայի փոփոխության նշանները գնալով ավելի ակնհայտ են դառնում
Առաջին գլխում Նորին Սրբությունը բացատրում է, որ «կլիմայի փոփոխության նշաններն ավելի ու ավելի ակնհայտ են», որքան էլ, որ դա հերքելու փորձեր են արվում: Ավելին՝ «մարդու ազդեցությամբ կլիմայական որոշ փոփոխություններ, զգալիորեն ավելացնում են առավել հաճախակի և ծայրահեղության աստիճան զորեղ իրադարձութունների հավանականությունը», որոնք են անկանոն շոգը, երաշտը և այլն:
Աղքատները՝ հիմնական տուժողներ
Սրբազան Քահանայապետը համոզված է, որ «կլիմայի փոփոխության հետևանքները կրում են ամենից խոցելի մարդիկ» (թիվ 3), քանի որ «աշխարհի բնակչության նվազ ու առավել հարուստ տոկոսն է պատասխանատու ապականության տարածման համար՝ 50% ավելի, քան ամբողջ աղքատ բնակչությունը» (թիվ 9):
Բացի այդ, Նորին Սրբությունն ընդվզում է նրանց դեմ, ովքեր պնդում են, որ հանածո վառելիքի կրճատումը հանգեցնում է «աշխատատեղերի կրճատմանը», երբ իրականում «միլիոնավոր մարդիկ իրենց աշխատանքը կորցնում են» կլիմայի փոփոխության պատճառով։ Մինչդեռ «լավ կառավարվող» անցումը դեպի վերականգնվող ուժանյութ կարող է ստեղծել անհամար աշխատատեղեր տարբեր ոլորտներում: Ահա թե ինչու է անհրաժեշտ, որ քաղաքական գործիչներն ու ձեռնարկատերերը անմիջապես զբաղվեն այս խնդրով» (գլուխ 10), գրում է Սրբազան Քահանայապետը:
Մարդկային ծագումը կասկած չի հարուցում
«Կլիմայի փոփոխության մարդկային՝ «Անթրոպոգեն» ծագման մասին այլևս ոչ մի կասկած չի կարող լինել», շարունակում է Նորին Սրբությունը, ընդգծելով, որ այլևս հնարավոր չէ քողարկել այն իրականությունը, որ վերջին հիսուն տարիներին ջերմոցային գազերի սրընթաց աճը զուգադիպում է վերջին երկու հազար տարվա ընթացքում ջերմաստիճանի «չգրանցված, աննախադեպ արագությամբ աճին» (թվեր 11 և12)՝ առաջացնելով ծովերի թթվեցում և սառնահալում։ Ըստ Նորին Սրբության կլիմայական ճգնաժամը, ցավոք, չի հետաքրքրում զարգացած տնտեսություն ունեցող գերտերություններին, որոնց միայն մտահոգում է նվազագույն արժեքով և ամենակարճ ժամանակահատվածում առավելագույն շահույթ ձեռքբերելը» (թիվ 13):
Շատ քիչ ժամանակ ունենք՝ ավելի մեծ ողբերգական վնասներից խուսափելու համար
«Մենք այլևս չենք կարող կասկածել, որ նման վտանգավոր փոփոխությունների արտասովոր արագության պատճառը … կապված է բնության վրա մարդու ունեցած անզուսպ միջամտության հետ» (թիվ 14): «Շտապ անհրաժեշտ է ավելի լայն տեսլական… Մեզանից պահանջվում է դրսևորել որոշակի պատասխանատվություն այն ժառանգության համար, որը պիտի թողնենք այս աշխարհին» (թիվ 18):
Առանց սահմանների մարդ էակի գաղափարը
Հորդորագրում Սրբազան Քահանայապետը խոսում է նաև «տեխնոկրատական» հարակարծության մասին, այսինքն այն մտածելակերպի մասին, որ «իրականությունը, բարօրությունը և ճշմարտությունն ինքնաբերաբար ծաղկում են արհեստագիտության ու տնտեսության ուժից» (թիվ 20)՝ հիմք ընդունելով «առանց սահմանների» մարդ էակի գաղափար: «Մարդկությունն երբեք այսքան իշխանություն չի ունեցել ինքն իր վրա» (թիվ 23) նշում է Նորին Սրբությունը և մտահոգվում, որ այդ իշխանության լավ օգտագործումը երաշխավորված չէ՝ տեսնելով, թե ինչպես են դրանից օգտվում։
Իշխանության բարոյագիտական անկում
Հասել ենք «տպավորիչ ու զարմանալի արհեստագիտական առաջընթացի և չենք գիտակցում, որ միևնույն ժամանակ դարձել ենք խիստ վտանգավոր՝ ունակ վտանգելու բազմաթիվ էակների կեանքն ու մեր սեփական գոյատևումը» (թիվ 28): «Իշխանության բարոյագիտական իրական անկումը քողարկված է շուկայաբանությամբ և կեղծ տեղեկություններով, որոնք հասարակական կարծիքի վրայ ազդելու համար օգտակար գործիքակազմեր են մեծ միջոցներ ունեցողների ձեռքերում»: «Հափշտակված այսքան կեղծ մարգարեների խոստումներով՝ աղքատները նույնպես երբեմն ընկնում են իրենց համար չկառուցվող աշխարհի խաբեության մեջ» (թիվ 31):
Թույլ միջազգային քաղաքականություն
Սրբազան Քահանայապետն անդրադառնում է նաև միջազգային քաղաքականության թուլությանը՝ պնդելով «պետությունների միջև բազմակողմ համաձայնությունների» հաստատման անհրաժեշտության մասին (թիվ 34) և կոչ է անում ստեղծել «առավել արդյունավետ ընդհանրական կազմակերպություններ, որոնք օժտված կլինեն համաշխարհային ընդհանուր բարիքը ապահովելու իշխանությամբ», ինչպես նաև «որոշ էական նպատակների իրագործումն ապահովելու իրական լիազորություններով» (թիվ 35)՝ միաժամանակ ընդգծելով, որ բազմաթիվ են միավորումներն ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որոնք օգնում են հատուցել միջազգային հանրության թուլությունները:
Ի՞նչ ակնկալենք Դուբայի COP28-ից
Անդրադառնալով Դուբայում առաջիկա նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 12-ին կայանալիք COP28 բնապահպանական նյութին առնչվող խորհրդաժողովին և մտահոգված այն փաստով, որ «դեպի մաքուր ուժանյութ անհրաժեշտ անցումը… բավականաչափ արագ չի ընթանում» (թիվ 55), Ֆրանցիսկոս Պապը գրում է. «չենք կարող չերազել, որ COP28-ը մշտապես վերահսկվող արդյունավետ պարտավորություններով կկարողանա հասնել ուժանյութային անցման վճռական արագացմանը»: Այս համաժողովը կարող է շրջադարձային լինել» (թիվ 54), շարունակում է Նորին Սրբությունը և հույս հայտնում, որ հանդիպման բանախոսները «իրենց երեխաների ընդհանուր բարօրության և ապագայի մասին մտածող ռազմավարներ կլինեն, այլ ոչ թե ինչ-որ երկրի կամ ընկերության հատուկ շահերի մասին մտածողներ: Այդ կերպ թող ի ցույց դնեն քաղաքականության վեհությունը և ոչ թե նրա ամոթը» (թիվ 60):
Պարտաւորություն, որը բխում է քրիստոնեական հավատքից
Սրբազան Քահանայապետը հիշեցնում է, որ այս պարտավորության պատճառները բխում են քրիստոնեական հավատքից՝ քաջալերելով, որպեսզի «այլ կրոնների եղբայրներն ու քույրերը նույն կերպ վարվեն» (թիվ 61):
«Կազմում ենք մի տեսակ, մի համընդհանուր ընտանիք, վսեմ հաղորդակցություն, որը մեզ մղում է դեպի սրբազան, սիրավառ և խոնարհ հարգանք» (թիվ 67): «Սա մեր կամքի արդյունքը չէ… Աստված է, որ մեզ շատ սերտորեն կապել է մեզ շրջապատող աշխարհին: Վերջ դնենք ամենակարող, ինքնավար, անսահման մարդ էակի գաղափարին, ու վերանայենք մենք մեզ, որպեսզի մենք մեզ նկատենք խոնարհ ու ավելի հարուստ ձևով», հաստատում է Նորին Սրբությունը և հիշեցնում, որ «առանց մշակութային փոփոխությունների չկան տևական փոփոխություններ… և չկան մշակութային փոփոխություններ, եթե մարդիկ չի փոխվում» (թիվ 70):
Վատիկան Նյուզ, Հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը