«Հաղորդություն, Մասնակցություն և Առաքելություն»:
Հոկտեմբերի 4-ին Սուրբ Ֆրանցիսկոս Ասսիզացիի ծիսական տոնի օրը՝ Սուրբ Պետրոսի հրապարակում Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի գլխավորած հանդիսավոր Սուրբ Պատարագով կսկսվի սինհոդոսականությանը նվիրված Եպիսկոպոսների Սինոդի ԺԶ հավաքը:
Հավաքին կմասնակցեն 464 ժողովականներ, որոնցից 365-ը սինոդի անդամներ են, իսկ մնացածը՝ հյուրեր և նրանցից 54-ը քվեարկելու իրավունք ունեցող կիներ։
Արդարև, երկու տարի տևած նախապատրաստական աշխատանքներից հետո, որոնց ընթացքում տեղի ունեցան սինհոդոսի տեղական եկեղեցիների փուլը, ապա նաև տարածաշրջանային փուլերը, Սինհոդոսական աշխատանքային պաշտոնական նիստերը կսկսվեն վաղը Պողոս Զ անվան սրահում և կավարտվեն հոկտեմբերի 29-ին։ Այս տարվա նիստին պիտի հաջորդի երկրորդ փուլը, որ տեղի պիտի ունենա 2024թ. աշնանը:
Սինհոդոսի աշխատանքային նիստերի բացումը կկատարվի Ֆրանցիսկոս Պապի ներկայությամբ և ժողովականներին ուղղված նրա պատգամով, ապա Սինհոդոսի ընդհանուր Քարտուղարն ու ընդհանուր Զեկուցողը կներկայացնի իրենց զեկույցները, որից հետո կսկսվի Սինհոդոսական աշխատանքային Թղթածրարի քննարկումը։
Չորս շաբաթ տևող սինհոդոսական նիստերին առընթեր նախատեսված են նաև Վատիկանի Պարտեզներում Սուրբ Վարդարանի աղոթք և ուխտագնացություն։ Բոլոր ժողովականներին պիտի հատկացվեն «tablet»-ներ, որոնց միջոցով պիտի կարողանան հետևել աշխատանքներին, կարդալ փաստաթղթերն ու նաև քվեարկել՝ խնայողություն կատարելով թղթերի գործածությանն ու մսխումին։
Վաղը Սուրբ Պատարագից հետո նախատեսված է հատուկ կազմավորման նիստ, որի ընթացքում ժողովականներին պիտի բացատրվի «tablet»-ների գործածության ձևերը։
Սինհոդոսի աշխատանքային թղթածրարը, որն ամփոփում է ամբողջ աշխարհի թեմերի վերջին երկու տարիների փորձը, կազմված է բովանդակային բաժիններից և տասնհինգ բացատրական թղթերից, որոնք բացահայտում են «Սինհոդոսականության բուն հայեցակարգի տեսլականը»:
Թղթածրարի երկու մեծ Ա եւ Բ բաժիններից առաջինն անդրադառնում է «Հանուն Սինհոդոսական Եկեղեցու» ճանապարհին վերջին երկու տարիների կուտակված փորձին, իսկ երկրորդն ընդգծում է Սինհոդոսի ներկա ժողովի երեք առաջնահերթ խնդիրները. «Հաղորդություն, Մասնակցություն և Առաքելություն»՝ երեք հիմնական թեմաներով. աճել հաղորդության մեջ՝ ընդունելով բոլորին, ճանաչել ու գնահատել յուրաքանչյուր մկրտված անձի ներդրումն առաքելության մեջ, ժամանակի ընթացքում բացահայտել կառավարման կառույցներն ու շարժողականությունը:
Սինոհոդոսական նիստերը կսկսվեն աղոթքով, ապա տեղի կունենան երկու նստաշրջաններ: Բացի ընդհանուր ժողովներից նախատեսված են նաև լեզվային խմբերի փոքր հավաքներ, որոնց ընթացքում կքննարկվեն աշխատանքային թղթածրարի մանրամասնությունները, որոնք հետո ամեն մի խմբի կողմից կներկայացվի ընդհանուր Քարտուղարություն:
Վատիկան Նյուզ, Հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը