• Արցախ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյան Կաթողիկոս Պատրիարքի հայտարարությունը

    «Ձեզ հորդորում ենք կառչած մնալ քրիստոնեական հավատքին, առանց մոռնալու, որ դուք այն մեկ ու կես միլիոն նահատակների թոռներն եք, ովքեր հարյուր ութ տարի առաջ նահատակվեցին քրիստոնեական հավատքի և հայ ինքնության պահպանման համար»:


    Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ամենապատիվ Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյան Կաթողիկոս Պատրիարքը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.

     

    Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած հազարավոր հայ երեխաների, ծերերի ու երիտասարդների սպանության և բռնի տեղահանության դիմաց, ինչպես նաև միջազգային հանրության կասկածելի լռության դիմաց, որը թույլ է և վճռական որոշումներ չի կայացնում այս անարդարության դիմաց, և հեռու է մնում միջազգային ընտանիքի հայտնի շահերի համար, որտեղ բացակայում է հարգանքը մարդու ամենատարրական իրավունքների նկատմամբ. մենք ՄԱԿ-ի և որոշում կայացնող հզոր պետությունների բոլոր ներկայացուցիչների լուրջ պատասխանատվության առաջ ենք դնում, որպեսզի նրանք քննեն իրենց խիղճը՝ մեկնելով մեր խոր համոզմունքը, որ միայն Աստված բոլորին պատասխանատվության պահին պիտի դատապարտի՝ իրենց կատարած արարքների ու գործերի համաձայն:

     

    Հայ ժողովրդին հայտնում ենք, որ Հայ Եկեղեցին միշտ կմնա ձեր մեծ ընտանիքը։ Ձեզ հորդորում ենք կառչած մնալ քրիստոնեական հավատքին, առանց մոռնալու, որ դուք այն մեկ ու կես միլիոն նահատակների թոռներն եք, ովքեր հարյուր ութ տարի առաջ նահատակվեցին քրիստոնեական հավատքի և հայ ինքնության պահպանման համար։ Այս իրողությունը այսօր կրկնվում է կասկածելի լռության պայմաններում։ Չարը կարող է հաղթել ճակատամարտը, բայց ի վերջո Բարին պիտի հաղթի, որովհետև մենք լույսի, հույսի, սիրո զավակներն ենք, Հիսուս Քրիստոսի հետևորդները:

     

    Հավատալով աղոթքի զորությանը, կոչ ենք ուղղում համայն աշխարհի ծայրամասերում գտնվող բոլոր եկեղեցականներին ու հավատացյալներին 2023թ. հոկտեմբերի 1-ին աղոթքներ բարձրացնել և Պատարագներ մատուցանել հոգիների անդորրության և բոլոր տեղահանվածների ապահովության համար։

     

    Վատիկան Նյուզ, Հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց