• Մարիամի Լեգեոնը՝ հայ կաթողիկէ համայնքներում

    «Ո՞վ է սա, որ ելնում է ինչպես առավոտ, եւ գեղեցիկ է ինչպես լուսին, ընտիր, ինչպես արեգակ, զարմանալի հորինված», Երգ երգոց, 10


     

    2023թ. սեպտեմբերի 22-24-ը Մայր Թերեզայի Գթության քույրերի Սպիտակի տանը տեղի ունեցավ «Մարիամի Լեգեոնի» ամենամյա  Հոգևոր կրթությունը: Հոգևոր Կրթությանը մասնակցել  են  մոտ 30 լեգեոնական  (նաև երիտասարդ լեգեոնականներ) Երևանից, Ղազանչիից, Սպիտակից  և Վրաստանի Խիզաբավրայից:  Հոգևոր առաջնորդներն էին՝ Տ. Հովսեփ Գալստյանը, Հ. Մերաբին և Հ. Սիմոն Դենարդոն:  Հոգևոր կրթության ծրագիրն իր մեջ  ներառում էր.

    -Սուրբ Պատարագ (մատուցվել է 3 անգամ հոգևոր առաջնորդների  ձեռամբ),

    -Քարոզներ՝ հետևյալ թեմաներով. «Աշխարհականների առաքելությունը», Սբ. Հովհաննես Պողոս Բ Պապի Christefideles Laici և Ֆրանցիսկոս Պապի Gaudium Evangelii շրջաբերական նամակների հիմնական ուղերձը՝ Տ. Հովսեփի բանախոսությամբ, «Լինել առաքյալ համայնքներում»՝ Հ. Մերաբիի բանախոսությամբ,   «Սիրո առաքելությունը»՝ ք. Մարինա Ջոսի ղեկավարությամբ,

    -Սուրբ Հաղորդության երկրպագություն,

    -Վարդարանի աղոթք,

    -խոստովանանք, լուռ խորհրդածություններ, խոկում,  Խաչերթ,

    -ժամերգություն

    -ֆիլմի դիտում և քննարկում

    -նոր առաքելությունների ռազմավարության ծրագրի մշակում և արդյունքների ամփոփում:

     

     Ի՞նչ է «Մարիամի Լեգեոնը»

     

    «Մարիամի Լեգեոնը» (Legion of Mary, Legio Mariae) Կաթողիկէ Եկեղեցու աշխարհական հավատացյալների միջազգային շարժում և կազմակերպություն է, որն այս պահին աշխարհում ունի մոտ 10 մլն. ակտիվ և օժանդակ անդամներ: Մարիամի Լեգեոնը հիմնադրվել է 1921թ. սեպտեմբերի 7-ին, Իռլանդիայի Դուբլին քաղաքում՝ Աստծո Ծառա Ֆրանկ Դաֆի և այլ կաթողիկէ նվիրյալ հավատացյալների կողմից՝ օգնելու Եկեղեցու ավետարանման առաքելությանը, լինելու հոգևոր դասի կողքին և աջակցելու նրանց իրենց աղոթքներով և համայնքային տարատեսակ հոգևոր ծառայություններով: Մարիամի Լեգեոնի գործունեության մասին շատ երկար կարելի է խոսել, բայց այստեղ համառոտ կլինենք՝ նշելով մի քանի ուղղություններ միայն, որոնք ընդհանուր են աշխարհի բոլոր լեգեոնականների համար.

    1.աշխատանք հոգևոր կյանքում տկար հավատացյալների հետ, որպեսզի առավել աճեն հավատքի մեջ, սա կարելի է անվանել նաև վերա-ավետարանում,

    2.ավետարանի քարոզություն՝ անհավատներին կամ անտարբերներին,

    3.մխիթարություն հիվանդներին, վշտացյալներին, դժվարին իրավիճակներում հայտնված անձանց, ընդհանուր խոսքով՝ հոգևոր և մարդկային աջակցություն բոլոր տեսակի կարիքավոր անձանց՝ բացառելով ուղղակի նյութական աջակցությունը,

    4.աշխատանք հարբեցողների, անտունների, թմրամոլների, փողոցային կանանց հետ՝ նրանց արատավոր կյանքից փրկելու նպատակով,

    5.երիտասարդական հոգևոր նախաձեռնությունների զարգացում,

    6.Սուրբ Գրքի ուսումնասիրություն,

    7.աղոթական կյանքի զարգացում,

    8.պայքար աղանդավորության դեմ,

    9.Մարիամի հանդեպ ջերմեռանդության, Վարդարանի աղոթքի տարածում և այլն:

    Մարիամի լեգեոնի առաքելական գործունեության ծավալն, իրականում, սահմանափակումներ չունի, բայց ուղղորդվում է շատ հստակ սկզբունքներով, որոնք ամրագրված են Լեգեոնի Ձեռնարկում, որի հայերեն տպագրությունը շուտով կունենանք: Լեգեոնի ամբողջ գործունեությունը կարելի է ամփոփել մեկ նախադասությամբ՝ լինել Սուրբ Կույս Մարիամի զինվորները և պայքարել չարի դեմ, տարածել Ավետարանը, Նրա մայրական միջնորդությամբ սրբանալ և օգնել ուրիշներին սրբանալ: Մարիամի Լեգեոնի համար հիմնարար են Սբ. Լուի Մարի Մոնֆորտացու «Ճշմարիտ նվիրում՝ Աստվածամորը» գրքի գաղափարները:

     

     

    Հայաստանում Մարիամի լեգեոնը առաջին անգամ հաստատվեց 2008-ին՝ Արգենտինայից Հայաստան գործուղված Բեռնարդո Դենարդոյի (այժմ՝ Հայր Սիմոն) և Երևանի հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ Հ. Պետրոս Վրդ. Եսայանի ջանքերով: 2021-ին Մարիամի Լեգեոնը ամբողջ աշխարհում տոնեց իր հիմնադրման 100-ամյակը: Մի քանի Լեգեոնականներ Հայաստանից այցելեցին Դուբլին և տեղում ծանոթացան Լեգեոնի տարաբնույթ առաքելություններին: Այժմ Հայաստանում գործում են Մարիամի լեգեոնի 6 խմբեր կամ պրեզիդիումներ՝ 2-ը Երևանում, 2-ը Սպիտակում, 2-ն էլ վերջին ամիսներին հիմնվեցին Ղազանչիում: Առաջիկայում Աշոցքի հայ կաթողիկէ համայնքներում նախատեսվում է հիմնել ևս մի քանի խմբեր՝ Սուրբ Կույսի հովանու ներքո: Աղոթում ենք, որ Մարիամի լեգեոնները առավել տարածվեն Հայաստանում, քանի որ Հայ Կաթողիկէ Եկեղեցին Հայաստանում ահռելի մեծ կարիք ունի համարձակ աշխարհական ավետարանիչների՝ առաքելական ոգով և Տիրամոր նվիրումով:

     

    Կարինե  Ջիվանյան՝ «Մարիամի Լեգեոնի» Կովկասի «Մայր Իմաստության» Կուրիայի քարտուղար

    Տ. Հովսեփ Գալստյան, Աշոցքի հայ կաթողիկէների հոգևոր հովիվ

     

     Մարիամի Լեգեոնի հիմնադիր Ֆրանկ Դաֆի և Լեգեոնի մասին մի փաստագրական ֆիլմ կարող եք դիտել այստեղ.

     

     

Օրացույց

Օրացույց