• Ավետարանի բերկրանքն առաքելական եռանդի աղբյուր է

    «Անհրաժեշտ է մարդկանց մեջ խանդավառել ողորմած սերը, որի աղբյուրը Աստվածն ու Քրիստոսի սերն է»։


    Սեպտեմբերի 20-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը ավետարանացման ու առաքելական եռանդի վերաբերյալ և խոսեց սուրբ եպիսկոպոս և միսիոներ Դանիել Կոմբոնիի (1831-1881)՝ «Աֆրիկայի մեծ առաքյալի» մասին։

     

    Նորին Սրբությունը մեջբերեց իտալացի այս սրբի խոսքերը աֆրիկյան մայրցամաքի ժողովուրդների մասին. «Նրանք տիրեցին իմ սրտին, որն ապրում է միայն իրենց համար», «ես կմեռնեմ Աֆրիկան ​​շուրթերիս»։

     

    Դանիել Կոմբոնին ապրել է XIX դարում, մի ժամանակաշրջանում, որը հայտնի է ստրկության սարսափով։ Ստրկության տեսանկյունից, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, «մարդու արժեքը հավասարեցվում է նրան, թե որքանով է մարդը ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանին օգտակար»: Սակայն Հիսուս, Ով դարձավ Մարդ Աստվա՛ծ, բարձրացրեց յուրաքանչյուրի արժանապատվությունը և բացահայտեց ստրկության կեղծիքը:

     

    Կոմբոնին հասկանում էր, որ սոցիալական ստրկության հիմքում ավելի խորը դժբախտություն կար, դա սրտի և մեղքի ստրկություն էր, որից Տերն ազատում է Իրեն հավատացողներին: Քրիստոնյաները կոչված են պայքարելու ստրկության բոլոր ձևերի դեմ, քանզի, ցավով ընդգծեց Նորին Սրբությունը, ստրկությունը, ինչպես նաև գաղութատիրությունը, հեռավոր անցյալում չեն մնացել.

     

    «Կոմբոնիի այդքան սիրելի Աֆրիկայում, որն այսօր դարձել է բազմաթիվ հակամարտությունների թատերաբեմ, քաղաքական ստրկությանը հետևեց «տնտեսական գաղութատիրությունը»։ Սա մի ողբերգություն է, որի առաջ տնտեսապես ավելի զարգացած աշխարհը հաճախ փակում է իր աչքերը, ականջներն ու բերանը: Դրա համար էլ ես նորից դիմում եմ կոչով. խեղդամահ մի՛ արեք Աֆրիկան: Դա ոչ հանք է, որը կարելի է շահագործել, ոչ էլ հող է, որ կարելի է թալանել»։

     

    Սուրբ Դանիելը, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, նվիրված էր Աֆրիկայի փրկության գործին, նա ձգտում էր միսիոներական նորոգության։ Նա ցանկանում էր, որ ամեն մի քրիստոնյա դառնար ավետարանացման դերակատար և բոլոր այն մարդիկ, ում նա դիմում էր Ավետարանի խոսքով նրա համար ոչ թե միսիոներության «օբյեկտներ», այլ «սուբյեկտներ» էին: Սուրբը ցանկանում էր բոլոր քրիստոնյաներին դարձնել ավետարանացման հերոսներ, նա աջակցում էր տեղի հոգևորականությանը և նպաստում էր կրոնուսույցների աշխարհական ծառայությանը: Նրա առաքելական եռանդը բխում էր ավետարանի ուրախությունից և հիմնված էր Քրիստոսի փրկարար սիրո վրա:

     

    Իտալացի միսիոները գրում էր. «Անհրաժեշտ է մարդկանց մեջ խանդավառել ողորմած սերը, որի աղբյուրը Աստվածն ու Քրիստոսի սերն է, եթե մարդ իսկապես սիրում է Քրիստոսին, ապա դժվարությունները, տառապանքններն ու նահատակությունը նրա համար քաղցրություն են դառնում»։ Նա ցանկանում էր, որ միսիոներները լինեին նախանձախնդիր, ուրախ և նպատակասլաց քրիստոնյաներ, սակայն ամենից առաջ լինեին խոնարհ ու մեղքից հեռու սրբեր: Նորին Սրբությունը մեջբերեց Սբ. Դանիելի նշանավոր խոսքերը. «Ես միայն մեկ կյանք ունեմ, որը կարող եմ նվիրել այս հոգիների առողջությանը, և ես կցանկանայի ունենալ հազար այդպիսի կյանքեր՝ այս նպատակին նվիրելու համար»:

     

    Ուխտավորներին ուղղված իր խոսքի ավարտին Սրբազան Քահանայապետն ասաց.

     

    «Եղբայրներ և քույրեր, Սբ. Դանիելը վկայում է Բարի Հովվի սիրո մասին, Ով փնտրում է մոլորյալին և իր կյանքը տալիս է իր հոտի համար: Նրա եռանդը էներգետիկ ու մարգարեական էր, որը հակադրվում էր անտարբերությանն ու օտարացմանը: Իր նամակներում նա դիմում էր իր սիրելի Եկեղեցուն, որը վաղուց մոռացել էր Աֆրիկայի մասին: Կոմբոնին երազում էր այնպիսի Եկեղեցու մասին, որը գործեր ի սպաս պատմության ընթացքում խաչվածների, որպեսզի հարությունը վերապրեր նրանց հետ: Նրա վկայությունը կարծես ասում է մեզ բոլորիս՝ Եկեղեցու մարդկանց. «Մի՛ մոռացեք աղքատների մասին, սիրե՛ք նրանց, որովհետև նրանց մեջ Հիսուս խաչվեց՝ սպասելով հարությանը,»: <…> Մի՛ մոռացեք աղքատների մասին, քանի որ հենց նրանք են բացելու դրախտի դռները ձեզ համար»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց