• Միմյանց ներելով՝ մենք վկայում ենք Աստծո մասին

    «Ներումը թթվածին է, որը մաքրում է ատելությամբ աղտոտված օդը»:


    Պետրոս առաքյալը հարցնում է Հիսուսին. «Տե՛ր, քանի՞ անգամ, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, պետք է ներեմ նրան. Մինչև յո՞թն անգամ» (տես՝ Մտթ. 18,21): Յոթ թիվը Աստվածաշնչի մեջ կատարելության նշան է, և իր հարցում Պետրոսը մեծ առատաձեռնություն է ցուցաբերում, պարզաբանում է Սրբազան Քահանայապետը: Սակայն Հիսուս ավելի առատաձեռն է. «Քեզ չեմ ասում, թե մինչև յոթն անգամ, այլ՝ մինչև յոթանասուն անգամ յոթը» (տես՝ Մտթ. 18,22): Այսինքն՝ Քրիստոսը կոչ է անում ներել առանց հաշվարկներ անելու, ներել ամեն ինչ և միշտ, ինչպես Աստված է ներում ու վարվում մեզ հետ։ Աստծո Ներողամտության Խորհուրդը կատարողները՝ միշտ կոչված են ներելու: «Այդ մասին հաճախ եմ ասում խոստովանողներին՝ միշտ ներե՛ք», – ընդգծեց Նորին Սրբությունը:

     

    Իր պատասխանը պարզաբանելով՝ Հիսուս առակ է պատմում, շարունակում է Սրբազան Քահանայապետը. մի տեր՝ գթալով, ներում է իր ծառայի 10 000 քանքարի պարտքը, որն իրականում հսկայական գումար էր, ըստ տարբեր գնահատականների, այն հավասար էր երկու հարյուրից մինչև հինգ հարյուր տոննա արծաթի։ Դա շատ մեծ պարտք էր, որն անհնար էր վճարել ու մարել, նույնիսկ եթե ծառան իր ամբողջ կյանքում միայն աշխատեր, սակայն տերը ներում է ծառային «մաքուր ողորմածությամբ» (տես՝ Մտթ. 18,27): Այնուհետև այդ ծառան, ում պարտքը ներվել էր, ոչ մի ողորմածություն ու գթություն չի ցուցաբերում իր ծառայակցի հանդեպ, ով իրեն ընդամենը հարյուր դահեկան էր պարտք: Սա նույնպես զգալի գումար էր, սակայն անհամեմատելի էր նախորդ գումարի, այսինքն՝ այն գումարի հետ, որն Աստված ներեց, ընդգծեց Նորին Սրբությունը:

     

    «Հիսուսի պատգամը հստակ է. Աստված ներում է առանց հաշվարկների: Նա միշտ գործում է սիրով ու անձնուրաց։ Մենք չենք կարող հատուցել Նրան, սակայն, ներելով մեր եղբորը կամ քրոջը, մենք ընդօրինակում ենք Նրան: Հետևաբար, ներումը պարզապես բարի արարք չէ, որը կարելի է անել կամ չանել, դա հիմնական պայման է իրեն քրիստոնյա համարող բոլոր մարդկանց համար: Մեզանից յուրաքանչյուրն, ըստ էության ներված է, ընդգծեց Սրբազան Քահանայապետը. Աստված հանուն մեզ տվել է Իր Կյանքը և մենք ոչ մի կերպ չենք կարողանում փոխհատուցել Նրա ողորմածությունը, որը միշտ ապրում է Աստծո սրտում: Այնուամենայնիվ, համապատասխանելով Նրա անձնուրացությանը, այսինքն՝ ներելով միմյանց, մենք կարող ենք վկայել Նրա մասին՝ նոր կյանք սերմանելով մեր շուրջը: Չէ որ առանց ներման չկա հույս, չկա խաղաղություն: Ներումը թթվածին է, որը մաքրում է ատելությամբ աղտոտված օդը, այն հակաթույն է, որը բժշկում է ոխերմության թույները, այն միջոց է զայրույթը թուլացնելու և հասարակությանը պատուհասած սրտի մի շարք հիվանդություններ բժշկելու համար»:

     

    Իր խորհրդածության ավարտին Նորին Սրբությունը կոչ է անում հավատացյալներին.

     

    «Եկե՛ք հարցնենք ինքներս մեզ, թե արդյո՞ք մենք հավատում ենք, որ Աստծուց ստացել ենք անսահման ներման պարգևը: Արդյո՞ք մենք ուրախություն ու բերկրանք ենք զգում՝ իմանալով, որ Նա միշտ պատրաստ է ներել մեր սայթաքումները, նույնիսկ ե՞րբ ուրիշները չեն ներում մեզ, նույնիսկ ե՞րբ մենք չենք կարողանում ներել ինքներս մեզ: Իսկ արդյո՞ք մենք ունակ ենք ներել նրանց, ովքեր վիրավորել ու ցավեցրել են մեզ: Այս կապակցությամբ ուզում եմ ձեզ մի վարժություն առաջարկել. եկե՛ք փորձենք հիմա: Թո՛ղ մեզանից յուրաքանչյուրը, մտածի այն մարդու մասին, ով վիրավորել է իրեն, և Տիրոջից ուժ խնդրի նրան ներելու համար։ Եկե՛ք ներենք նրան հանուն այն սիրո, որն ունենք Տիրոջ հանդեպ, որովհետև դա խաղաղություն կբերի մեր սրտերին: Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը՝ Ողորմածության Մայրը, օգնի մեզ ընդունել Աստծո շնորհը և ներել միմյանց»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց