• Ավետարանի վկայությունն ամենօրյա հույսի և համբերության մեջ է

    «Քրիստոնեական կյանքի ճանապարհով քայլելու համար պետք է սիրտը բացել Հիսուսի առաջ»:


    Օգոստոսի 30-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը ավետարանացման և առաքելական եռանդի վերաբերյալ ու խոսեց Հս. Ամերիկայի առաջին սրբադասված տեղացի սրբուհի Կատերի Տեկակվիտայի մասին:

     

    Նորին Սրբությունը հիշեցրեց, որ սրբուհի Կատերին ծնվել է 1656 թվականին, այժմյան Նյու Յորք նահանգի տարածքում, մոգավկ ցեղի առաջնորդ և ալգոնկինացի ցեղի քրիստոնյա մոր ընտանիքում, ով նրան սովորեցրել է առաջին աղոթքներն ու եկեղեցական օրհներգերը: Ավետարանացումը այսօր ևս սկսվում է հենց այդպես, ընդգծեց Սրբազան Քահանայապետը. հաճախ մայրերը կամ տատիկները փոքրիկ ժեստերով և պարզ խոսքերով առաջին անգամ իրենց երեխաներին պատմում են Աստծո մեծ ու ողորմած սիրո մասին։ Կատերի Տեկակվիտան բախվել է բազմաթիվ դժվարությունների. չորս տարեկան հասակում նա կորցրել է ծնողներին և կրտսեր եղբորը, ովքեր մահացել էին ծաղկախտի համաճարակից, իսկ նա տուժել է ֆիզիկապես, քանի որ հիվանդությունից հետո մնացել են սպիներ և առաջացել տեսողական խնդիրներ: Քսան տարեկան հասակում աղջիկն ընդունում է Մկրտության Խորհուրդը, որի պատճառով էլ ենթարկվում է հալածանքների և բախվում մահվան սպառնալիքի հետ։ Նա համբերությամբ, վստահությամբ և հույսով կրում էր ամենօրյա խաչերը, հենց սա է Ավետարանի վկայությունը, ընդգծեց Նորին Սրբությունը: Քրիստոնեական կյանքի ճանապարհով քայլելու համար պետք է սիրտը բացել Հիսուսի առաջ, Ով կօգնի հաղթահարել ցանկացած փորձություն:

     

    Քրիստոնյա դառնալուց հետո՝ Կատերին ստիպված էր ապաստան գտնել Մոնրեալի մերձակայքում գտնվող Հիսուսյանների առաքելության մեջ, որտեղ նա խոնարհությամբ ծառայում էր, որովհետև սիրով լի էր Աստծո և մերձավորի հանդեպ: Ամեն օր նա մասնակցում էր Սուրբ Պատարագին, Վարդարան աղոթում, խնամում հիվանդներին, հոգ տանում ծերերի և աղքատների մասին, երեխաներին աղոթել սովորեցնում և ապաշխարության կյանքով ապրում: Կատերին բոլորին գրավում էր իր սրբությամբ, որը բխում էր Աստծո հանդեպ ունեցած խոր սիրուց, ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    1679թ. մարտի 25-ին նա կուսության ուխտ է կատարում՝ իրեն ամբողջությամբ նվիրելով Քրիստոսին: Նրա վերջին խոսքերը մահից առաջ՝ 24 տարեկան հասակում, հետևյալն էին. «Հիսո՛ւս, ես սիրում եմ քեզ»:

     

    Ընդհանուր ունկնդրության ավարտին՝ Նորին Սրբությունը կոչ արեց հավատացյալներին հետևել այս բնիկ սուրբ հնդկացու օրինակին՝ ուժ և զորություն վերցնելով Տիրոջից.

     

    «Եկե՛ք սովորենք սովորական ու հասարակ բաներ անել արտասովոր ձևով և դրանով իսկ ամեն օր աճենք հավատքի, ողորմածության և Քրիստոսի համար նախանձախնդիր վկայության մեջ: Եկե՛ք չմոռանանք, որ մեզանից յուրաքանչյուրը կանչված է սրբության, ամենօրյա սրբության, քրիստոնեական միասնական կյանքի սրբության»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց