«Հյուրընկալության, հյուրասիրության մշակույթն այն է, երբ մարդուն տալիս ես տանիք, ապաստան, սեր ու մարդկային ջերմություն»:
Հրատարակվեց սեպտեմբեր ամսվա Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի աղոթքի դիտավորության տեսերիզը՝ նվիրված լուսանցքային պայմաններում ապրող մարդկանց, որոնց համար Նորին Սրբությունն աղոթք է հայցում, որպեսզի նրանք չմոռացվեն և չհամարվեն լքյալ:
«Ինչպե՞ս պատահեց, որ մենք հասանք անտարբերության այս աստիճանին։ Ինչպե՞ս կարող ենք թույլ տալ, որ «թափոնների մշակույթը» կառավարի մեր կյանքը, որի համաձայն միլիոնավոր մարդիկ ու կանայք տնտեսական շահույթի համեմատ ոչ մի արժեք չունեն»։ Սրանք հարցումներ են, որոնք Նորին Սրբությունն ուղղում է սեպտեմբեր ամսվա աղոթքի դիտավորության հրատարակված լսատեսողական պատգամի մեջ, որը նա նվիրել է լուսանցքային (մարգինալ) պայմաններում ապրող մարդկանց և որի ավարտին հայցում է «դադարեցնել անտեսանելի դարձնել այն մարդկանց, ովքեր գտնվում են հասարակության լուսանցքային վայրերում՝ աղքատության, հոգեկան հիվանդության, հաշմանդամության և այլ կախվածությունների պատճառով» և խնդրում է աղոթել նրանց համար։
Թափոնների մշակույթ և անտարբերություն
Սրբազան Քահանայապետն ընդգծում է, որ «փողոցում մահացող անօթևան մարդը երբեք չի հայտնվի համացանցի որոնողական համակարգերի առաջին էջերում կամ լուրերում», ապա անմիջապես հարց է տալիս «ինչպե՞ս կարողացանք անտարբերության այա աստիճանին հասնել» և «ինչպե՞ս կարող ենք թույլ տալ, որ «թափոնների մշակույթը», որի համաձայն միլիոնավոր մարդիկ ու կանայք տնտեսական շահույթի համեմատ ոչ մի արժեք չունեն»։ Ինչպե՞ս կարող ենք թույլ տալ, որ այս մշակույթը, կառավարի մեր կյանքը, մեր քաղաքներն ու մեր ապրելակերպը»։
Յոթ հարյուր միլիոն մարդ ապրում է լուսանցքային պայմաններում
Մինչ Նորին Սրբությունը վերոնշյալ խոսքերն է արտաբերում՝ տեսերիզում ցույց են տրվում անտուն մարդկանց պատկերներ ու տարբեր վայրերում ապրող կարիքավորների։
Հասարակական լուսանցքային, մարգինալ վայրերում ապրում են տարբեր տեսակի մարդիկ և ըստ ՄԱԿ-ի տվյալների նրանց թիվը հասնում է յոթ հարյուր միլիոնի, որ կազմում է աշխարհի բնակչության տասն առ հարյուրը։ Մարդիկ, ովքեր ապրում են ծայրահեղ աղքատության մեջ, պայքարում են ամեն օր իրենց հիմնական կարիքները բավարարելու համար, ինչպիսիք են առողջությունը, կրթությունը և ջրի ու բուժսպասարկման պայմանների հասանելիությունը:
Իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցների համաձայն աշխարհում յուրաքանչյուր ութ մարդուց մէկը տառապում է «հոգեկան խանգարումով», մինչդեռ աշխարհի բնակչության 16%-ը տառապում է «զգալի հաշմանդամությամբ»:
Կենտրոնանալ հյուրընկալության մշակույթի վրա
Սրբազան Քահանայապետը հաստատում է, որ եթե շարունակենք անտեսել այդպիսի մարդկանց, ապա մենք «կունենանք վզացավ»` «փորձելով մեր հայացքը միշտ ուղղել այլուր՝ իրավիճակը չտեսնելու համար»։ Նա կոչ է անում «դադարեցնել անտեսանելի դարձնել նրանց, ովքեր գտնվում են հասարակության լուսանցքի մեջ՝ աղքատության, հոգեկան հիվանդության, հաշմանդամության և կախվածություններ պատճառով», պետք է «կենտրոնանալ հյուրընկալության մշակույթի վրա»։
«Հյուրընկալության, հյուրասիրության մշակույթն այն է, երբ մարդուն տալիս ես տանիք, ապաստան, սեր ու մարդկային ջերմություն», ընդգծեց Նորին Սրբությունը և խնդրեց աղոթել.
«Աղոթենք, որպեսզի մարդիկ, ովքեր ապրում են հասարակության լուսանցքներում, անմարդկային կենսապայմաններում, չմոռացվեն հաստատությունների կողմից և երբեք թափոններ չհամարվեն»։
«Աղոթքն արդարև հայտնի է դարձնում այն, ինչը թաքնված է սրտում, այ հենց դրա համար է, որ լուսանցքային պայմաններում ապրողները պետք է տեղ գտնեն մեր աղոթքների մեջ, որովհետև նրանք Եկեղեցու սիրտն են. սիրտ, ոչ թե քարե, այլ մարմնական։ Քարե սիրտն անտեսում է։ Մարմնականը սիրտն ընկալում է», Քահանայապետի աղոթքի դիտավորության տեսերիզի հրատարակումի առիթով հաստատեց սեպտեմբեր ամսվա Մարդկային Համապարփակ զարգացման ծառայության Վերատեսչության վերատեսուչ Կարդինալ Միքայել Չեռնին՝ հավելելով, որ «աղոթքի մեջ մենք կդառնանք միակ Մարմնի անդամները»։
Քահանայապետի աղոթքի համաշխարհային ցանցը
«Քահանայապետի Համաշխարհային աղոթքի ցանցը» Քահանայապետական Հաստատություն է, որի առաքելությունն է շարժման մեջ դնել աշխարհի կաթողիկէները աղոթքի և գործունեության միջոցով՝ մարդկության և Եկեղեցու առաքելության մարտահրավերները դիմագրավելու համար։ Այդ մարտահրավերները ներկայացվում են աղոթքի դիտավորության միջոցով, որ Սրբազան Քահանայապետը ներկայացնում է յուրաքանչյուր ամսվա սկզբին:
«Քահանայապետի Համաշխարհային աղոթքի ցանցը» հիմնադրվել է 1844թ-ին, որպես Աղոթքի առաքելություն։ Այն գործում է 89 երկրներում և կազմված է 22 միլիոն կաթողիկէներից։ 2020թ-ին Նորին Սրբությունը քահանայապետական այս գործունեությանը շնորհեց Վատիկանյան Հիմնարկի հանգամանք՝ վավերացնելով նրա սահմանադրությունը։ «Քահանայապետի Համաշխարհային աղոթքի ցանցի» ընդհանուր տնօրենն է Հիսուսյան Միաբանության անդամ հայր Ֆրեդերիկ Ֆորնոսը։
Վատիկան Նյուզ, Հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը