• Հիսուս անցյալի կերպար չէ, այլ ներկայի Աստված է

    «Արդյո՞ք հավատում ենք, որ Հիսուսը ներկա է մեր կյանքում»:


    Օգոստոսի 27-ին «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց Մատթեոսի Ավետարանից վերցված մի հատվածի շուրջ (16,13-20), որում Հիսուս հարցնում է աշակերտներին. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է մարդու Որդին»:

     

    Այս հարցը մենք կարող ենք տալ ինքներս մեզ, թե ո՞վ է Հիսուս մեր ժամանակակիցների կարծիքով: Շատերը Նրան համարում են մեծ ուսուցիչ, նշանավոր անհատականություն, բարի, արդար, հետևողական, խիզախ մարդ: Սակայն այս ամենը բավարար չէ հասկանալու համար, թե ով է Նա իրականում: «Եթե Հիսուս պարզապես անցյալի կերպար լիներ, ինչպես Ավետարանում հիշատակված Հովհաննես Մկրտիչը, Մովսեսը, Եղիան և մեծ մարգարեները, ապա նա ուղղակի կլիներ անցած ժամանակների մի գեղեցիկ հիշողություն», – պարզաբանեց Նորին Սրբությունը: Սակայն Քրիստոս չի ցանկանում լինել անցյալի պատմական կերպար, Նա ցանկանում է լինել մեր օրերի գլխավոր հերոսը, Հիսուսն ուզում է լինել ոչ թե մարգարե, այլ Աստված, ով մոտ է մեզ»։

     

    Քրիստոսը ոչ թե անցյալի հիշողություն է, այլ ներկայի Աստված, շարունակեց Սրբազան Քահանայապետը: Եթե Նա պատմական կերպար լիներ, ապա մենք չէինք կարողանա հետևել Նրա օրինակին, քանի որ մենք այդ կարողությունը և միջոցները չունենք: Սակայն Քրիստոս կենդանի է. Նա ապրում է Եկեղեցում, ապրում է աշխարհում, ուղեկցում է մեզ, Իր Խոսքն ու օրհնությունն է տալիս մեզ, որը զորացնում է մեզ և լուսավորում մեր ճանապարհը։  Տերը փորձառու և իմաստուն առաջնորդ է, Նա ուրախ է մեզ ուղեկցել ամենադժվար ճանապարհներով:

     

    «Եկե՛ք չընկճվենք, եթե երբեմն քրիստոնեական կյանքի գագաթնակետը շատ բարձր է թվում, իսկ ճանապարհը՝ չափազանց զառիթափ: Եկե՛ք միշտ նայեք մեզ ուղեկցող Հիսուսին, Ով ընդունում է մեր տկարությունը, կիսում մեր ջանքերն ու Իր ուժեղ և քնքուշ ձեռքը դնում մեր թույլ ուսերին: Եկե՛ք Հիսուսի նման մենք ևս ձեռք մեկնենք միմյանց և ամրապնդենք փոխադարձ վստահությունը, որովհետև այն, ինչն անհնար է թվում, երբ մենք մենակ ենք, ապա Հիսուսի հետ այլևս այդպես չէ, Հիսուսի հետ մենք կարող ենք առաջ գնալ»:

     

    Նորին Սրբությունը կոչ արեց քրիստոնյաներին պատասխանել Տիրոջ հարցին.

     

    ««Իսկ դուք Իմ մասին ի՞նչ եք ասում, ո՞վ եմ Ես»: Այլ կերպ ասած. ո՞վ է Հիսուս մեզ համար: Հիանալի կերպա՞ր, ելակե՞տ, անհասանելի օրինա՞կ: Թե՞ Նա Աստծո Որդին է, Ով քայլում է մեր կողքին և կարող է մեզ բարձրացնել սրբության գագաթը, ուր մենք չենք կարող ինքնուրույն հասնել: Արդյո՞ք հավատում ենք, որ Հիսուսը ներկա է մեր կյանքում»:

     

    «Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ զգալ, որ Նրա Որդին ողջ է և միշտ մեր կողքին է»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց