«Ապատեղեկատվությունը լրագրության առաջին մեղքն է»։
Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը դարձել է «Սա լրագրություն է» մրցանակի դափնեկիր: Այս կապակցությամբ նա ելույթ է ունեցել իտալացի հայտնի լրագրողներից կազմված մրցանակաբաշխության պատվիրակության առջև՝ ընդգծելով, որ նա դրամական պարգևի փոխարեն լրիվ այլ բան է ուզում։
«Նույնիսկ մինչև Հռոմի Եպիսկոպոս դառնալը, – ասաց Նորին Սրբությունը, – ես հրաժարվել եմ մրցանակներից: Ես երբեք չեմ ստացել դրանք, քանի որ չեմ ցանկացել: Ես նույն կերպ վարվեցի, երբ դարձա Հռոմի Եպիսկոպոս: Սակայն կա մի պատճառ, որն ինձ դրդում է ընդունել այս մրցանակը. դա կառուցողական հաղորդակցության հրատապ անհրաժեշտությունն է, որը նպաստում է հանդիպման մշակույթին, այլ ոչ թե առճակատմանը, խաղաղության մշակույթին, այլ ոչ թե պատերազմին, ուրիշների հանդեպ բաց լինելու մշակույթին, այլ ոչ թե նախապաշարմունքների մշակույթին»:
Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ «բոլորը մեկնաբանում են ամեն ինչ», – ասաց Սրբազան Քահանայապետը, և խոսքը վերաբերում է նաև փաստերի հետ առնչություն չունեցող մեկնաբանություններին, կամ էլ այն փաստերին, որոնք հայտնվում են բուն տեղեկատվությունից առաջ։ Այս համատեքստում անհրաժեշտ է «վերադառնալ իրականության սկզբունքի առաջմղմանը, որովհետև իրականությունը միշտ ավելի բարձր է, քան գաղափարը»։
«Ապատեղեկատվությունը լրագրության մեղքերից մեկն է, իսկ այդ մեղքերը չորսն են. ապատեղեկատվություն, երբ լրագրությունը չի տեղեկացնում կամ վատ է տեղեկացնում, զրպարտություն, որը շատ հաճախ են կիրառում, անվանարկումը, որը զրպարտություն չէ, սակայն կործանարար է, և վերջապես չորրորդ մեղքը դա «կոպրոֆիլիան է», որը սերն է վարկաբեկության հանդեպ: Վարկաբեկության համար լավ են վճարում: Ապատեղեկատվությունը լրագրության առաջին մեղքն է, կամ էլ լրագրության սխալը»։
Թվային մշակույթը, շարունակեց Նորին Սրբությունը, մեզ հաղորդակցության նոր հնարավորություններ է տվել, սակայն առկա է նաև հաղորդակցությունը կարգախոսի վերածելու վտանգը։ «Օրինակ, ինձ շատ են անհանգստացնում բոլոր նրանց շահարկումները, ովքեր կեղծ լուրեր են տարածում՝ որոշակի շահեր պաշտպանելու և հասարակությանը ապակողմնորոշելու համար։ Եկ՛եք չլինենք ատելության խոսք տարածողներ»: Եվրոպայի սրտում տեղի ունեցող պատերազմի ողբերգական պահին մենք ունենք հատուկ պատասխանատվություն.
«Հուսով եմ, որ տարածություն կտրվի խաղաղության ձայներին, նրանց, ովքեր տքնաջան աշխատում են այս ու այլ հակամարտություններին վերջ տալու համար, նրանց, ովքեր չեն ընդունում պատերազմի «կայենական» տրամաբանությունը և հակառակ ամեն բանի շարունակում են հավատալ խաղաղության, երկխոսության և դիվանագիտության տրամաբանությանը»:
Այնուհետև Սրբազան Քահանայապետը պարզաբանեց, թե ինչ մրցանակ կցանկանար ստանալ փողի փոխարեն և օգնություն խնդրեց. այս ժամանակներում, երբ մարդիկ շատ են խոսում և քիչ լսում, երբ թուլանում է ընդհանուր բարօրության էությունը, Եկեղեցին փորձում է վերագտնել ու վերականգնել «միասին» բառի իմաստը և կայանալիք Սինոդի սինհոդոսականության թեման այդ միասնական ճանապարհի, խորհրդածությունների, բացահայտման դրսևորումն է։ Ամենից առաջ դա տեղի է ունենում աղոթքի միջոցով և այն չպետք է լինի «բացառիկ», երբ, օրինակ, շնորհակալություն ենք հայտնում Աստծուն, որ «ավելի լավն ենք, քան մյուսները»։
Նորին Սրբությունն ընդգծեց, որ հասականում է, թե որքան «տարօրինակ» և անհետաքրքիր կարող է թվալ հասարակության լայն շրջանակների համար «Սինոդ սինհոդոսականության մասին» թեման: Սրբազան Քահանայապետը խնդրում է «լսել և խելամտորեն քննարկել», «մեկ բառի պատճառով իրար գլուխ չկտրել»։ Սրբազան Քահանայապետը դիմելով լրագրողներին՝ խնդրեց, որ նրանք պատմեմ սինոդի գործընթացի մասին այնպես, ինչպես այն կա իրականում՝ մի կողմ թողնելով կարգախոսների և նախապես հորինված նարատիվների տրամաբանությունը։
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը