• Եկե՛ք դժվարին և ուրախ պահերին դիմենք Աստվածամորը

    «Մենք պետք է գնանք մխիթարության և ողորմության այն օազիսները, որտեղ հավատն արտահայտվում է մայրենի լեզվով»։


    Օգոստոսի 23-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը ավետարանացման և առաքելական եռանդի վերաբերյալ: Այս անգամ նա խոսեց մեքսիկացի սուրբ և Գվադալուպեի Տիրամոր ավետաբեր Խուան Դիեգոյի մասին:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ Ավետարանը Նոր մայրցամաք է հասել նախքան Սուրբ Կույս Մարիամի հայտնությունները Գվադելուպայում, սակայն ավետարանացումը «ուղեկցվել է աշխարհիկ շահերով».

     

    «Ինկուլտուրացիայի (Ավետարանը կյանքի կոչել տեղաբնիկների մշակույթում) փոխարեն նրանք հաճախ ընտրում էին փոխպատվաստման հապճեպ ճանապարհը և նախապես ստեղծված մոդելների պարտադրումը, որոնք չունեին հարգանք բնիկ ժողովուրդների նկատմամբ: Սակայն Գվադալուպեի Սուրբ Կույս Մարիամը հայտնվում է տեղի բնակիչների ավանդական զգեստներով, խոսում իրենց լեզվով, ընկալում և սիրոմ տեղական մշակույթը»:

     

    «Տիրամայրն Աստծուն հռչակում է մայրենի լեզվով։ Ավետարանը նույնպես պետք է փոխանցվի մայրենի լեզվով», ընդգծեց Սրբազան Քահանայապետը և շնորհակալություն հայտնեց բոլոր այն մայրերին ու տատիկներին, ովքեր իրենց երեխաների և թոռների առաջին ավետարանիչներն են:

     

    Նորին Սրբությունը հիշեցրեց սուրբ Խուան Դիեգո անձնավորության մասին, ով խոնարհ մարդ էր. այս հնդկացու վրա «հանգչեց Աստծո հայացքը, որովհետև Աստված սիրում է հրաշքներ գործել պարզ ու հասարակ մարդկանց միջոցով»: Մեքսիկացի սրբի անհավանական պատմությունը սկսվում է 1531 թվականի դեկտեմբերին, երբ նա 55 տարեկան էր: Մի անգամ բլրի վրա նա տեսնում է Աստվածամորը, Ով քնքշորեն իրեն է վստահում բացառիկ մի առաքելություն. գնալ տեղի եպիսկոպոսի մոտ և խնդրել, որ երևման այս վայրում տաճար կառուցի: Խուան Դիեգոն ստիպված էր մի քանի անգամ վերադառնալ՝ թերահավատ եպիսկոպոսին համոզելու համար, և ամեն անգամ Մարիամը մխիթարում և քաջալերում էր նրան՝ խնդրելով չհուսահատվել։

     

    «Ահա հենց սա էլ հռչակման դժվարությունն է», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը։ – Չնայած մեր ջանքերին ու եռանդին, անսպասելի խոչընդոտներ են առաջանում, երբեմն հենց Եկեղեցու կողմից: Ավետարանացման գործում բավարար չէ միայն լավի ու բարու մասին վկայել, անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես հանդուրժել չարը: <…> Այս երկուսը միշտ միասին են ընթանում,  այդպիսին է կյանքը: Այսօր նույնպես շատ վայրերում Ավետարանի ինկուլտուրացիան և մշակույթների ավետարանացումը պահանջում է համառություն և համբերություն: Պետք չէ վախենալ ընդհարումներից և ընկճվել»:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ հնդկացուն հավատալու և նրա խնդրանքը կատարելու համար՝ եպիսկոպոսը մեծ նշան է խնդրում։ Աստվածամայրը խրախուսում է Խուան Դիեգոյին՝ ասելով. «Մի՞թե ես՝ քո մայրը, քեզ հետ չեմ»։ Սուրբ Կույս Մարիամը հաճախ է այս խոսքերն ուղղում մեզ, երբ մենք հուսահատության, վշտի ու դժվարությունների մեջ ենք: Նա միշտ մեր կողքին է՝ մխիթարելու և առաջ գնալու ուժ տալու համար: Աստվածամայրը հրահանգում է հնդկացուն ծաղիկներ հավաքել բլրի գագաթից, փաթաթել թիկնոցով և տալ եպիսկոպոսին.

     

    «Եվ ահա, թիկնոցի վրա հայտնվում է Աստվածամոր կերպարը, արտասովոր ու կենդանի, ինչպիսին մենք գիտենք, Ում աչքերում դեռ դրոշմված են այն ժամանակվա հերոսները։ Տերն անակնկալներ է մատուցում, երբ մենք ցուցաբերում ենք պատրաստակամություն և հնազանդություն, այդ ժամանակ Նա հանկարծակի ինչ-որ անսպասելի բաներ է անում»:

     

    Ահա հենց այսպես է կառուցվել Մեքսիկայի հայտնի սրբավայրը, և Խուան Դիեգոն իր մնացած ողջ կյանքը նվիրել է ուխտավորներին ընդունելու և նրանց ավետարանելու գործին:

     

    Ընդհանուր ունկնդրության ավարտին Սրբազան Քահանայապետն ասաց.

     

    «Ահա թե ինչ է տեղի ունենում Աստվածածնի սրբավայրերում՝ ուխտագնացության և հռչակման վայրերում, որտեղ ամեն ոք իրեն զգում է, ինչպես տանը։ <…> Այնտեղ հավատքն ընդունվում է պարզությամբ, անկեղծությամբ, ամբողջ ժողովրդի առաջ, իսկ Աստվածամայրը՝ Խուան Դիեգոյին ասած իր իսկ խոսքերի համաձայն, լսում է մեր աղաղակը և բժշկում մեր վերքերն ու տխրությունը։ Եկե՛ք սովորենք մի կարևոր բան. երբ մեր կյանքում դժվարություններ են առաջանում, դիմենք Սուրբ Աստածամորը, երբ երջանիկ ենք, նույնպես գնանք Սուրբ Աստածամոր մոտ՝ մեր երջանկությամբ կիսվելու համար: Մենք պետք է գնանք մխիթարության և ողորմության այն օազիսները, որտեղ հավատն արտահայտվում է մայրենի լեզվով, որտեղ կյանքի դժվարությունները դրվում են Սուրբ Աստվածամոր գրկի մեջ և մարդը առօրյա կյանք է վերադառնում խաղաղությունը սրտին»։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց