• Եկե՛ք հաստատակամ լինենք մեր աղոթքներում

    «Արդյո՞ք մենք կարող ենք երկխոսել Տիրոջ հետ»:


    Օգոստոսի 20-ին «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Հիսուս պատասխանում է մեզ, երբ մենք համառ ու հաստատակամ աղոթքով դիմում ենք Նրան, դրա համար էլ պետք է հստակ արտահայտենք մեր հավատքը՝ փայփայելով Քրիստոսի հետ մեր անձնական հարաբերությունները։

     

    Նորին Սրբությունը խորհրդածում է օրվա ավետարանական ընթերցման շուրջ, որը պատմում է Հիսուսի և քանանացի կնոջ հանդիպման մասին: Իրադարձությունները տեղի են ունենում Իսրայելի սահմաններից դուրս. մի հեթանոս կին մեծ համառությամբ խնդրում է Հիսուսին ազատել իր դիվահար աղջկան (տես՝ Մտթ. 15,21-28), սակայն Տերն ուշադրություն չի դարձնում նրան.

     

    «Կինը համառում է, և աշակերտները խնդրում են Հիսուսին լսել նրան, որպեսզի նա այլևս չաղաղակի։ Տերը բացատրում է, որ Իր առաքելությունը միայն Իսրայելի զավակների համար է. «Լավ չէ մանուկների հացն առնել ու շներին գցել»: Խիզախ կինը պատասխանում է. «Այո՛, Տե՛ր, որովհետև շներն էլ կերակրվում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով»։ Այդ ժամանակ Հիսուս պատասխանում է նրան. «Ո՛վ կին, մեծ է քո հավատը, թող քեզ լինի՝ ինչպես որ կամենում ես»։ Եվ նրա դուստրը նույն ժամին բժշկվեց»։

     

    Մենք տեսնում ենք, որ Հիսուս փոխում է Իր վերաբերմունքը, շարունակեց Սրբազան Քահանայապետը. «Կնոջ հավատքի զորությունը ստիպեց Նրան դա անել: Այսպիսով, եկե՛ք խորհենք այս երկու հանգամանքների շուրջ՝ Հիսուսի վերաբերմունքի փոփոխությունը և կնոջ հավատքը»:

     

    «Հիսուս քարոզում էր ընտրյալ ժողովրդին: Իսկ ավելի ուշ Սուրբ Հոգին մղելու է Եկեղեցուն գնալ և քարոզել ամբողջ աշխարհում: Սակայն այն, ինչ տեղի է ունենում այստեղ, կարելի է ասել, որ կանխագուշակում էր, որի միջոցով Աստծո արարքի տիեզերական մասշտաբն արդեն իսկ դրսևորվում է այդ դրվագում», – պարզաբանեց Նորին Սրբությունը: Հիսուսի պատրաստակամությունը զարմացնում է. կնոջ խնդրանքին ի պատասխան՝ Հիսուս կանխագուշակում է Աստծո ծրագիրը: Տեսնելով տառապող մորը՝ Հիսուսը դառնում է ավելի արձագանքող և կարեկցող։ Այդպիսին է Աստված. Նա սեր է, և նա, ով սիրում է, միշտ ճկուն է և պատրաստ է փոխվել:

     

    «Սերը ստեղծարար է, և եթե մենք՝ քրիստոնյաներս, ուզում ենք ընդօրինակել Քրիստոսին, ապա պետք է պատրաստ լինենք փոփոխվելու», – կոչ արեց Սրբազան Քահանայապետը:

     

    Այնուհետև Նորին Սրբությունը խոսում է կնոջ հավատքի մասին, որը գովաբանում է Տերը՝ ասելով, որ այն «մեծ» է: Աշակերտներին «մեծ» է թվում միայն կնոջ համառությունը, սակայն Հիսուս տեսնում է հավատքի խորությունը, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը. «Այդ օտարերկրացի կինը, ամենայն հավանականությամբ, չգիտեր Իսրայելի օրենքներն ու կանոնները։ Քանանացի կնոջ հավատքը հարուստ էր արարքներով, այլ ոչ թե գաղափարներով: Նա մոտենում է, ծնկի գալիս, համառում, անկեղծ երկխոսություն ունենում Հիսուսի հետ, հաղթահարում բոլոր խոչընդոտները՝ միայն Նրա հետ խոսելու համար»: Ահա հենց սա է հավատքի կոնկրետությունը՝ Տիրոջ հետ անձնական հարաբերություններում: Քանանացի կնոջ հավատքը տարբերվում էր իր համառությամբ և ջերմեռանդ աղոթքով: Աստված չի դիմադրում, երբ մարդիկ դիմում են Նրան ջերմեռանդ աղոթքով, դրա համար էլ Նա ասում է. «Խնդրեցե՛ք, և կտրվի ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք և կբացվի ձեր առաջ» (Մտթ. 7,7)։

     

    Խորհրդածության ավարտին Նորին Սրբությունը կոչ է անում մտածել հետևյալ հարցերի շուրջ. արդյո՞ք հանուն ողորմության մենք կարող ենք փոխել մեր կարծիքն այնպես, ինչպես դա արեց Հիսուս: Արդյո՞ք ունակ ենք հասկանալ և կարեկցել դիմացինին, թե՞ կոշտ ու համառ մնում ենք մեր դիրքերում։ Ինչպիսի՞ն է մեր հավատքը: Արդյո՞ք այն չի սահմանափակվում գաղափարներով և խոսքերով, թե՞ իսկապես շնչում է աղոթքով և դրսևորվում արարքներով: Արդյո՞ք մենք կարող ենք երկխոսել Տիրոջ հետ: Արդյո՞ք մենք համառ ենք աղոթքի մեջ, թե՞ բավարարվում ենք գեղեցիկ խոսքեր արտասանելով։

     

    «Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը մեզ սրտաբաց դարձնի բարու հանդեպ և օգնի լինել գործնական հավատքի մեջ»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց