«Մարդու մեջ չարիքն ու մեղքը գրավում են այն տեղը, որտեղ ցանկանում է ապրել Աստված»:
«Կաթողիկէ Եկեղեցին դևերին արտաքսելու, դուրս հանելու հարուստ ավանդույթ ունի, սակայն, ինչպես պարզվում է, Միջնադարում հաճախ էին փորձում դևերին հեռացնել հոգեկան հիվանդներ և օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում (ՕԿԽ) ունեցող մարդկանց միջից: Ներկա ժամանակներում էկզորսիստները փորձում են հեռու մնալ հոգեկան հիվանդություններ ունեցող մարդկանցից: Արդյո՞ք մենք կարող ենք պնդել, որ գերուժը, անմարդկային ձայնը գերբնական երևույթներ են, և չենք կարո՞ղ այդ երևույթները բացատրել անձի որևէ չուսումնասիրված պահուստային հնարավորություններով կամ նրա վրա ինչ-որ բանի ազդեցությամբ»:
Հիսուս Քրիստոս եկավ մարդկանց մոտ՝ Աստծո Թագավորությունը աշխարհում և մարդկանց մեջ հռչակելու համար: Բոլոր մարդիկ էլ կարող են Աստծուն ընդունել իրենց սրտում. «Աստծո սերը սփռված է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ» (Հռոմ. 5,5): Սակայն Աստծուն ընդունելու այդ ունակությունը մթագնում է մեղքը, և երբեմն պատահում է, որ մարդու մեջ չարիքը գրավում է այն տեղը, որտեղ Աստված է ցանկանում ապրել: Հենց դրա համար էլ Քրիստոս եկավ, որպեսզի ազատի մարդուն չարի, մեղքի, սատանայի ու նրա ոգիների տիրապետությունից, որոնք ձգտում են ապակողմնորոշել մարդուն և փոխել նրա կյանքի ուղղությունը: Հիսուս հանում էր դևերին և մարդկանց ազատում չար ոգիներից, որպեսզի մարդը քայլեր դեպի փրկություն և նորից սրտաբաց լիներ Աստծո առջև, Ով Սուրբ Հոգի էր պարգևում բոլոր նրանց, ովքեր կանչված էին Իր տաճարը դառնալու համար:
Եկեղեցին այս գործողություներին մասնակցում է իր սպասավորների միջոցով, որովհետև Եկեղեցին կոչված է հետևելու Հիսուս Քրիստոսին և հենց Քրիստոսից էլ Նրա առաքելությունը շարունակելու զորություն է ստացել:
Էկզորսիզմը Եկեղեցու հատուկ, հնագույն աղոթք է, որն ազատում է սատանայի իշխանությունից: Հրապարակայնորեն և հեղինակավոր կերպով այդ աղոթքն ասելիս Եկեղեցին խնդրում է Հիսուս Քրիստոսի անունով, որ մարդն ազատվի սատանայի ազդեցությունից: Էկզորսիզմի ամենապարզ ձևը կիրառվում է Մկրտության Խորհրդի ժամանակ, իսկ այսպես կոչված մեծ էքսորսիզմը (հենց այդ տեսարանն են սովորաբար ցուցադրում կինեմատոգրաֆիայում, քանի որ այն շատ տպավորիչ ու ազդեցիկ է) կարող է իրականացնել բացառապես քահանան և միայն եպիսկոպոսի օրհնությամբ։ Այդպիսի էկզորսիզմ կատարելիս պետք է խստորեն պահպանվեն Եկեղեցու սահմանած բոլոր կանոնները։ Մեծ Էկզորսիզմ կատարելիս պետք է վստահ լինել, որ չկան հիվանդություններ, որոնք բժշկական վերահսկողության ու միջամտության կարիք ունեն և չեն ենթարկվում այն հոգևոր կանոններին ու զորությանը, որով Հիսուսը օժտել է Իր Եկեղեցուն:
Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ չար ոգիները՝ Աստծո և մարդկանց հակառակորդները, տարբեր կերպ են գործում: Բռնվածությունը, որը շատ հազվադեպ է պատահում և հանդիպում, նման ազդեցության ձևերից միայն մեկն է: Այդ ժամանակ սատանան իշխում է անձին՝ օգտագործելով նրա ֆիզիկական ուժն ու ակտիվությունը: Սակայն սատանան չի կարող տիրել մարդու կամքին, այսինքն՝ չի կարող մարդուն զրկել ազատ կամքից և ստիպել նրան մեղանչել: Այնուամենայնիվ, ֆիզիկական բռնությունը՝ դևերով բռնված մարդու նկատմամբ դրդում է նրան մեղք գործել, և հենց դա էլ ցանկանում է սատանան: Էկզորսիզմն ունի տարբեր չափանիշներ և նշաններ, որոնք թույլ են տալիս գալ այն եզրակացության, որ խոսքը բռնվածության մասին է։ Միայն այդ դեպքում էկզորսիստը կարող է սկսել մեծ էկզորսիզմի արարողակարգը:
Այդ չափանիշների ու նշանների շարքում են բազմաթիվ խոսքեր անհայտ լեզուներով և այդ լեզուների ըմբռնումը, որոշակի հեռավորության վրա տեղի ունեցող իրադարձությունների իմացությունը, սեփական տարիքին ու վիճակին ոչ բնորոշ ֆիզիկական ուժի դրսևորումը: Այս ամենի հետ մեկտեղ նկատվում են թշնամանքի բուռն դրսևորումներ Աստծո, Աստվածածնի, սրբերի, խաչի և սրբապատկերների նկատմամբ։ Անշուշտ, ինչ-որ առումով հնարավոր է նաև «դերի կատարում»։ Բացի այդ, նույն անսովոր երևույթները կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։ Օրինակ, պայծառատեսությունը կարող է լինել մարգարեական պարգև, սակայն միևնույն ժամանակ այն կարող է պատկանել ոգեհարցության ոլորտին կամ ունենալ զուտ բնական բացատրություն:
Գոյություն ունեն որոշակի չափանիշներ ու կանոններ այդ երևույթների ծագումը բացահայտելու համար: Ամեն մի դեպք ուսումնասիրելիս՝ էկզորսիստները հաշվի են առնում մարդու պատմությունն ու հոգևոր վիճակը։ Հայտնի էկզորսիստ Սանտե Բաբոլինը պնդում էր, որ բոլոր նրանցից, ովքեր դիմում են էկզորսիզմի արարողակարգ անելու համար, միայն երկու տոկոսն են սատանայով բռնված: Այսպիսով, հոգեբույժները, հոգեբանները և էկզորսիստները ունեն բավականաչափ միջոցներ բռնվածությունը «դերի կատարումից» կամ հոգեկան խանգարումից տարբերելու համար:
Էկզորսիզմի հիմքում Եկեղեցու հավատաքն է առ այն, որ գոյություն ունեն Սատանա և այլ չար ոգիներ, որոնց միակ նպատակն է մարդուն հեռացնել փրկության ճանապարհից: Ըստ Կաթողիկէ Եկեղեցու Վարդապետության, դևերը մեծ զորությամբ ու խելքով օժտված հոգևոր էակներ են: Սակայն սատանայի ուժն ու իշխանությունը անսահմանափակ չէ, քանի որ նա ընդամենը արարածներից մեկն է: Այնուամենայնիվ, լինելով մաքուր ոգի և ունենալով մեծ զորություն, Սատանան չի կարող խոչընդոտել Աստծո Արքայության հաստատմանը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը