• Սուրբ Կույս Մարիամից սովորենք ծառայել Աստծուն և փառաբանել Նրան

    «Եկե՛ք երախտագիտությամբ ու օրհնությամբ ապրենք, այլ ոչ թե անընդհատ ափսոսանք ու բողոքենք»:


    Օգոստոսի 15-ին՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը գլխավորեց «Հրեշտակ Տեառն» աղոթքի ընթերցումը և խորհրդածեց օրվա ավետարանական հատվածի շուրջ, որում Սուրբ Կույս Մարիամը գնում է «լեռնային երկիր» (Ղկ. 1,39), որպեսզի օգնի իր ազգական Եղիսաբեթին և հռչակում է Մեծացուսցեի ուրախալի օրհներգությունը: Այստեղ ամենակարևորը Նրա ծառայությունն է մերձավորին և Աստծո փառաբանությունը, ընդգծեց Նորին Սրբությունը:

     

    «Ավելին, – շարունակեց Սրբազան Քահանայապետը, – Ղուկաս ավետարանիչը Քրիստոսի կյանքը ներկայացնում է որպես վերելք դեպի Երուսաղեմ, որտեղ Նա Ինքն Իրեն զոհաբերեց Խաչի վրա, և նույն կերպ էլ նկարագրում է Մարիամի ճանապարհորդությունը: Հիսուսն ու Մարիամը քայլում են նույն ճանապարհով. երկու կյանքեր, որոնք վեր են բարձրանում փառաբանելով Աստծուն և ծառայելով իրենց եղբայրներին ու քույրերին, երկու կյանքեր, որոնք հաղթում են մահին և հարություն առնում, երկու կյանքեր, որոնց գաղտնիքը «ծառայություն ու փառաբանությունն է»: Նորին Սրբությունը հատուկ ընդգծեց ծառայությունն ու փառաբանություն» բառերը:

     

    Մենք բարձրանում և ավելի հասուն ենք դառնում միայն այն ժամանակ, երբ խոնարհվում ենք մեր եղբայրներին ու քույրերին ծառայելու համար. հենց սերն է, որ կյանքն ավելի արժեքավոր է դարձնում, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Սակայն ծառայելն այնքան էլ հեշտ չէ. Աստվածամայրը, Ով նոր էր հղիացել, անցնում է գրեթե 150կմ ճանապարհ՝ Նազարեթից Եղիսաբեթի տուն հասնելու համար: Մերձավորին օգնելն ու ծառայելը պահանջում է շատ ուժ, համբերություն, հոգատարություն, ժամանակ։ Դա հոգնեցուցիչ է, սակայն հենց դա է բարձրացումն ու վերելքը:

     

    Ծառայությունը կարող է անպտող լինել, եթե չկա Աստծո փառաբանություն, շարունակեց Նորին Սրբությունը. «Մտնելով իր զարմուհու տուն՝ Մարիամը փառաբանում է Տիրոջը: Նա չի խոսում ճամփորդությունից իր հոգնածության մասին, այլ ի սրտե ուրախությամբ հռչակում է Աստծուն, որովհետև նա, ով սիրում է Աստծուն, գիտի նաև Նրան փառաբանել:

     

    Այսօրվա ավետարանական ընթերցման մեջ մենք տեսնում ենք իսկական փառաբանություն. Տիրոջը փառաբանող ողջյունի ձայնից մանուկը ցնծած Եղիսաբեթի որովայնում: Մարիամը հռչակում է Մեծացուսցեի ուրախալի օրհներգությունը (տես՝ Ղկ. 1,46-55), ընդգծեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Փառաբանությունն ավելացնում է ուրախությունը։ Փառաբանությունը սանդուղքի նման բարձրացնում է սրտերը։ Փառաբանությունը բարձրացնում է ոգին և հաղթահարում ընկնելու գայթակղությունը: Եկե՛ք ամեն օր փառաբանենք Աստծուն: Եկե՛ք երախտագիտությամբ ու օրհնությամբ ապրենք, այլ ոչ թե անընդհատ ափսոսանք ու բողոքենք: Եկե՛ք միշտ դեպի վերև նայենք ու չընկճվենք»:

     

    Նորին Սրբությունը կոչ արեց խորհել հետևյալ հարցերի շուրջ. արդյո՞ք մենք ծառայության ոգով ենք ապրում: Արդյո՞ք մենք կարող ենք փառաբանել: Արդյո՞ք մենք անշահախնդիր ենք բարիք գործում՝ չմտածելով վայրկյանական օգուտի ու շահի մասին։ Արդյո՞ք մենք Մարիամի նման ուրախանում ենք Աստծո համար, աղոթու՞մ ենք՝ օրհնաբանելով Տիրոջը: Փառաբանելով Նրան՝ արդյո՞ք մենք տարածում ենք Նրա ուրախությունն այն մարդկանց վրա, ում հանդիպում ենք:

     

    Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետը հայցեց Տիրամոր օգնությունը. «Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը, Ով համբարձվեց  երկինք, օգնի մեզ ամեն օր վեր բարձրանալ սրբության մեջ՝ ծառայության և փառաբանության միջոցով»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց