• Կանչեք և ողջունեք Տիրոջը կյանքի փոթորիկների ժամանակ

    «Մեր կյանքի խավար պահերին Տերը գալիս է մեզ ընդառաջ»:


    Օգոստոսի 13-ին «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց առաքյալներին ուղղված Տիրոջ կանչի շուրջ. նրանք չպետք է վախենան, որովհետև Ուսուցիչը միշտ ուղեկցում է նրանց և պատրաստ է փրկել հանդիպական քամիներից և փոթորկոտ ջրերից, որոնք կյանքն է իր հետ բերում:

     

    Դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված ուխտավորներին՝ Նորին Սրբությունը մեկնաբանեց օրվա ավետարանական ընթերցումը: Այդ հատվածում պատմվում է այն մասին, թե ինչպես է Հիսուս գիշերով Գալիլեայի լճի ջրերի վրայով քայլում դեպի նավակի մեջ նստած աշակերտները, որին այս ու այն կողմ էր տարուբերում ուժեղ հանդիպական քամին և փոթորկոտ ջուրը:

     

    Հիշեցնելով Քրիստոսի հորդորը աշակերտներին՝ գնալ Իրենից առաջ և նավով անցնել լիճը, Սրբազան Քահանայապետը պարզաբանում է, որ Ավետարանում նկարագրված այս հրաշքն օգնում է առաքյալներին ընկալել ամենակարևոր փաստը. Տերն է ամեն ինչի տիրակալը: Նա միշտ հաղթահարում է անախորժություններն ու չարիքը, որոնք վախեցնում և կաշկանդում են:

     

    Այն ժամանակներում մարդիկ վախով էին նայում ջրի հսկայական տարածություններին, հատկապես փոթորկոտ եղանակին, քանի որ այդ անդունդները խորհրդանշում էին անդրաշխարհի քաոսն ու խավարը, պարզաբանեց Նորին Սրբությունը: Դրա համար էլ աշակերտները վախեցան, երբ ուժեղ հանդիպական քամու ժամանակ փոթորկոտ ծովում տեսան Հիսուսին՝ ջրերի վրայով քայլելիս և որոշեցին, որ դա ուրվական է:

     

    Տիրոջ պատասխանը. «Սրտապնդվեցե՛ք, ես եմ, մի՛ վախեցեք», ցույց է տալիս, որ Տերը վեր է այս բոլոր դժբախտություններից և հենց դրա շնորհիվ է «Նա մեր փոխարեն և մեզ համար ոտնահարում թշնամիներին», ինչպիսիք են մահը, մեղքը, սատանան: Քրիստոս մեզ քաջալերվելու կոչ է անում, քանի որ Նա մեզ հետ է, մենք մենակ չենք կյանքի բուռն ջրերում, շարունակեց Սրբազան Քահանայապետը։ Երբ կյանքի փոթորիկները հարվածում են մեզ, մենք նույնպես, ինչպես աշակերտները, պետք է աղաղակենք Տիրոջը և ընդունենք Նրան:

     

    Ընդունելով Իրեն մոտենալու Տիրոջ հրավերը՝ Պետրոս առաքյալը սկսեց սուզվել ջրի անդունդում և աղաղակեց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ». Նորին Սրբության խոսքերի համաձայն, մենք պետք է հաճախ կրկնենք այս գեղեցիկ աղոթքը, որովհետև «այն արտահայտում է մեր վստահությունը Աստծո փրկության հանդեպ, Քրիստոս հաղթում է մեր վախերին ու չարին»: Սրբազան Քահանայապետը կոչ արեց բոլոր ուխտավորներին իր հետ միասին երեք անգամ աղոթել Պետրոս առաքյալի խոսքերով.

     

    «Եկեք և մենք կրկնենք այս աղոթքը, հատկապես, երբ «փոթորկում է». Տե՛ր, փրկի՛ր ինձ»:

     

    Փոթորկոտ ծովերի և քամիների միջով նավարկելը, որոնք այս ու այն կողմ են տարուբերում մեր կյանքի և Եկեղեցու նավակը, մարտահրավեր է, որը մենք բոլորս պետք է ընդունենք, պարզաբանեց Նորին Սրբությունը: Քրիստոս հորդորում է աշակերտներին ընդունել դժվարությունները, որովհետև քրիստոնյաները պետք է հավատան Նրա ներկայությանն ու օգնությանը, այն բանին, որ դժվարությունները դառնում են փրկություն և Հիսուսին հանդիպելու հնարավորություն:

     

    «Մեր կյանքի խավար պահերին Տերը գալիս է մեզ ընդառաջ՝ խնդրելով ընդունել Իրեն, ինչպես այդ գիշեր՝ ջրի վրայով քայլելիս»:

     

    Իր խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետը կոչ արեց հավատացյալներին մտածել հետևյալ հարցի շուրջ. ինչպե՞ս ենք մենք արձագանքում վախին, արդյո՞ք փորձում ենք ինքնուրույն հաղթահարել, թե՞ Տիրոջն ենք օգնության կանչում: Արդյո՞ք հավատում ենք, որ Հիսուս ավելի զորեղ է, քան դեպի մեզ եկող ալիքներն ու քամիները: Արդյո՞ք ամեն մի իրավիճակում Տերը մեր կյանքում է: Արդյո՞ք մեր կյանքի նավակում ազատ տեղ կա Տիրոջ համար և Նրան կհանձնե՞նք ղեկը:

     

    «Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը, ծովերի Աստղը, օգնի մեզ մութ անցարաններում փնտրել Հիսուսի լույսը»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց