«Տե՛ր, Քո անասելի տառապանքների շնորհիվ ես կարող եմ հավատալ սիրուն»։
Պորտուգալիա կատարած առաքելական այցի ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը օգոստոսի 4-ին Լիսաբոնի «Parque Eduardo VII» պարտեզում գլխավորեց Ճանապարհ Խաչի ջերմեռանդական արարողությունը։ Նորին Սրբությունն իր խոսքն ուղղեց 800.000 երիտասարդ ուխտավորներին՝ ընդգծելով, որ Հիսուսն է «ճանապարհը» (Հվհ. 14,6):
Իր երկրային կյանքի ընթացքում Հիսուս քայլում էր, բժշկում հիվանդներին, հոգ տանում աղքատների մասին, պաշտպանում արդարությունը, քարոզում և ուսուցանում, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Սակայն դեպի Գողգոթա Քրիստոսի ճանապարհն է ամենից խորը դրոշմվել մեր սրտերում, և այսօր մենք աղոթքով կրկին կքայլենք Խաչի ճանապարհով՝ նայելով մեր կողքով քայլող Հիսուսին, ասաց Նորին Սրբությունը: Հիսուսի ճանապարհը ներկայացնում է «Աստծուն, ով դուրս է գալիս հենց Ինքն Իրենից», որպեսզի ապրի ու քայլի մարդկանց մեջ, որովհետև մեր հանդեպ ունեցած սիրո շնորհիվ «Խոսքը մարմին դարձավ և բնակվեց մեր մեջ»:
Խաչը, որն ուղեկցում է ամեն մի Երիտասարդության համաշխարհային օրվան, Աստծո այս ճանապարհի սրբապատկերն է: «Խաչը մեծագույն սիրո ամենամեծ իմաստն է», որով Հիսուս ցանկանում է ողջագուրել մեզանից յուրաքանչյուրին, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Տերը քայլում է այդ ճանապարհով, որպեսզի իր կյանքը տա մեզ համար, քանզի, Նրա խոսքերի համաձայն, «չկա ավելի մեծ սեր, քան երբ որևէ մեկն իր կյանքը զոհում է ընկերների և ուրիշների համար»: Ուստի, երբ մենք նայում ենք Խաչյալին, Նրա դաժան տառապանքներին, տեսնում ենք սիրո գեղեցկությունը, որն իրեն զոհում է մեզանից յուրաքանչյուրի համար:
Նորին Սրբությունը մեջբերեց խորապես հավատացյալ մարդու մի արտահայտություն. «Տե՛ր, Քո անասելի տառապանքների շնորհիվ ես կարող եմ հավատալ սիրուն»։ Հիսուս քայլում է մեր կողքով և հույս ունի, որ Իրեն կտեսնենք, կբացենք մեր սրտերի փեղկերը և ուրախությամբ ներս կհրավիրենք:
Սրբազան Քահանայապետը խնդրեց երիտասարդներին, որպեսզի իրենք իրենց տան հետևյալ հարցը. «Արդյո՞ք մեր կյանքում կա որևէ բան, որը ստիպում է մեզ լաց լինել»: Քրիստոս մեզ հետ լաց է լինում, քանի որ «Նա մեզ ուղեկցում է խավարի մեջ, որը դեպի լաց է տանում»: Նա մեծ քնքշությամբ սրբում է մեր արցունքները և Իր մոտիկությամբ փարատում մեր մենակությունն ու վախերը: Նա խրախուսում է մեզ չվախենալ և միշտ հանուն սիրո խիզախել, որովհետև Տերը մեր ողջ կյանքի ընթացքում քայլում է մեր կողքին:
Այսօր Հիսուսի հետ միասին մենք քայլում ենք Նրա տառապանքների, մեր տագնապների ու մենակության ճանապարհով, ընդգծեց Նորին Սրբությունը.
«Հիսուս գնում է դեպի Խաչը, Նա մահանում է խաչի վրա, որպեսզի մեր հոգիները կարողանան ժպտալ»։
Խաչի ճանապարհին ԵՀՕ մասնակից 50 երիտասարդներ՝ 21 երկրներից, արտահայտեցին ներկայիս երիտասարդությանը բնորոշ վախերն ու անհանգստությունները: Նոր սերունդների ապագային սպառնում են ֆինանսական միջոցների, աշխատանքի ու կրթության սղությունը, նրանց անհանգստացնում են պատերազմները, ահաբեկչական հարձակումները, բնական ռեսուրսների շահագործումը և սովը: Երիտասարդությունը վախենում է թմրամոլության, պոռնոգրաֆիայի, ալկոհոլիզմի գործող ցանցերից, տառապում է ամուսնական բռնության, ընտանեկան խնդիրների և դեպրեսիայի պատճառով: Երիտասարդության համաշխարհային օրվա մասնակիցներն իրենց խոչընդոտներով լի ճանապարհը վստահեցին Քրիստոսին, Ով իր վրա է վերցրել մեր տկարությունները և միշտ մեր կողքին է։
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը