«Սրբազան Պապը ապրիլի 12-ին ոչ մէկին չի՛ վիրաւորել».Ներսէս Պետրոս ԺԹ-ի մեկնաբանութիւնը
16 ապրիլի, 2015թ.
Ըստ լեհական Niedziela պարբերականի հրապարակման, Ամենապատիւ Հոգեւոր Տէր Ներսէս Պետրոս ԺԹ-ը Agenzia Fides գործակալութեան հետ հարցազրոյցի ժամանակ պարզաբանել է Սրբազան Քահանայապետի դիրքորոշումը՝ Հայոց Ցեղասպանութեան եւ Թուրքիայի առնչութեամբ: «Թուրքիայի կառաւարութեան ռազմաւարութիւնը, որը խուսափում է խօսել Հայոց Ցեղասպանութեան մասին, դատապարտուած է ձախողման, այդ պատճառով էլ դիւանագիտական արձագանքները այդքան սուր են».ասել է Հոգեւոր Տէրը: Ըստ նրա, Քահանայապետի խօսքերը թելադրուած էին իր խղճի ձայնով, նա կրկնեց այն, ինչ ասել էր երկու տարի առաջ, ուստի ոչ ոք չի կարող լռեցնել Պապի խղճի ձայնը:
Հոգեւոր Տէրը կամայական մեկնաբանութիւններ է համարել ապրիլի 12-ին Սբ. Պատարագին ներկայ թուրք լրագրողների տարածած տեղեկատւութիւնը, ըստ որի, իբր Պապը թշնամանք է տածում ոչ միայն Թուրքիայի, այլեւ ամբողջ իսլամական աշխարհի հանդէպ: Ակնյայտ է այսպիսի լուրերի նպատակայնութիւնը.այնպէս չէ, որ Պապը հայերի կողմն է եւ թուրքերին դէմ է, Պապը ո՛չ մէկի դէմ չէ, շեշտել է Ներսես Պետրոս ԺԹ-ը: Նա յիշեցրել է, որ Քահանայապետը 2014թ. նոյեմբերին Թուրքիա այցելութեան ժամանակ ասել էր, որ Թուրքիան սկսել է երկխօսութեան եւ հաշտութեան ճանապարհը եւ Թուրքիան համարել կամուրջ՝ Մերձաւոր Արեւելքի եւ Եւրոպայի միջեւ:
«Հարկ է միայն աւելի ուշադիր լինել Պապի արտայայտութիւններին, որոնք նա օգտագործում է նաեւ նացիզմի եւ ստալինիզմի ոչնչացման քաղաքականութեան մասին».ասել է նա եւ բացատրել, որ Սրբազան Պապը մարդկայնութեան զգացումի մասին է խօսում, որը բոլորը պէտք է կիսեն: Անցեալի դաժանութիւնների յիշողութիւնն ու դատապարտումը կարող են կանխել նոր դաժանութիւնները, որոնք լինում են աշխարհի տարբեր անկիւններում:
Պապին յանիրաւի են մեղադրում հակաիսլամիզմի մէջ, որովհետեւ նա մտածում է ամբողջ աշխարհի մասին, բոլոր տառապեալների, աղքատների, հիւանդների մասին՝ բոլոր երկրներում եւ կրոններում, նա արտայայտում է ողջ մարդկութեան խիղճը՝ ընդդէմ հակամարտութիւնների եւ բռնութիւնների: Պապը երբեք խտրականութիւն չի դնում մարդկանց տառապանքի միջեւ, ինչպէս երեւում է Մերձաւոր Արեւելքի մասին նրա խօսքերում, շեշտել է Հոգեւոր Տէրը: